Հերի՛ք է պատերի տակ խոսեք. Արցախի պաշտոնյաներ Կամո Վարդանյան, Կարեն Սարգսյան, մյուսներ, ասելիք չունե՞ք, նորմա՞լ է, որ այն երկիրը, որը ձեր հայրենիքն եք համարում, Փաշինյանը հանձնել է, ու դուք ձայն չեք հանում. Տիգրան Աբրահամյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության քարտուղար, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ Տիգրան Աբրահամյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Մի բան շատ հստակ է, որ այս իշխանության բոլոր քայլերը տեղավորվում են նախընտրական ժամանակահատվածի տրամաբանության ներքո։ Դրա համար դրա ազդեցությունը նաև 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի հրապարակման ժամկետների վրա ակնհայտ է։ Խճճվել են իրենց կեղծիքների մեջ, դրա համար չեն հրապարակում այդ զեկույցը: Սկզբում հայտարարվեց, որ Քննիչ հանձնաժողովի այդ զեկույցը պետք է հրապարակվի 2024թ. հոկտեմբերին, ապա՝ դեկտեմբերին, հիմա էլ ասում են՝ գարնանն են հրապարակելու: 
  • Օնիկ Գասպարյանին ես ինքս շատ հարցեր ունեմ, բայց չէի ցանկանա, որ նրա ու մյուսների դատավարությունն ընթանար այս իշխանության ներքո։ Սա պետք է քննվի այնպիսի իշխանության ժամանակ, ովքեր մեղսակցություն չունեն այս պատերազմի պարտության մեջ։ 
  • Այսօր բարձրաստիճան զինվորականներ կան, որոնք կարևոր դերակատարում և լիազորություններ են ունեցել, ում անվան շուրջ հասարակության շրջանում բացասական երանգավորում չկա, բայց նրանք վախենում են խոսել, լուռ հարմարված նստած են։ Ավելի ճիշտ, ոչ թե չեն խոսում, այլ պատերի տակ են խոսում։ Նրանք շարժվում են այն ճանապարհով, որ ընդդիմության հետ կապ չպահեն, որ հանկարծ չթիրախավորվեն իշխանությունների կողմից։ Սա սխալ ճանապարհ է, որովհետև երբ այս իշխանությանը պետք եղավ, բոլորի հետևից էլ գնալու են, բոլորին էլ ձերբակալելու են՝ անկախ նրանից՝ կապ պահե՞լ են ընդդիմության հետ, թե՞ չէ։ Ու այն, որ հիմա նրանցից ոմանք իշխանության հետ կապ են պահում, որոշների հետ մտերմություն են անում, ոմանց հետ՝ անգամ բիզնես, չի՛ փրկելու նրանց։

Կարդացեք նաև

Ցավոք, երբ սկսվեց առնետավազքը, պարզվեց՝ ժամանակին հանրության մեջ հարգված զինվորականները հողից շատ փողն են սիրում։ Ու սկսեցին գործել միայն սեփական կարողությունը պահպանելու ու չազատազրկվելու համար։ Ճշմարտությունը չասելը ոչ միայն անբարոյական է, այլև նրանք ոչնչով չեն տարբերվում Նիկոլից։ Ես շատ բան եմ տեսել, տեսել եմ, թե ինչպես են որոշ մարդիկ, ովքեր մինչև 2018թ. մեծարում էին Սերժ Սարգսյանին, տարբեր կապեր փնտրում նրա ու նրա ընտանիքի անդամների հետ, ցույց տալիս, որ մտերմություն ունեն, երբ իրականում չունեին էլ, ինչպես թռան հակառակ ճամբար։ Խոսքը վերաբերում է  նաև արցախյան տարբեր ազդեցիկ դեմքերին։ Այն մարդիկ, ովքեր թե՛ այստեղ, թե՛ Արցախում խոցելի էին դարձնում մեր իշխանությունը, հետաքրքիր զուգադիպությամբ՝ 2018թ հայտնվեցին Նիկոլի շրջապատում։ Պետք է հիասթափեցնեմ նրանց ոչ միայն մենք ենք իրենց հիշում, այլև Փաշինյանի իշխանությունը, ու նրանք, ի վերջո, հայտնվելու են այնտեղ, որտեղ և պիտի լինեն։ 

  • Արցախում տարբեր անընդունելի բարքերից օգտվեց ընդամենը 150-200 մարդ, բայց Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այնպես արեց, որ դա պրոյեկտվի ողջ Արցախի վրա, ու մարդիկ ասեն՝ փողերը տվեցինք Արցախին, կերան… և ատելություն սերմանեն արցախցիների հանդեպ: Սա անթույլատրելի է:
  • Այնպես չէ, որ Հայաստանի գումարներն անվերադարձ էին տրվում Արցախին։ Թող իզուր չմոլորեցնեն հանրությանը: Հայաստան-Արցախ պայմանական սահմանի վրա չմաքսազերծվող ապրանքները ձևակերպվում ու հետ էին գալիս բյուջե։
  • Արցախում մարդիկ զրկվեցին ամեն ինչից, տնից, տարիների իրենց քրտինքով, աշխատանքով ստեղծած ունեցվածքից, անգամ իրենց հագի շորերից, ու Արցախի հանձնումից հետո Հայաստան գալով՝ հանկարծ տեսան, որ այստեղ կան արցախցիներ, ովքեր իրենց հետ 200-300 միլիոն դրամ փող են բերել ու այստեղ ամեն ինչ ունեն։ Բնական է, որ լարվածություն պիտի սկսվեր, բայց մարդիկ, օրինակ, չգիտեն, որ 200-300 միլիոն դրամ փող իրենց հետ բերած այդ մարդիկ բոլորը կապ ունեն նիկոլական իշխանության հետ։ Հետևանքը եղավ այն, որ հայաստանցի-արցախցի ջլատումը, պառակտումը հասավ իր պիկին՝ ինչպես ներհայաստանյան, այնպես էլ՝ ներարցախյան խոսույթում։ Ու այս իշխանությունն ամեն ինչ անում է, որ դա չթուլանա, որ պառակտումը շարունակվի և արցախցիների նկատմամբ ատելությունն ավելանա։ Նորմալ իշխանության ժամանակ պետք է բացահայտվի՝ ովքե՞ր են մարդկանց համար այդ ողբերգական օրերին փողեր կերել, ովքե՞ր են օգտվել պետական փողերից, ովքե՞ր են հարստություն կուտակել այն ժամանակ, երբ մարդիկ տեղահանվում էին Արցախից
  • Այնպես չէ, որ Անվտանգության խորհրդի քարտուղար (ԱԽՔ) Արմեն Գրիգորյանը 2018թ.-ից առաջ հայրենասեր էր, բայց մարդկանց զարմանքը նրա վարքագծի առնչությամբ նաև այն պատճառով էր, որ նրա հայրը կանգնած է եղել Արցախյան առաջին շարժման ակունքներում, ու մարդիկ զարմանում էին՝ ո՞նց կարող է այդ ընտանիքում ծնված, ապրած մարդը լինի Նիկոլի իշխանության հետ ու քանդի պետությունը, հանձնի Արցախը։ Բարոյականության հարց է։ Արմեն Գրիգորյանն իր կյանքով ու գործով ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանի քարոզչական հիմնական գործիքն էր, որով ցույց տրվեց, որ արցախցին նույնպես մասնակից է պետության կործանմանը։

  • Ադրբեջանը 2 օր տևած սեպտեմբերյան գործողության ընթացքում 205 զոհ է տվել, 1400 զինվոր էլ վիրավորվել է։ Այս թվի մեջ չեն մտնում թուրքական Կոմանդոյի մի քանի տասնյակ գրոհայինները։ Ու մենք թույլ չենք տա՝ որևէ մեկը, որ դաշտից էլ լինի, նսեմացնի արցախցիների արածը։ Որևէ մեկն իրավունք չունի՛ նսեմացնել նրանց վաստակն ու ծառայությունը հայրենիքին։ Այդ թվում՝ այն մարդկանց, ովքեր բախտի բերմամբ ողջ են մնացել։ Բայց այս իշխանությունը ոչ միայն չի գնահատում նրանց, այլև ամեն ինչ անում է սևացնելու համար։
  • Փաստորեն, երբ արդեն Արցախ-Հայաստան միջանցքը բացվեց, բնական է, որ դուրս գալու համար պետք է լիներ բենզին։ Պարզվեց, որ կար բավականաչափ բենզին, որը Արցախի Պաշտպանության բանակի ռեզերվն էր։ Բնական է, որ արցախցիների մեծ մասն ուներ բենզինի խնդիր, մանավանդ, որ խուճապ կար, որովհետև այդ օրերին տարածվում էր, որ ոչ բոլորին կարող են թույլ տալ դուրս գալ, ու երբ ինչ-որ պահի միջանցքը փակեն, մարդիկ կմնան պատանդի կարգավիճակում։ Այդ խուճապը սաստկանում էր նաև Հայաստանի իշխանության կողմից հնչող հայտարարությունների ֆոնին։ Իրավիճակը բավականին լարված էր, ու մարդիկ շտապում էին այնտեղ, ուր կար այդ բենզինը։ Իմ տեղեկություններով՝ այդ պահեստի պահպանությունն իրականացվում էր հատուկ նշանակության ջոկատայինների կողմից։ Ինչ-որ պահից, իմ տեղեկություններով, այդ պահեստի պահպանությունն իրականացնող մարդկանց դուրս են հանել այդտեղից։ Բացատրեք՝ ինչո՞ւ: Դրա իրավասությունն ուներ միայն Պաշտպանության բանակի հրամանատարը։ Ի՞նչ է եղել, որ կոնտրոլը կորցրել են, ի՞նչ է եղել, որ զինծառայողներին հանել են: Սրա պատասխանները չկան։ Փաստ է, որ տեղի է ունեցել 200-ից ավելի զոհերով մեծ ողբերգություն ՊԲ-ի պահպանության ներքո գտնվող տարածքում։ Սրա պատասխանը պիտի տրվի։ Կան տեսակետներ, որ եղել է արտաքին միջամտություն։

Այսինքն՝ եղել է ոչ թե ողբերգություն, այլ տեռոր, ահաբեկչություն։ Զոհերից 30-ը եղել են ՊԲ զինծառայողներ, 80-ը՝ պայմանագրային ու այլ ծառայողներ, այլ մարդիկ։ Իրականում ի՞նչ է տեղի ունեցել, ո՞ւմ պատասխանատվության տակ է 300-ից ավելի զոհերի հարցը։ Ադրբեջա՞նն է, ասեք՝ Ադրբեջանն է, իսկ եթե չէ, ասեք՝ ո՞վ է։ Նկատի չունեմ՝ ստորին օղակներից մեկին բռնեն, շինծու գործով դատեն։ Արցախի ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանը սրա հետ կապված կարծիք ունի՞, թե՞ չէ։ Թե՞ ունի, բայց պատերի տակ է ասում։ Խոսքն Արցախի ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանի մասին է։ ՊԲ հրամանատա՛ր, դու մենակ հրաման ես տալիս մարդկանց մարտի մեջ մտցնելո՞ւ համար, թե՞ նաև պատասխանատվություն ես կրում քո ենթակայության ներքո ծառայող անձանց համար։ Կամո Վարդանյանը չմտածի, որ ինքն ասելիք չունի, ու կանցնի մի քանի տարի, ու ինքը հանգիստ կսկսի զբաղվել իր բիզնեսով։ Արցախի ԱԱԾ-ի նախկին ղեկավար Կամո Աղաջանյանը, մյուսները, բոլորը պետք է խոսեն… ասելիք չունե՞ք: 

