![](/banners/BeFunky-design.jpg)
Եվրոպայի գլխավոր սպառնալիքը ոչ Ռուսաստանն է, ոչ էլ Չինաստանը կամ այլ երկիր. ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը խիստ ելույթը
The Spectator պարբերականը հրապարակել է 2025թ. փետրվարի 14-ին Մյունխենի անվտանգության համաժողովում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ելույթի ամբողջական տեքստը, որը ներկայացնում ենք ստորև.
«Այսօր ես ուզում եմ խոսել մեր ընդհանուր արժեքների մասին։ Հիանալի է կրկին լինել Գերմանիայում։ Ես այստեղ էի անցյալ տարի որպես ԱՄՆ սենատոր, հանդիպեցի Արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամիին և կատակեցի, որ անցյալ տարի մենք երկուսս էլ այլ աշխատանք ունեինք։
Բայց հիմա ժամանակն է, որ մեր բոլոր երկրները, և մենք, ովքեր բախտ են ունեցել մեր ժողովուրդներից ստանալ քաղաքական իշխանություն, այն իմաստուն կերպով օգտագործենք՝ նրանց կյանքը բարելավելու համար։
Վերջին 24 ժամերի ընթացքում բախտ եմ ունեցել որոշ ժամանակ անցկացնել այս համաժողովի պատերից դուրս, և ինձ շատ տպավորել է մարդկանց հյուրընկալությունը, նույնիսկ այն դեպքում, երբ նրանք ցնցված են երեկ տեղի ունեցած սարսափելի հարձակումից։
Առաջին անգամ Մյունխենում եղել եմ կնոջս հետ, որն այսօր անձնական այցի շրջանակում ինձ հետ գտնվում է այստեղ։ Ես միշտ սիրել եմ Մյունխեն քաղաքը և նրա ժողովրդին։ Ուզում եմ ասել, որ մենք շատ հուզված ենք, և մեր մտքերն ու աղոթքները Մյունխենի և այս գեղեցիկ համայնքի վրա հասած չարիքի ազդեցությունը կրած յուրաքանչյուրի հետ են։
Մենք մտածում ենք ձեր մասին, աղոթում ենք ձեզ համար և անկասկած կաջակցենք ձեզ առաջիկա օրերին և շաբաթներին։
Իհարկե, մենք այս համաժողովում հավաքվել ենք՝ խոսելու անվտանգության մասին, և սովորաբար մենք այդ մասին խոսելիս նկատի ունենք արտաքին սպառնալիքները։ Այստեղ ես տեսնում եմ բազմաթիվ խոշոր ռազմական առաջնորդների։ Թեև Թրամփի վարչակազմը խիստ մտահոգված է եվրոպական անվտանգությամբ և կարծում է, որ մենք կարող ենք հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ողջամիտ կարգավորման, մենք նաև կարծում ենք, որ առաջիկա տարիներին Եվրոպայի համար կարևոր է լրջորեն ակտիվանալ սեփական պաշտպանության ապահովման գործում:
Եվրոպային սպառնացող վտանգը, որն ինձ ամենաշատն է անհանգստացնում, Ռուսաստանից, Չինաստանից կամ արտաքին որևէ այլ սուբյեկտից չէ:
Ինձ ամենաշատն անհանգստացնում է ներքին սպառնալիքը։ Եվրոպայի նահանջն իր ամենաառանցքային արժեքներից, արժեքներ, որոնք կիսում են Ամերիկայի Միացյալ Նահանգները։
Ես ցնցված էի, երբ վերջերս եվրոպական նախկին հանձնակատարը հեռուստատեսությամբ հայտնվեց և ուրախությամբ հայտարարեց, որ Ռումինիայի կառավարությունը չեղարկել է ամբողջական ընտրությունները։ Նա զգուշացրեց, որ եթե գործերն ըստ պլանի չընթանան, նույնը կարող է տեղի ունենալ նաև Գերմանիայում։ Նմա թեթևամիտ հայտարարությունները շոկային են ամերիկյան լսարանի համար։ Տարիներ շարունակ մեզ ասել են, որ այն ամենը, ինչ մենք ֆինանսավորում և աջակցում ենք, արվում է հանուն մեր ընդհանուր ժողովրդավարական արժեքների։
Մեր ամեն ինչը՝ Ուկրաինայի քաղաքականությունից մինչև թվային գրաքննություն, ներկայացվում է որպես ժողովրդավարության պաշտպանություն։ Բայց երբ տեսնում ենք, որ եվրոպական դատարանները ընտրություններ են չեղարկում և բարձրաստիճան պաշտոնյաները սպառնում են չեղարկել նաև ուրիշները, մենք պետք է հարց տանք՝ արդյո՞ք մենք ինքներս մեզ բարձր չափանիշներին համապատասխան ենք պահում։ Ասում եմ՝ «ինքներս մեզ», քանի որ խորապես հավատում եմ, որ մենք նույն թիմում ենք։
Մենք պետք է ավելին անենք, ոչ թե պարզապես խոսենք ժողովրդավարական արժեքների մասին. մենք պետք է ապրենք դրանցով։
Այս դահլիճում ներկաների շատերի հիշողության մեջ է սառը պատերազմը… մտածեք այն կողմի մասին, որը գրաքննություն էր կիրառում ընդդիմախոսների նկատմամբ, փակում էր եկեղեցիները, չեղարկում էր ընտրությունները։ Արդյո՞ք նրանք լավ տղաներ էին։ Իհարկե, ո՛չ։ Եվ, փառք Աստծո, նրանք պարտվեցին սառը պատերազմում։ Նրանք պարտվեցին, որովհետև չէին գնահատում կամ հարգում ազատության արտասովոր բարիքները՝ զարմանալու, սխալվելու, նորարարելու, ստեղծելու ազատությունը։
Պարզվում է, որ անհնար է մարդկանց պարտադրել նորարարություն կամ ստեղծարարություն, ինչպես անհնար է ստիպել մտածել, զգալ կամ հավատալ այս կամ այն բանին։ Եվ մենք հավատում ենք, որ այդ ամենը միանշանակ փոխկապակցված է։ Ցավոք, երբ այսօր նայում եմ Եվրոպային, երբեմն այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչ է պատահել սառը պատերազմի որոշ հաղթողների հետ։
Նայում եմ Բրյուսելին, որտեղ ԵՄ հանձնաժողովի հանձնակատարները նախազգուշացրել են քաղաքացիներին, որ մտադիր են քաղաքացիական անհնազանդությունների ժամանակ փակել սոցիալական մեդիան, եթե ինչ-որ բան իրենց դատողությամբ կհամարվի «թշնամական բովանդակություն»։ Կամ հենց այս երկրում, որտեղ ոստիկանությունը խուզարկել է այն քաղաքացիներին, ովքեր կասկածվում են համացանցում հակաֆեմինիստական մեկնաբանություններ գրառելու մեջ՝ «կինատյացության դեմ պայքարի» շրջանակում։
Նայում եմ Շվեդիային, որտեղ երկու շաբաթ առաջ կառավարությունը դատապարտեց քրիստոնյա ակտիվիստի, ով մասնակցել էր Ղուրանի այրմանը, ինչը հանգեցրել էր իր ընկերոջ սպանությանը։ Եվ ինչպես այդ գործով դատավորն էր սարսափելիորեն նշե, Շվեդիայի օրենքները, որոնք իբրև պաշտպանում են արտահայտվելու ազատությունը, իրականում թույլ չեն տալիս արտահայտվել, մեջբերում եմ՝ «անվճար թույլտվություն»՝ ասելու կամ անելու որևէ բան, որը չի վտանգի, չի վիրավորի այն խմբին, որն այդ հավատքի կրողն է։
Առավել մտահոգիչ իրավիճակ է մեր շատ սիրելի դաշնակից Միացյալ Թագավորությունում, որտեղ խղճի իրավունքների հետընթացը վտանգի տակ է դրել հատկապես բրիտանացի հավատացյալների հիմնարար ազատությունները։ Մոտ երկու տարի առաջ բրիտանական կառավարությունը ծանր հանցագործության մեջ մեղադրեց Ադամ Սմիթ Կոններ անունով 51-ամյա ֆիզիոթերապևտին և բանակի վետերանին, ով աբորտի կլինիկայից 50 մետր հեռավորության վրա 3 րոպե լուռ աղոթել էր։
Նա որևէ մեկին չէր խանգարում, որևէ մեկի հետ չէր շփվում, պարզապես լուռ աղոթում էր միայնակ։ Երբ բրիտանական իրավապահները նկատեցին նրան և պահանջեցին ասել, թե ինչի համար է աղոթում, Ադամը պարզապես պատասխանել էր, որ դա իր չծնված որդու համար էր։ Նա և իր նախկին ընկերուհին տարիներ առաջ աբորտ էին արել։ Սակայն ոստիկաններն անտարբեր մնացին, դա նրանց չհուզեց։
Ադամին մեղավոր ճանաչեցին կառավարության նոր «Բուֆերային գոտիների մասին» օրենքը խախտելու մեջ, որը քրեականացնում է լուռ աղոթքն ու ցանկացած այլ գործողություն, որը կարող է ազդել մարդու որոշման վրա աբորտի կլինիկայից 200 մետր շառավղով։ Նրան պարտավորեցրին վճարել հազարավոր ֆունտեր դատական ծախսերի համար։
Ես կցանկանայի ասել, որ սա պատահականություն է, բացառիկ դեպք, անփույթ գրված օրենքի հիման վրա առաջացած անհեթեթ դեպք։ Բայց՝ ոչ։ Անցած հոկտեմբերին՝ ընդամենը մի քանի ամիս առաջ, շոտլանդական կառավարությունը սկսեց նամակներ ուղարկել այն քաղաքացիներին, որոնց տները գտնվում էին, այսպես կոչված «անվտանգ մուտքի գոտիներում»՝ նախազգուշացնելով, որ նույնիսկ իրենց տներում մասնավոր աղոթքը կարող է համարվել օրենքի խախտում։
Բնականաբար, կառավարությունը քաղաքացիներին հորդորեց զեկուցել այն մարդկանց, ում կասկածում են մտքի հանցագործության մեջ։
Խոսքի ազատությունը, իմ վախերն են ասում, նահանջում է։
Բայց, հարգելի բարեկամներ, արդարության համար պետք է խոստովանեմ, որ երբեմն գրաքննության ամենաբարձր ձայները ոչ թե Եվրոպայից, այլ հենց իմ սեփական երկրից են եկել, որտեղ նախորդ վարչակազմը սպառնում և ահաբեկում էր սոցիալական ցանցերի ընկերություններին, այսպես կոչված, ապատեղեկատվությունը գրաքննելու համար: Օրինակ, այն տեղեկությունը, որ կորոնավիրուսը, հավանաբար, արտահոսել է Չինաստանի լաբորատորիայից:
Մեր կառավարությունը խրախուսում էր մասնավոր ընկերություններին լռեցնել մարդկանց, ովքեր համարձակվում էին արտաբերել այն, ինչն ակնհայտ ճշմարտություն էր և ինչը հետագայում ակնհայտ ճշմարտություն էր դարձել։ Այսպիսով՝ ես այսօր այստեղ եմ ոչ միայն դիտարկումներով, այլ նաև առաջարկով։
Եթե Բայդենի վարչակազմը ձգտում էր լռեցնել մարդկանց իրենց միտքը արտահայտելու համար, ապա Թրամփի վարչակազմը կանի ճիշտ հակառակը, և ես հուսով եմ, որ մենք կարող ենք համագործակցել այս հարցում։ Վաշինգտոնում նոր ղեկավարություն կա։ Եվ Դոնալդ Թրամփի առաջնորդության ներքո մենք կարող ենք չհամաձայնել ձեր տեսակետների հետ, բայց մենք կպայքարենք ձեր իրավունքը պաշտպանելու համար՝ դրանք արտահայտելու հանրային հարթակում։
Այժմ մենք հասել ենք մի կետի, որտեղ իրավիճակն այնքան է վատթարացել, որ այս տարվա դեկտեմբերին Ռումինիան ուղղակի չեղարկեց նախագահական ընտրությունների արդյունքները՝ հղում անելով հետախուզական գործակալության թույլ կասկածների և մայրցամաքային հարևանների ահռելի ճնշման վրա։
Որքան հասկացա՝ փաստարկն այն էր, որ ռուսական ապատեղեկատվությունը ներթափանցել էր ռումինական ընտրություններ։ Բայց ես կցանկանայի իմ եվրոպացի ընկերներին խնդրել այս ամենը դիտարկել որոշակի հեռանկարի մեջ։ Դուք կարող է սխալ համարեք, որ Ռուսաստանը սոցիալական մեդիա գովազդներ է գնում է՝ ազդելու համար ձեր ընտրությունների վրա։ Մենք նույնպես այդպես ենք մտածում։ Դուք նույնիսկ կարող եք դա դատապարտել համաշխարհային ասպարեզում։ Բայց եթե ձեր ժողովրդավարությունը ընդամենը մի քանի հարյուր հազար դոլար արժողությամբ օտարերկրյա թվային գովազդից կարող է փլուզվել, ապա այն ի սկզբանե այնքան էլ ուժեղ չի եղել։
Բարեբախտաբար, ես հավատում եմ, որ ձեր ժողովրդավարությունը շատ ավելի ամուր է, քան շատերը կարծում են։ Եվ ես իսկապես հավատում եմ, որ մեր քաղաքացիներին թույլ տալով ազատ արտահայտվել՝ մենք նրանց ավելի ուժեղ կդարձնենք։ Սա, իհարկե, մեզ վերադարձնում է Մյունխեն, որտեղ հենց այս համաժողովի կազմակերպիչներն արգելել են պոպուլիստական կուսակցությունների օրենսդիրներին՝ թե՛ ձախ, թե՛ աջ կողմերից, մասնակցել այս քննարկումներին։ Կրկնում եմ, մենք պարտավոր չենք համաձայնել այն ամենի հետ, ինչ մարդիկ ասում են։ Բայց երբ քաղաքական առաջնորդները ներկայացնում են կարևոր ընտրազանգված, մեր պարտքն է գոնե երկխոսության մեջ մտնել նրանց հետ։
Մեզնից շատերի համար, որոնք Ատլանտյան օվկիանոսի մյուս կողմում են, սա գնալով ավելի շատ հիշեցնում է հին, խորը արմատավորված շահերը, որոնք թաքնվում են խորհրդային դարաշրջանի տգեղ բառերի՝ «ապատեղեկատվության» և «թյուրըմբռնման» հետևում՝ պարզապես չցանկանալով, որ ինչ-որ մեկը, ով ունի այլընտրանքային տեսակետ, արտահայտի այլ կարծիք, կամ Աստված մի արասցե, քվեարկի այլ կերպ, կամ ավելի վատ՝ հաղթի ընտրություններում։
Սա անվտանգության համաժողով է, և վստահ եմ, որ դուք եկել եք այստեղ եք՝ պատրաստ՝ քննարկելու, թե ինչպես եք պատրաստվում ավելացնել պաշտպանական ծախսերը առաջիկա տարիներին՝ համաձայն նոր սահմանված նպատակների։ Եվ դա հրաշալի է, քանի որ նախագահ Թրամփը միանգամայն հստակ ասել է, որ մեր եվրոպացի ընկերները պետք է ավելի մեծ դերակատարում ունենան այս մայրցամաքի ապագայի ձևավորման գործում։
Դուք հաճախ լսում եք «բեռի բաշխում» արտահայտությունը, բայց մենք դա համարում ենք ընհանուր դաշինքի կարևոր մաս, եվրոպացիները պետք է գործեն ավելի վճռական, մինչ Ամերիկան կկենտրոնանա այն տարածաշրջանների վրա, որոնք ամենամեծ վտանգի տակ են։ Բայց թույլ տվեք հարցնել՝ ինչպե՞ս կարող եք նույնիսկ մտածել բյուջետային այսպիսի կարևոր հարցերի շուրջ, եթե չգիտենք, թե իրականում ինչն ենք պաշտպանում։ Ես արդեն բազմաթիվ քննարկումներ եմ ունեցել այստեղ ներկա մարդկանց հետ և նրացից լսել եմ, թե ինչի՞ց ենք ուզում պաշտպանվել, ինչը, իհարկե, շատ կարևոր է։
Բայց ինձ համար, և վստահ եմ, որ շատ եվրոպացի քաղաքացիների համար նույնպես, այնքան էլ պարզ չէ՝ ի՞նչն է այն արժեքը, որ մենք պաշտպանում ենք։ Ի՞նչն է այդ ընդհանուր անվտանգության տեսլականը, որը մենք բոլորս համարում ենք այնքան կարևոր։ Ես խորապես հավատում եմ, որ չի կարող լինել անվտանգություն, եթե դուք վախենում եք ձեր ժողովրդի ձայնից, կարծիքներից և խղճի ազդակներից։ Եվրոպան բախվում է բազմաթիվ մարտահրավերների։ Սակայն այս մայրցամաքի առջև ծառացած ճգնաժամը, որը կարծում եմ՝ նաև մեր բոլորի խնդիրն է, մեր իսկ ստեղծած ճգնաժամն է։ Եթե դուք վախենում եք ձեր իսկ ընտրողներից, ապա Ամերիկան ոչինչ չի կարող անել ձեր համար։ Այնպես, ինչպես դուք ոչինչ չեք կարող անել այն ամերիկացիների համար, ովքեր ընտրել են ինձ և ընտրել են նախագահ Թրամփին։ Կառավարման, առաջիկա տարիներին որևէ արժեքավոր բան ձեռք բերելու համար համար ձեզ անհրաժեշտ են ժողովրդավարական մանդատներ։
Մի՞թե չենք սովորել, որ թույլ մանդատները հանգեցնում են անկայուն արդյունքների։ Բայց կա շատ արժեքավոր բան, որը կարող է ձեռք բերվել ժողովրդավարական այնպիսի մանդատի միջոցով, որը կստացվի՝ ձեր քաղաքացիների ձայներին ավելի ուշադիր լսելով։ Եթե դուք ցանկանում եք ունենալ մրցունակ տնտեսություններ, մատչելի էներգիա և ապահով մատակարարման շղթաներ, ապա ձեզ անհրաժեշտ են հստակ մանդատներ՝ կառավարման համար, քանի որ դուք պետք է բարդ որոշումներ կայացնեք այս ամենը ապահովելու համար։ Եվ իհարկե, մենք դա լավ գիտենք։
Ամերիկայում դուք չեք կարող ստանալ ժողովրդավարական մանդատ, եթե գրաքննության ենթարկեք ձեր ընդդիմախոսներին կամ նրանց բանտարկեք՝ լինի դա ընդդիմության առաջնորդը, իր սեփական տանն աղոթող համեստ քրիստոնյան, թե լրագրող, ով պարզապես փորձում է լուսաբանել իրադարձությունները։
Դուք չեք կարող ստանալ ժողովրդավարական մանդատ, եթե անտեսեք ձեր հիմնական ընտրազանգվածի կարծիքը՝ այնպիսի հարցերում, ինչպիսին է՝ ով կարող է լինել մեր ընդհանուր հասարակության անդամ։ Եվ բոլոր այն հրատապ մարտահրավերներից, որոնց այս սրահում ներկա երկրները բախվում են, ամենավտանգավորը, ես կարծում եմ՝ զանգվածային միգրացիան է։
Այսօր այս երկրում ապրող յուրաքանչյուր հինգերորդ մարդ արտասահմանից է տեղափոխվել։ Դա աննախադեպ ցուցանիշ է։ Նույն իրավիճակն է նաև Միացյալ Նահանգներում։ Եվս մեկ աննախադեպ ցուցանիշ. ԵՄ-ում ոչ ԵՄ երկրներից եկող միգրանտների թիվը կրկնապատկվել է 2021-ից 2022 թվականներին։ Եվ, իհարկե, դրանից հետո այն է՛լ ավելի է աճել։ Մենք գիտենք այս իրավիճակը։ Այն օդից չի առաջացել։ Դա մի շարք գիտակցված որոշումների արդյունք է, որոնք քաղաքական գործիչներն ընդունել են ամբողջ մայրցամաքում, և նաև ամբողջ աշխարհում, ավելի քան 10 տարվա ընթացքում։
Մենք երեկ այս քաղաքում տեսանք այդ որոշումների հետևանքների սարսափները։ Եվ ես չեմ կարող այդ մասին խոսել՝ առանց հիշելու ողբերգության զոհերին, ովքեր պարզապես վայելում էին Մյունխենի մի գեղեցիկ ձմեռային օր։ Մեր աղոթքներն ու մտքերը նրանց հետ են և կմնան նրանց հետ։ Բայց ինչո՞ւ դա տեղի ունեցավ։ Սա սարսափելի պատմություն է, բայց, ցավոք, Եվրոպայում, և, ցավոք, նաև ԱՄՆ-ում, սա շատ անգամներ կրկնված պատմություն է։
Ոստիկանությանն արդեն հատնի է՝ ապաստան հայցող մ երիտասարդ տղամարդ մեքենայով մխրճվել է մարդկանց մեջ և կործանել է համայնքի անվտանգությունը։ Քանի՞ անգամ պետք է վերապրենք այս ցավալի հարվածները, նախքան մենք կփոխենք մեր ուղղությունն ու կվերադարձնենք մեր քաղաքակրթությունը ճիշտ ուղու վրա։ Ոչ մի ընտրող այս մայրցամաքում իր քվեն չի տվել, որպեսզի միլիոնավոր չստուգված միգրանտների առաջ դռները բացվեն։ Բայց գիտե՞ք, թե ինչի համար նրանք քվեարկել են։ Անգլիայում նրանք քվեարկեցին Brexit-ի օգտին։ Համաձայնվեք կամ ոչ, բայց նրանք քվեարկեցին դրա համար։ Եվ հիմա, Եվրոպայի տարբեր երկրներում, ընտրողներն իրենց ձայնը տալիս են այն քաղաքական գործիչներին, ովքեր խոստանում են վերջ դնել վերահսկողությունից դուրս գտնվող միգրացիային։ Ի դեպ, ես համամիտ եմ այս մտահոգություններից շատերի հետ, բայց դուք պարտավոր չեք համաձայնել ինձ հետ։
Ես պարզապես կարծում եմ, որ մարդկանց համար կարևոր է իրենց տունը, երազանքներն ու անվտանգությունը։ Նրանք հոգ են տանում իրենց անվտանգության և իրենց երեխաների ապագայի մասին։ Եվ նրանք խելացի են։ Սա այն կարևոր դասերից մեկն է, որը ես սովորել եմ քաղաքական իմ կարճ գործունեության ընթացքում։ Հակառակ այն ամենին, ինչ դուք կարող եք լսել Դավոսի որոշակի շրջանակներում, մեր երկրների քաղաքացիները իրենց չեն համարում կրթված կենդանիներ կամ գլոբալ տնտեսության անփոխարինելի մասնիկներ։
Եվ զարմանալի չէ, որ նրանք չեն ուզում անընդհատ տեղափոխվել կամ անտեսվել իրենց ղեկավարների կողմից։ Եվ հենց ժողովրդավարության գործն է՝ այս կարևոր հարցերը որոշել քվեարկության միջոցով։ Ես հավատում եմ, որ մարդկանց անտեսելը, նրանց մտահոգությունները մերժելը կամ, ավելի վատ՝ լրատվամիջոցները փակելը, ընտրությունները դադարեցնելը կամ մարդկանց քաղաքական գործընթացից դուրս մղելը ոչինչ չի պաշտպանում։ Իրականում դա ժողովրդավարությունը կործանելու ամենահաստատուն ճանապարհն է։ Խոսելը և կարծիքներ հայտնելն ընտրություններին միջամտել չէ։
Նույնիսկ երբ մարդիկ արտահայտում են տեսակետներ ձեր երկրից դուրս, եւ նույնիսկ երբ այդ մարդիկ շատ ազդեցիկ են, հավատացեք, ես սա ասում եմ հումորով, եթե ամերիկյան ժողովրդավարությունը կարողացավ դիմանալ Գրետա Թունբերգի տասը տարվա բարոյախոսություններին, դուք մի քանի ամիս կկարողանաք դիմանալ Իլոն Մասկին:
Բայց ոչ մի ժողովրդավարություն՝ լինի դա ամերիկյան, գերմանական թե եվրոպական, չի կարող գոյատևել, եթե միլիոնավոր ընտրողներին ասում են, որ նրանց մտքերը, մտահոգությունները, ձգտումները, օգնության կոչերն անարժան են կամ անգամ քննարկման ենթակա չեն։ Ժողովրդավարությունը հիմնված է սուրբ սկզբունքի վրա՝ ժողովրդի ձայնն ունի նշանակություն։ Այստեղ պատնեշներ չկան։ Կա՛մ աջակցում ես այդ սկզբունքին, կա՛մ ոչ։
Եվրոպացիներ՛, ժողովուրդն ունի ձայն։ Եվրոպացի առաջնորդներն ունեն ընտրություն։ Եվ ես խորապես հավատում եմ, որ մենք չպետք է վախենանք ապագայից։ Ընդունեք այն, ինչ ձեր ժողովուրդն ասում է ձեզ, նույնիսկ եթե դա անսպասելի է, նույնիսկ եթե դուք համաձայն չեք։
Եվ եթե դուք դա անեք, ապա ապագային կարող եք նայել վստահությամբ՝ գիտակցելով, որ ձեր ժողովուրդը ձեր կողքին է։ Եվ, իմ կարծիքով, դա ժողովրդավարության ամենամեծ կախարդանքը։ Այն ոչ այս քարե շինություններում կամ շքեղ հյուրանոցներում է, ոչ էլ նույնիսկ այն մեծ հաստատություններում, որոնք մենք միասին կառուցել ենք որպես համատեղ հասարակություն։ Հավատալ ժողովրդավարությանը նշանակում է՝ հասկանալ, որ մեր յուրաքանչյուր քաղաքացի ունի իմաստնություն և ձայն։
Եվ եթե հրաժարվում ենք լսել այդ ձայնը, ապա մեր ամենահաջող պայքարն անգամ շատ քիչ բան կապահովի։
Ինչպես ասել է Հովհաննես Պողոս Երկրորդ պապը, ով, իմ կարծիքով, այս մայրցամաքի և ամբողջ աշխարհի ժողովրդավարության ամենանշանավոր պաշտպաններից մեկն էր. «Մի՛ վախեցեք»։
Մենք չպետք է վախենանք մեր ժողովրդից, նույնիսկ եթե նրանք արտահայտում են այնպիսի տեսակետներ, որոնք չեն համընկնում ղեկավարության կարծիքների հետ։
Շնորհակալ եմ ձեզ բոլորին։
Հաջողություն բոլորիդ։
Աստված օրհնի ձեզ»։