![](/banners/BeFunky-design.jpg)
Լուրջ նախադրյալներ չկան այս պահին՝ ՌԴ-ն ինչպես և ինչ գործիքակազմով կարող է ազդել երկու կողմերի վրա՝ փորձելով վերակենդանացնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը. Շիրազ Խաչատրյան
![](https://168.am/wp-content/uploads/2025/01/Shiraz-Xachatryan.jpg)
Վերջին շրջանում քաղաքական տարբեր գործիչներ, քաղաքագետներ նշում են, որ պետք է, այսպես ասած, կենդանացնել 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարությունը, որի տակ ստորագրել է Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը, եթե անգամ այն լավագույն փաստաթուղթը չէ, բայց այն առնվազն հնարավորություն է ստեղծում եռակողմ բանակցությունների, մասնավորապես, կոմունիկացիաների ապաշրջափակման շուրջ:
Մասնավորապես, 168.am-ի հետ զրույցում Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Թևան Պողոսյանը նշել էր.
«Եթե կա այն ուժը, որը կարող է օգտագործել, կպարզվի՝ մեկ օրվա մեջ այն կենդանացած փաստաթուղթ է, ընդ որում՝ եթե ԱՄՆ-ին պետք լինի, եթե անգամ նրա ստորագրությունը չկա այդտեղ, հղում կանի դրան: Այսինքն, օգտագործողից է կախված, իսկ այդ ստորագրողները ևս, երբ անհրաժեշտ գտան, օգտագործելու են այդ հայտարարությունը, քանի դեռ այն դե յուրե ուժի մեջ է: Հասկանալի է, չէ՞, որ Ադրբեջանին հետաքրքրում է միայն 9-րդ կետը, Ռուսաստանը նույնպես իր շահերից ելնելով՝ դա կարող է դե ֆակտո կենդանացնել: Ցավոք սրտի, միայն Հայաստանն է, որ չի ցանկանում ռեսուրսներ ձևավորել՝ կենդանացնելու եռակողմ հայտարարությունը: Հայաստանի համար դա մեռած փաստաթուղթ է, իսկ մնացածները, կրկնում եմ, պետք եղած ժամանակ այն կենդանացնելու են»:
NEWS.am-ին էլ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանն այս առնչությամբ ասել է. «Եթե ունենայինք ազգային իշխանություններ, ապա Ադրբեջան-Ռուսաստան հարաբերություններում լարվածությունը փայլուն ձևով կօգտագործվեր առնվազն գոնե նոյեմբերի 9-ի ֆորմատ վերադարձ կատարելու տեսանկյունից»:
Ինչո՞ւ է ՀՀ իշխանությունների համար 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը «մեռած», թեպետ Հայաստանն իր ստորագրությունը հետ չի վերցրել դրա տակից, իսկ եռակողմ հայտարարության ժամկետը 2025 թվականի նոյեմբերին լրանում է, և արդյո՞ք Ռուսաստանը հետաքրքրված է այս փաստաթղթի «վերակենդանացմամբ»:
«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի դիտարկմամբ, իրավիճակը բավականին խճճված է, պետք է հասկանալ՝ 2020 նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից ինչ է մնացել:
«Այդ կապիտուլյացիոն փաստաթղթի չկատարված կետերին ավելացել է նաև Արցախի հայաթափման մեծագույն խնդիրը: Ես չեմ պատկերացնում՝ Ադրբեջան-Ռուսաստան տարաձայնությունների այս ֆոնին Ռուսաստանն ինչպես և ինչ քայլերով է փորձելու վերակենդանացնել այն, կամ՝ ինչպես է տարածաշրջանում ակտիվ դերակատարություն ստանձնելու, երբ ուկրաինական ճակատում սցենարային առումով գրեթե ոչինչ հանգուցալուծված չէ: Սա՝ առաջին: Երկրորդ հանգամանքն այն է՝ ինչ շահագրգռվածություն կա հայկական կամ ադրբեջանական կողմերից՝ անդրադառնալու հատկապես այդ 9-րդ կետի բովանդակությանը:
Իհարկե, ժամանակի վրա խաղալով, սպասելով, թե ինչպիսի հանգուցալուծում կարող է լինել Ուկրաինայում, ՌԴ-ն փորձելու է իրեն ձեռնտու տարբերակով առաջ շարժվել: Բայց, կրկնում եմ, ո՛չ հայկական, ո՛չ ադրբեջանական, ո՛չ էլ թուրքական կողմը շահագրգռված չէ ռուսական ներկայության հարցում Հարավային Կովկասի մեր հատվածում հատկապես: Թուրքիայի և Ադրբեջանի համար նպաստավոր լայն դաշտ է բացվել՝ հայկական կողմի հետ ինքնուրույն պայմանավորվել, այսպես ասած, երկկողմ ձևաչափով խնդիրները լուծել:
Իսկ թե ՌԴ-ն ինչպես և ինչ գործիքակազմով կարող է ազդել երկու կողմերի վրա՝ փորձելով վերակենդանացնել այդ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը, դեռևս լուրջ նախադրյալներ չեն նշմարվում այս պահին, որքան էլ տեղեկատվական–քարոզչական դաշտում տարաձայնություններն ակնհայտ լինեն, ինչի մասին վերևում նշեցինք, և վերաբերեն տարբեր բնագավառներին, քանի որ, ըստ էության, դրանք սպեցիֆիկ թեմաներով են»,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց փորձագետը:
Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան ևս երկու եռակողմ հայտարարություն է ընդունվել՝ 2021 թվականի հունվարին և 2021 թվականի նոյեմբերին: