
«Փաշինյանն այնքան հանցագործություններ է կատարել hայ ժողովրդի և Հայաստանի դեմ, որ ունի 2 ճանապարհ». Գագիկ Համբարյան
ՇՊՀ դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանն այն կարծիքին չէ, որ Գյումրիում տեղի ունենալիք ընտրությունները համապետական ընտրություններից առաջ ճակատամարտ է, որտեղ քաղաքական ուժերը պետք է դրսևորվեն:
«ՏԻՄ ընտրությունները միշտ տարբերվել են համապետական ընտրություններից: Եթե ՏԻՄ ընտրություններում իքս քաղաքական ուժը ներկայացնում է այնպիսի թեկնածուի, որը կոնկրետ Գյումրիում ընդունված է, հարգված է, և հաղթանակ է տանում, դա դեռ չի նշանակում, որ համապետական ընտրությունների ժամանակ նույն արդյունքը կլինի, այդ քաղաքական ուժը հաղթանակ կարձանագրի, եթե այդ մարդուն ընդգրկի իր նախընտրական ցուցակ: Նույնն էլ՝ հակառակը: Օրինակ՝ 2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Փաշինյանը հաղթանակ տարավ Գյումրիում, բայց ամիսներ անց տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանի սիրելի քաղաքական ուժը երկրորդ տեղը զբաղեցրեց՝ պարտվելով Բալասանյան դաշինքին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Գագիկ Համբարյանը զարմացած է Գյումրիի քաղաքապետի գործող ժամանակավոր պաշտոնակատարի թիմակիցների «անմեղսունակ» արձագանքից՝ կապված պրոդյուսեր, ռեժիսոր, գործարար, հանրային գործիչ Ռուբեն Մխիթարյանի հետ, որը հայտարարել է Գյումրու ավագանու առաջիկա ընտրություններին մասնակցելու և որպես Գյումրու քաղաքապետի թեկնածու առաջադրվելու մասին:
«Նրանց մեծ մասը ժամանակին իրենց հրճվանքն ու գոհունակությունն էին արտահայտում իմ հարցազրույցների և գրառումների մասով, իսկ հիմա դարձել են ՔՊ-ական: Նրանք Ռուբեն Մխիթարյանին կարող էին արձագանքել նույն հումորով, բայց ոչ հայհոյանքներով: Ռուբեն Մխիթարյանը գյումրեցի է, շատ հայտնի ընտանիքից՝ հայրը դասախոս է: Շատերն են նրան ճանաչում, բայց գրում են՝ իբր երևանցի է: Այդ գրառում անողներից մեկն էլ Ռուբեն Մխիթարյանի բարեկամն էր: Եվ շատ զարմանալի է, որ այդ մարդը, որը Ռուբենին ճանաչում է ի ծնե, նրան ներկայացնում է՝ որպես երևանցի: Այս տեղայնական շովինիզմի կողմնակիցներին հիշեցնեմ մեկ կարևոր փաստ՝ թող Ռուբենի իբր գյումրեցի չլինելու մասին խոսելու փոխարեն՝ անդրադառնան Սարիկ Մինասյանի մտերիմ ընկերոջը՝ Սովրանոյի Արմանին»,- շեշտեց նա:
Գագիկ Համբարյանն ամբողջությամբ համաձայն է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարության հետ, որ մոտ ապագայում Նիկոլ Փաշինյանը շատ արագ կոշիկները փոխելու է, զանգելու է ՌԴ նախագահին և, ասես բան չի պատահել, սկսելու է կենացներ ասել հայ-ռուսական դարավոր բարեկամության մասին.
«Նրա ուշքն ու միտքն իշխանությունը պահելն է: Նա այնքան հանցագործություններ է կատարել հայ ժողովրդի և Հայաստանի դեմ, որ ունի 2 ճանապարհ. Կա՛մ ինքը պետք է ծառայի աշխարհի ուժեղներից մեկին, ով ինչ-որ ժամանակահատվածում կտիրի այս տարածաշրջանին, կա՛մ Նիկոլը պետք է ոչնչացնի ՀՀ-ն, որպեսզի չլինի մեղավոր հանցագործությունների մեջ: Չկա զոհը՝ չկա մեղավորը, վերջ»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում