
Հայաստանի իշխանությունը երկիրը կոլապսի մեջ է գցում. հյուսիսից և հարավից կտրում՝ տալիս է թշնամուն. Ռուզաննա Մալխասյան
Հայաստանի Հանրապետության գոյատևման համար Մեղրին ռազմավարական նշանակության տարածք է. այն հանձնելու հարցն այս իշխանությունը բերել է օրակարգ, որպեսզի մի կողմից հարցը տաքացնի, մյուս կողմից՝ հանձնելուն ընդառաջ մեղավորներ փնտրի, և դա անում են այն պարագայում, երբ Հայաստանի որևէ ղեկավար Մեղրին հանձնելու խնդիր չի դրել։
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց «Գոտի և ճանապարհ» արտահանման կենտրոնի տնօրեն Ռուզաննա Մալխասյանը՝ ընդգծելով.
«Այս պահին Ագարակում կառուցվում է Հյուսիս-Հարավ ճանապարհի 4-րդ տրանշը, կառուցվում են թունելներ, որոնք Հայաստանը պետք է կապեն Իրանի և Չինաստանի հետ։ Հայաստանի այս իշխանությունը եթե հանձնի այդ հատվածը, մենք կկորցնենք կապն Իրանի հետ։ Հայաստանի համար կարևոր է սկսել Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման աշխատանքը և դրանով միանալ գոտի և ճանապարհ մեգանախագծին, որի կառուցումը Չինաստանը սկսել է։ Իշխանությունը, սակայն, դա չի անում, որովհետև չի ցանկանում Հայաստանը կապել այդ մեգանախագծերին, որոնց միջոցով Հայաստանից արտահանում հնարավոր կլինի իրականացնել դեպի Չինաստան, Եվրոպա։ Հակառակը, Հայաստանի այս իշխանությունն անում է ամեն բան երկիրը կոլապսի մեջ գցելու, հյուսիսից և հարավից կտրելու և թշնամուն տալու համար»։
Նրա խոսքով՝ փաշինյանական իշխանության վարած այս քաղաքականության հետևանքով է, որ հարևան և դաշնակից երկրների իշխանությունները չեն վստահում մեզ։
«Որևէ երկրի իշխանություն ՀՀ իշխանությանը չի վստահում։ Հարց՝ Չինաստանն ու Իրանն ինչպե՞ս կարող են Հայաստանի իշխանության հետ երկաթգծի հարց քննարկել, եթե ՀՀ այս իշխանության քաղաքականությունը միտված է հանձնելուն»,- ասաց Մալխասյանը՝ ընդգծելով՝ նման անվստահելի քաղաքականությունն է պատճառը, որ Հայաստանը դուրս է մնում Միջին միջանցք մեգանախագծից։
Հարցազրույցի մանրամասները՝տեսանյութում։