ՀՀ իշխանությունը դեռևս չի ցանկանում այս գործոնն օգտագործել ի շահ Հայաստանի. Քաղաքագետ

Նախորդ տարի Ղազախստանում ադրբեջանական ինքնաթիռի վթարից հետո ռուս-ադրբեջանական հարաբերություններում նկատվում է լարվածություն, քանի որ ադրբեջանական կողմը Ռուսաստանին է մեղադրում այդ վթարի համար, ավելին՝ սպառնում է միջազգային հայց ներկայացնել Ռուսաստանի դեմ։

Ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել էր 38 մարդ, ինքնաթիռը մեկնում էր Չեչինա, որում եղել են Ղազախստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Ղրղըզստանի քաղաքացիներ։

Ռուս-ադրբեջանական հարաբերություններում տեսանելի լարվածությունը, շատ փորձագետների կարծիքով՝ խորքային է, իսկ ինքնաթիռի վթարը միայն պատճառ էր այդ լարվածությունը ցուցադրելու համար։

Քաղաքագետ Նորայր Դունամալյանը նույնպես այդ կարծիքին է. նա շեշտում է՝ ինքնաթիռը դեպքը միայն պատրվակ է։

Կարդացեք նաև

«Ադրբեջանը Ռուսաստանի հետ մերձեցումը ժամանակին օգտագործեց Արցախի օկուպացիայի ու էթնիկ զտման շրջանակներում, նաև օգտագործեց այդ հանգամանքը՝ հայ-ռուսական հանգամանքներում իր դերը խաղալով, այսինքն՝ այդ հարաբերություններում եղած ճգնաժամն ավելի խորացրեց։ Իսկ հիմա Ադրբեջանն այս հանգամանքն օգտագործում է Ռուսաստանի դեմ՝ ձգտելով, որպեսզի ՌԴ-ն ինչ-ինչ հարցերում գնա զիջումների»,- 168.am հետ զրույցում նշեց Նորայր Դունամալյանը։

Նրա խոսքով՝ զիջումները մեծ մասամբ վերաբերում են նրան, որ Ռուսաստանը կախվածության մեջ հայտնվի Ադրբեջանից, քանի որ Ադրբեջանը լավ գիտակցում է, որ Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո ՌԴ-ն իր ուշադրությունն ամբողջովին դարձնելու է Հարավային Կովկաս։ Ուստի Ադրբեջանը փորձում է որոշակի երաշխիքներ ունենալ ապագայի համար՝ ՌԴ-ին իրենից կախվածության մեջ դնելու համար, որպեսզի այդ ամենը հետագայում օգտագործի հենց Ռուսաստանի դեմ։

«Տեղեկատվական առումով հակառուսական այս ալիքը, որը կա, 1990-ականներից մինչև 2000-ականներ չի եղել։

Ինչ վերաբերում է հայկական կողմին, թե արդյո՞ք փորձում է այս լարվածությունից օգուտներ քաղել, ապա պետք է հասկանանք, որ այսօր Հայաստանում իշխանության ղեկին է այնպիսի քաղաքական ուժ, որը ՌԴ-ի հետ չունի բարիդրացիական հարաբերություններ, որը կար մինչև 2018 թվականը։ Կարելի է ասել, սա ընտրություն է՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ՝ Ռուսաստանի իշխանական էլիտայի կողմից։

Ի տարբերություն Ադրբեջանի, Ռուսաստանը ռուս-ադրբեջանական ճգնաժամը չի դարձնում հանրային երևույթ, հրապարակային, ինչպես մենք դա տեսել ենք հայ-ռուսական հարաբերություններում։ Օրինակ, Ադրբեջանը հայկական գործոնն օգտագործում է Ռուսաստանի դեմ՝ նշելով, որ ՌԴ-ն օգնել է արցախահայերին, Հայաստանին և այլն։ Գուցե ապագայում Ռուսաստանը նույն գործոնն օգտագործի Ադրբեջանի դեմ։

Ինչևէ, ՀՀ իշխանությունը դեռևս չի ցանկանում այս գործոնն օգտագործել ի շահ Հայաստանի»,- ընդգծեց Նորայր Դունամալյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս