Ասպիրինը ջրծաղիկի դեպքում մա՞հ է առաջացնում. ո՞ր դեպքում են հետքեր մնում, որքանո՞վ է օգնում լոգանքը

Ջրծաղիկը սուր վարակիչ հիվանդություն է, որը հերպես-վիրուսների (VZV) կողմից փոխանցվում, հարուցվում է օդակաթիլային ճանապարհով։ Հիվանդության բարդությունների, անթույլատրելի դեղորայքի, պատվաստանյութի մասին զրուցել ենք Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի վարակաբան Ելենա Սիլկայի հետ։

Ի՞նչ հիվանդություն է և ինչպե՞ս է տարածվում այն։

– Ջրծաղիկն օդակաթիլային վարակ է, որն ունի սեզոնայնություն։ Տարվա ընթացքում պարբերաբար ունենում ենք հիվանդության աճ, հետո՝ նվազում։ Կորոնավիրուսի համաճարակից հետո այդ սեզոնայնությունն այնքան էլ հստակ պիկերով չէ՝ կապված բնակչության դիմադրողականության անկման հետ, ուստի ջրծաղիկի ավելի շատ դեպքեր ենք արձանագրում նույնիսկ տաք եղանակին։ Կորոնավիրուսից առաջ ավելի բնորոշ էր պիկերը գրանցել միայն ցուրտ եղանակին։ Այդ իսկ պատճառով քննարկվեց հարցը, որպեսզի հնարավորինս շուտ ներդրվի ջրծաղիկի դեմ պատվաստումը, որն այս տարվանից արվում է։

Ջրծաղիկը տարածվո՞ւմ է մեծ հեռավորության դեպքում, օրինակ՝ բնակարանից բնակարան։

Կարդացեք նաև

– Այո։ Եթե բնակարանում կա օդափոխության համակարգ, ապա օդակաթիլային բոլոր վարակները փոխանցվում են տնից տուն։ Վարակում հնարավոր է նաև գոտևորող որքին ունեցող հիվանդի հետ շփման արդյունքում, եթե շփվող անձը կյանքում երբևէ չի տարել ջրծաղիկ։ Այդ շփումից հետո իր մոտ հիվանդությունը կդրսևորվի՝ որպես ջրծաղիկ։

Գոտևորող որքինի և ջրծաղիկի հարուցիչը նույն վիրուսն է՝ varicella-zoster-ը։ Առաջին շփումից հետո դրսևորվում է ջրծաղիկի տեսքով, սակայն հետաքրքիրն այն է, որ լավանալուց հետո վիրուսն օրգանիզմից դուրս չի գալիս, մնում է նյարդային հանգույցներում, մինչև տվյալ անձի մոտ ինչ-ինչ պատճառներով զարգանում է իմունոդեֆիցիտ կամ սթրեսային իրավիճակ։ Այդ դեպքում վիրուսն ակտիվանում է և նյարդաթելերի ուղղությամբ հասնելով մաշկին՝ դրսևորում է գոտևորող որքին հիվանդությունը, ինչը բնորոշ է տարիքով ավելի մեծ՝ 50-ն անց անձանց։ Իսկ ջրծաղիկը բնորոշ է ավելի փոքր՝ մանկապարտեզային, դպրոցական տարիքի երեխաներին և երիտասարդներին։

Նշեմ, որ գոտևորող որքինի դեպքում ախտահարումը գծային է լինում․ միջկողային ուղղությամբ, կամ, եթե դեմքի շրջանում է, ապա քունքային։

Շատերը չեն հիշում՝ փոքր ժամանակ ջրծաղիկով վարակվե՞լ են, թե՞ ոչ ինչպե՞ս կարելի է պարզել։

– Բոլոր վարակների համար էլ նախատեսված թեստեր կան։ G խմբի հակամարմիններով կարելի է պարզել՝ տվյալ անձը ջրծաղիկով վարակվե՞լ է, թե՞ ոչ։ Օրինակ, եթե մեր հայրենակիցները ցանկանում են գնալ ԱՄՆ, Եվրոպա, ապա երեխաների դեպքում պահանջում են ներկայացնել տվյալ անալիզի արդյունքը։

– Ջրծաղիկի դեմ պատվաստանյութը երկար ճանապարհ անցա՞ծ է։

– Այո։ Եթե չեմ սխալվում՝ 1974թ․ է առաջին անգամ ստեղծվել Ճապոնիայում, ստացել են «Օկա» շտամից։ 1984թ. սկսել է կիրառվել եվրոպական երկրներում և 1995թ․-ից՝ Գերմանիայում։

– Մեկ դեղաչափով պատվաստվելու դեպքում վիրուսից կպաշտպանվե՞ն։

– Ոչ։ Որոշակի իմուն համակարգի խթան հանդիսանում է, բայց որ լիովին պաշտպանի անձին՝ ջրծաղիկով չվարակվելու համար, բավարար չէ։ Այդ իսկ պատճառով պարտադիր է 2-րդ դեղաչափը ստանալ, ինչը երեխաների դեպքում 4-6 տարեկանում է արվում (առաջին դեղաչափը ստանում են 12 ամսականում), իսկ մեծահասակներին ցուցված է 6 շաբաթից 3 ամիս անց ստանալ երկրորդ դոզան, որպեսզի ապահովվի կայուն իմունիտետ։

Ջրծաղիկն ուղեկցվում է ուժգին քորով, և մարդիկ օգտագործում են «Զելյոնկա» կամ դեղատներում ջրծաղիկի համար վաճառվող դեղ։ Սա մարքետինգային հնա՞րք է, թե՞ իրականում օգնում է։

Մինչև բշտիկն ունենում ենք պապուլա, որը հետագայում լցվում է հեղուկով և վերածվում է բշտիկի։ Եթե երկրորդային բակտերիալ վարակ չի միանում՝ բշտիկը կեղևակալվում է, կեղևը պոկվում է, որից հետո համարում ենք, որ բուժառուն լավացել է։ Քանի որ ցանը քորվող է, այդ ընթացքում կարող է բուժառուն վնասել, և դրան միանա երկրորդային վարակը։ Դրա համար խորհուրդ ենք տալիս հակահիստամինային դեղորայք, իսկ տեղայինի դեպքում գերադասելի է «Զելյոնկա»-ի լուծույթը։

Ճիշտ եք, այժմ վաճառվում են բրենդային տարբեր քսուքներ, որոնք պատրաստվում են տարբեր դեղատներում։ Ի՞նչն է վտանգը։ Կրեմային, փափկեցնող քսուքները բերում են բշտիկների կեղևի փափկեցման, և այս դեպքում մաշկը լավ միջավայր է բակտերիաների աճի համար։ Այդ իսկ պատճառով վարակաբանների մեծ մասը խորհուրդ չի տալիս այդ կրեմային քսուքները, որոնց մեջ նաև «Անեստեզին» է խառնվում, որպեսզի քորը նվազեցվի։

Ջրծաղիկով վարակվելիս լոգանք կարելի՞ է ընդունել, շատերը խուսափում են։

– Եթե երեխան չի ջերմում, և չկա կասկած, որ կա որևէ բարդություն, ցնցուղով լոգանքը ցուցված է, քանի որ կանխում ենք երկրորդային վարակի միացումը բշտիկին։

– Ջրծաղիկն ունի՞ գաղտնի շրջան, որքա՞ն պետք է մեկուսացած մնա երեխան, որքա՞ն՝ մեծահասակը։

– Ինֆեկցիոն բոլոր հիվանդություններն էլ ունեն գաղտնի շրջան, և ժամկետները տարբեր են։ Ջրծաղիկի դեպքում 10-21 օր է։ Այսինքն, նվազագույնը 10 օրից կարող է դրսևորվել կլինիկան։ Եթե առաջին ցանից հետո էլի ենք ունենում ցանավորում, որը հնարավոր է 5-7 օրը մեկ, վերջին թարմ ցանից հետո պետք է հաշվենք վարակելի լինելու օրը։ Դրա համար հիվանդների համար հստակ ասել, որ այսինչ օրվանից էլ վարակիչ չէ, չենք կարող կանխատեսել։ Պետք է հետևենք հիվանդության ընթացքին և ֆիքսենք վերջին թարմ ցանային էլեմենտը։

Ո՞ր դեպքում են հետքեր մնում։

– Եթե հետևենք նշված հիգիենայի կանոններին, և չմիանա երկրորդային բակտերիալ վարակ՝ չի մնա։ Հետքեր մնում են, երբ թարախաբշտիկ է առաջանում և վնասվում են մաշկի ավելի խորը հատվածներ։

Ջրծաղիկի դեպքում ի՞նչ բարդություններ կարող են առաջանալ։

– Որպես բարդություն՝ տարբերում ենք բուն վիրուսային խնդիրները, և վերջին տարիներին հաճախակի է դարձել վիրուսային թոքաբորբը։ Վիրուսային հաջորդ բարդությունը գլխուղեղի ախտահարումն է։ Կարող է լինել կոորդինացիոն շարժումների շեղում, այսինքն՝ երեխան ուղիղ չի կարողանում կանգնել, մատով իր քթին չի կարողանում դիպչել և այլն։

Ճի՞շտ է, որ ջրծաղիկի դեպքում Ասպիրին չի կարելի օգտագործել, որովհետև կարող է մահվան հանգեցնել։

– Ասպիրինը ոչ միայն ջրծաղիկի, այլև գրիպի դեպքում պետք է զգուշավոր կիրառել, որովհետև կարող է զարգանալ Ռեյի համախտանիշ՝ լյարդի անբավարարություն։ Այդ իսկ պատճառով ինքնաբուժումը ցուցված չէ։

Տեսանյութեր

Լրահոս