
«Նախկիններ-ներկաներ» տարանջատման տրանսֆորմացիան․ նոր իրականություն

Առաջիկա արտահերթ հնարավոր կամ հերթական ընտրություններից առաջ կրկին քաղաքական դիսկուրսում հայտնվել են ծանոթ կաղապարները, որոնցով, ի թիվս այլ մանիպուլյացիաների, մերձիշխանական քարոզչությունն ապահովում է փաշինյանական իշխանության ամրությունը։
Այդ կաղապարներից ամենատարածվածը «նախկիններ-ներկաներ» տարանջատումն է, որը, թեև ոչ առաջվա նման, այդուհանդերձ որոշակիորեն ազդում է առավելապես էմոցիոնալ չափումներով դատող զանգվածների վրա։
Քանի որ խոսքը փոխադարձ հայհոյախոսության մեջ կիրառվող կաղապարի մասին է, ո՛չ կիրառողները, ո՛չ էլ ունկնդիրները չեն խորանում երևույթի ոչ մակերեսային շերտերի մեջ և երբեմնի արդարացված իներցիայով շարունակում են հանրության մանիպուլյացիան։
Իրականությունն այն է, սակայն, որ «նախկին-ներկա» տարանջատումը, որ այդքան կենսունակ էր 2018թ. ու հաջորդող երկու տարիներին, այն ժամանակվա իմաստով ու տեսքով՝ այլևս ամբողջությամբ, հիմնավորապես վերափոխվել է ու ներկայանում է միանգամայն այլ դրսևորմամբ։ «Նախկին-ներկա» տարանջատումն իրականում այսօրվա Հայաստանում շատ ավելի առարկայական է, շատ ավելի իմաստալից ու շատ ավելի ջրբաժանային է, քան 2018-ին ու դրանից հետո։
Բայց խոսքը ոչ թե նախկին ու ներկա իշխանությունների պարզունակ ու ակնհայտ տարբերակման, այլ Հայաստանի, հայկական իրականության խորքային տարանջատման ու դրա արդյունքում՝ երկու հակադիր բևեռներում հայտնված պարզ մարդկանց, քաղաքացիների մեծ խմբերի, զանգվածների մասին է։ Այդ տարանջատումը տեղի է ունեցել 2020թ. ողբերգական պատերազմից հետո։ Դրա արդյունքում՝ սկզբում Հայաստանի, իսկ 2023–ի սեպտեմբերից՝ արդեն նաև Հայաստան բռնի տեղահանված Արցախի քաղաքացիները բաժանվել են երկու մեծ խմբի՝ մարդիկ, ովքեր չեն հաշտվում նախկին իրականության կորստի ու դրա արդարացման հետ, և նրանք, ովքեր կամ հաշտ, կամ առնվազն անտարբեր են Արցախի հանձնման, «Արցախից ձերբազատված իրական Հայաստանի պայծառ ապագայի» նկատմամբ։
Տվյալ դեպքում խոսքը տասնյակ կամ հարյուր-հազարավոր պարզ մարդկանց մասին է, որոնց շարքում, ընդ որում, երկու կողմերում էլ՝ կարող են լինել և վստահաբար կան՝ ինչպես նախկին իշխանության ներկայացուցիչներ, այնպես էլ՝ այս կամ այն պատճառով դեռևս գործող իշխանությանը մաս կազմողներ։ Այս տարանջատմամբ նախկիններին միավորում է ոչ թե կոռուպցիան, այլ Արցախի մասին հիշողությունը, հազարավոր զոհերի համար չսպիացող ցավն ու արժանապատիվ պետություն ունենալու՝ ամեն օրվա հետ անիրական դարձող ցանկությունը։
Եվ հակառակը՝ այս նույն տարանջատմամբ ներկաների խմբին, որում պարտադիր չէ, որ լինեն միայն ուսապարկերն ու նորահարուստները, միավորում է անտարբերությունը պատմական և ոչ վաղ անցյալի հիշողության նկատմամբ, այսօրոպեական կյանքի հաճույքը՝ առանց ազգային ու պետական արժանապատվության։
Այս գլոբալ տարանջատմամբ նախկինները հայրենիքի զգացողություն ունեցողներն են, մինչդեռ ներկաներին միավորողը անհայրենիքությունն է, շատերի դեպքում՝ հնարավոր է՝ չգիտակցելով կամ հայրենիքի մասին իշխանական քարոզչության զոհը դառնալով։
Ահա այս իմաստով առաջիկա բոլոր ընտրությունները լինելու են պայքար նախկինների և ներկաների միջև, եթե անգամ այդ ընտրություններին չմասնակցի նախկին իշխանության որևէ ներկայացուցիչ, և եթե անգամ ուսապարկերի գործող ցուցակում գրված լինեն այսօրվա անհայրենիքությունը դավանողների միանգամայն նոր անուններ։
Իշխանություններին, բնականաբար, ձեռնտու է, որպեսզի նախկինների ու ներկաների տարանջատումը շարունակի գործել, բայց ոչ թե նախկին ու ներկա Հայաստանների, այլ պարզունակ՝ հին ու նոր իշխանությունների տարբերակման իմաստով։
Հարություն Ավետիսյան