  • Երբ որ Արցախի Ներքին գործերի նախկին նախարար Կարեն Սարգսյանն ասում է, որ կարծում է՝ իշխանությունը բավարար ջանքեր է գործադրում գերիներին վերադարձնելու համար, միջին վիճակագրական քաղաքացին մտածում է, որ նա կա՛մ փորձում է փրկել իշխանության դեմքը, կա՛մ համագործակցում է նրանց հետ։ Կարեն Սարգսյանն է, չէ՞, տեղահանության օրերին ու դրանից առաջ բարձր պաշտոններ զբաղեցրել։ Նորմա՞լ է, որ այն երկիրը, որը դու քո հայրենիքն ես համարում, Նիկոլ Փաշինյանը հանձնում է, ու դու ձայն չես հանում։ Դա նորմա՞լ է։ Լիքը բան կա իր հետ կապված, հիմա չեմ խոսի դրա մասին։ Բայց երբ հիմա ձայն չի հանում, իրեն թվում է՝ մարդիկ չե՞ն հասկանում՝ ինչո՞ւ ձայն չի հանում։ Ժամանակ անցնի, ես շատ ավելի բաց եմ խոսելու։ Լավ, էս իշխանություններից վախը մինչև ձեր կյանքի վերջ պիտի ձեզ ուղեկցի՞։ Կարո՞ղ է՝ միայն ակտիվ գործիչներն են հայրենիք կորցրել։

Հիշեցնենք, որ 24News-ի հետ զրույցում Արցախի ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը նշել է, որ պետությունը բավարար քայլեր է անում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն Ադրբեջանից հետ բերելու համար. «Տեղեկացված չեմ, բայց կարծում եմ, որ անում է»։

  • Իշխանության խնդիրն այն չէ, որ մարդիկ կարողանան այստեղ գոնե վարձով ապրել, այլ այն, որ այնպես անեն, որ արցախցիները մինչև վերջ հիասթափվեն ու թողնեն-գնան։ Ու այս իշխանությունների այդ նպատակի իրագործմանը նպաստում են նաև այն ծրագրերը, որն իբր իրականացնում է կառավարությունը։

  • Միքայել Արզումանյանն Արցախի ՊԲ հրամանատար է եղել պատերազմի 44 օրերից վերջին 11 ամենածանր օրերին։ Մի քանի ամսից կլրանա 3 տարին, ինչ նա այս իշխանությունների կողմից հետապնդվում է և կալանքի տակ է։ Մինչև կալանավորվելն առանձնապես մտերիմ հարաբերություններ չեմ ունեցել նրա հետ, հետևաբար՝ որպես ԱԺ պատգամավոր իմ այցելությունները նրան դրանով չեն պայմանավորված։ Կրկնում եմ՝ պատերազմի հետ կապված որևէ անձի դատավարություն կամ որևէ դրվագի քննություն այս իշխանաւթյան օրոք չի կարող օբյեկտիվ ընթանալ։ Մինչև նրա կալանավորվելը Նիկոլ Փաշինյանը Խորհրդարանի ամբիոնից իրավական գնահատական էր տալիս Միքայել Արզումանյանի գործողություններին։ Բնական է, չէ՞, որ Նիկոլ Փաշինյանի SMS-ով կառավարվող դատական համակարգը հասկացել էր նրա կողմից տրված այդ սիգնալը։ Նույնը վերաբերում է Օնիկ Գասպարյանին, Ջալալ Հարությունյանին, մյուսներին։ Տեղի է ունեցել մեծ պատերազմ՝ հսկայական տարածքային ու մարդկային կորուստներով։ Սրա տարբեր դրվագներ մանրամասն պիտի հետաքննվեն ու տրվեն իրավական գնահատականներ՝ յուրաքանչյուրի պատասխանատվության մասով, բայց դա չպիտի անեն այս իշխանությունները։
  • Թե ինչպես է հանձնվել Շուշին, լավ գիտեն ՀՀ իշխանություններն ու Արցախի պաշտպանության բանակը։ Մի օր, կարծում եմ, ամեն ինչ կքողազերծվի, բայց մինչև Շուշին այնքան դրվագներ կան, թե ինչպես ադրբեջանցիները հասան Շուշիի տակ, որ դրանք պետք է դառնան քննության առարկա։ Իմ տպավորությամբ՝ բանակի կողմից կազմակերպված պաշտպանություն այնտեղ չի եղել։ Եթե լիներ, ադրբեջանցիներն անխոչընդոտ Շուշի չէին հասնի։ Պետք է պարզվի՝ ինչ է եղել՝ բարոյալքո՞ւմ, թե՞ դավաճանություն։ Բայց այս ամենն այս իշխանության օրոք չի պարզվելու։
  • Հետին թվով շատ բան կարելի է ասել։ Օրինակ՝ հիմա Սամվել Բաբայանն ասում է՝ Սերժ Սարգսյանին 2013թ․ զենքերի ցուցակ եմ տվել, որ մեզ պետք էին։ Ասենք, այդ ցանկի մեջ կան իսրայելական զենքեր, որոնք հնարավոր չէ ձեռք բերել ոչ թե ֆինանսական, այլ քաղաքական նկատառումներից ելնելով։ Հիմա վեր է կենում ու հայտարարում, թե զենքերի ցուցակներ է տվել, թե ինչ է պետք ձեռք բերել… Էդպես շատերը կարող են վեր կենալ ու ինչ ասես հայտարարել:

Հիշեցնենք, որ Տիգրան Աբրահամյանը վերջերս ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել էր  2023 թվականի սեպտեմբերի 25-ին Արցախի ՊԲ վառելիքաքսուքային պահեստի պայթյունի ողբերգական դեպքին:

«2023 թվականի սեպտեմբերի 25-ին, Արցախի ՊԲ վառելիքաքսուքային պահեստի պայթյունի հետևանքով 200-ից ավելի զոհ, 2 տասնյակից ավելի անհետ կորած ու շուրջ 300 տարբեր աստիճանի վնասվածքներ ունեցող ողբերգություն ունեցանք:

Զոհերից շուրջ 3 տասնյակը ՊԲ զինծառայողներ էին, իսկ զոհերի մեջ, առհասարակ, ուժային բլոկի ներկայացուցիչների թիվը 8 տասնյակի էր հասնում:

Շատերը պահեստ էին իջել անմիջապես մարտական գործողությունների ավարտից հետո` խրամատներից: Փրկվելով պատերազմից` այդ մարդիկ դաժան պայթյունի զոհ դարձան:

Առ այս պահը հանրության մեծ շերտերի համար հստակություն չկա, թե ի՞նչ եղավ այդ օրը` դժբախտ պատահա՞ր, թե՞ արտաքին ներգործությամբ տեղի ունեցած ահաբեկչություն: 2 վարկածի մասին այս ընթացքում բազմաթիվ կարծիքներ հնչեցին, սակայն կրկնում եմ` հստակություն չկա:

Երկրում մի մեքենա են բռնագանձում, ողջ աշխարհով հայտարարում են, մարդիկ իմանում են թեմայի նախապատմությունը, աճուրդի գինը, պատասխանատուներին և այլն:

200-ից ավելի մարդ ենք կորցրել, ո´չ պատասխանատուների մասին ստույգ տեղեկատվություն կա, ո´չ էլ, առավել ևս, պատժվածների:

Ինչպե՞ս էր ստացվում, որ այդ պահեստի անվտանգությունը մինչև ողբերգությունը իրականացվում էր հատուկ նշանակության ուժերի կողմից ու ինչպես և ում հրամանով, պայթյունից ժամեր առաջ, այդ ուժերն այնտեղից դուրս բերվեցին և ռազմական կարևոր նշանակության օբյեկտը, ըստ էության, թողնվեց բախտի քմահաճույքին:

Արդյո՞ք այդ ամենից տեղյակ չէր ՀՀ կառավարությունը (վստահ եմ, որ տեղյակ էին) և ինչպե՞ս, ո՞ւմ հրամանով ու ի՞նչ շարժառիթներից ելնելով է ՊԲ հրամանատարը գործել` օբյեկտի պահպանության և անվտանգության ապահովման տեսանկյունից»,- գրել էր ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս