Իշխանությունը ցանկանում է ավելի մեծ օգուտ քաղել խաղամոլությունից

Որքան երիտհեղափոխականների իշխանությունն ավելի «ակտիվ» է պայքարում խաղային բիզնեսի դեմ, այնքան խաղամոլությունը Հայաստանում ծաղկում է։

Վերջին տարիներին տարբեր միջոցներ են ձեռնարկել, իբր խաղային բիզնեսը սահմանափակելու համար, գովազդներն են արգելել, հարկային բեռն են ավելացրել, տուրքերն ու վճարներն են բարձրացրել, բայց դրանից խաղամոլությունը ոչ միայն չի կրճատվել, այլև խաղային բիզնեսի ծավալները հասել են սարսափելի չափերի։ Այնքան են ահագնացել, որ մեծագույն չարիք ու ազգային անվտանգության սպառնալիք են դարձել։

Պաշտոնական տվյալները վկայում են, որ խաղային բիզնեսն ու խաղամոլությունը Հայաստանում սկսել է ծաղկել հատկապես իշխանափոխությունից հետո։ Այն դեպքում, երբ իշխանությունները ցույց են տվել, թե անհանգստացած են ու «համառորեն» պայքարում են խաղամոլության դեմ։

Այդ պայմաններում խաղային բիզնեսի շրջանառությունը բազմաթիվ անգամներով ավելացել է։

Կարդացեք նաև

Եթե 2017թ. Հայաստանում կատարվել էր ընդամենը 138,5 մլրդ դրամի կամ 280-281 մլն դոլարի խաղադրույք, 2024թ. տվյալներով, հասել է 7,1 տրիլիոն դրամի։

Այսօրվա փոխարժեքով այս գումարը համարժեք է գրեթե 18 մլրդ դոլարի։

Երիտհեղափոխականների իշխանության գալու հենց առաջին տարում Հայաստանում սկսվեց խաղային բիզնեսի ծաղկումն ու խաղամոլության ահագնացումը։ Արդեն 2018թ. շրջանառություններն ավելի քան կրկնապատկվեցին և կազմեցին 333 մլրդ դրամ։ Հաջորդ տարի նույնիսկ կրկնապատկումով չսահմանափակվեց, եռապատկվեց՝ 333 միլիարդից հասնելով 1,1 տրիլիոն դրամի։ 2020թ.՝ համավարակի ու արցախյան պատերազմի տարվա ընթացքում կատարվեց 1 տրիլիոն 980 միլիարդի խաղադրույք։ Մեկ տարի հետո էլ հասավ 3,9 տրիլիոն դրամի։ 2022թ. խաղային բիզնեսի շրջանառությունները գերազանցեցին 5,5 տրիլիոնը, իսկ 2023թ.՝ 6,3 տրիլիոն դրամը։

2024թ. էլ ինտերնետ շահումով խաղերի շրջանառությունը կազմեց ավելի քան 7,1 տրիլիոն դրամի։ Այս տվյալները ցույց են տալիս, թե վերջին տարիներին ինչ է տեղի ունեցել խաղային բիզնեսի ոլորտում։ Երիտհեղափոխականների իշխանությունը հասել է նրան, որ խաղային բիզնեսը Հայաստանում ծաղկել է, իսկ խաղամոլությունը հասել ահավոր չափերի։

2018թ. իշխանափոխությանը հաջորդած 7 տարվա ընթացքում կատարված խաղադրույքները, դոլարով արտահայտված՝ 64 անգամով ավելացել են։

Նախկինում էլ Հայաստանում խաղային բիզնես եղել է, բայց ծավալներն այսօրվա հետ համեմատելու բացարձակ եզրեր չկան։ Պատկերացնելու համար ասենք, որ 2010թ. ինտերնետ շահումով խաղերում կատարված  խաղադրույքները կազմել էին շուրջ 14 մլրդ դրամ, 2017թ.՝ 138,5 մլրդ դրամ։

Այլ կերպ՝ 7 տարվա ընթացքում ավելացել էին գրեթե 8 անգամով։ Մինչդեռ՝ դրան հաջորդող 7 տարիներին խաղային բիզնեսի շրջանառություններն ընդլայնվել են 64 անգամով։ Ու դա տեղի է ունեցել այս իշխանությունների կողմից խաղային բիզնեսի դեմ տարվող «անհաշտ» պայքարի պայմաններում։ Այդ պայքարի շրջանակներում ժամանակին արգելեցին զանգվածային լրատվամիջոցներով ու համացանցով իրականացվող շահումով խաղերի գովազդը, դա հիմնավորելով նրանով, որ շահումով խաղերի ծավալների աճի արդյունքում, աճել են խաղամոլության ռիսկերը։ Ասում էին՝ հաշվի առնելով բնակչության սոցիալական վիճակը և մոլախաղերով հրապուրված անձանց կողմից իրենց ու իրենց ընտանիքներին նյութական ծանր դրության հասցնելու հաճախ հանդիպող իրողությունները, խաղային բիզնեսի գովազդն արգելելով՝ հասարակության խոցելի խմբերին զերծ կպահենք մոլեխաղերով հրապուրվելու վտանգից։

Շահումով խաղերի տարածումը կանխելու և դրա նկատմամբ հասարակության հետաքրքրությունները սահմանափակելու անվան տակ էլ արգելեցին դրանց գովազդը։ Իշխանության ներկայացուցիչները բոցաշունչ ելույթներ էին ունենում, թե դրանով պայքարում են խաղամոլության դեմ, որը դարձել է չարիք հասարակության լայն խավերի համար։ Բայց արգելումից հետո խաղամոլությունն ու խաղային բիզնեսը մեր երկրում շատ ավելի մեծ թափով սկսեց առաջանալ։ Գովազդի արգելումը, որով իբր պայքարում էին  խաղամոլության դեմ, որևէ արդյունք չտվեց։ Թեև այն ժամանակ էլ պարզ էր, որ դա բոլորովին այլ նպատակ է հետապնդում՝ զրկել լրատվամիջոցներին եկամուտների հիմնական աղբյուրից։

Հետո որոշեցին խաղամոլության դեմ պայքարել խաղային բիզնեսի հարկերն ու տուրքերը բարձրացնելով։ Բայց դա էլ որևէ արդյունք չտվեց։ Խաղային բիզնեսի շրջանառությունները շարունակեցին ռեկորդային տեմպերով ավելանալ։ Փոխարենը՝ նվազեց ոլորտից գանձվող հարկային մուտքերի կշիռը։

Սիրում են նախկիններին մեղադրել թալանի ու ստվերային տնտեսությունը հովանավորելու մեջ։ Հիմա տեսեք, թե ինչ է տեղի ունեցել խաղային բիզնեսում. Եթե 2010թ. խաղային բիզնեսի շրջանառության 7,2 տոկոսի չափով էին գանձված հարկերը, 2023թ. կազմել են շրջանառության ընդամենը 0,4-0,5 տոկոսը։

Ու երբ իշխանությունները խոսում են խաղամոլության չարիքի դեմ պայքարելու անկեղծ մղումների մասին, դա, մեղմ ասած, հավատ չի ներշնչում։ Որքան շատ են պայքարում, այնքան չարիքն ընդլայնվում է։ Վերջին 4-5 տարիներին մի շարք օրենսդրական փոփոխություններ են կատարել՝ հարկային բեռն ավելացնելու, խաղային բիզնեսը սահմանափակելու առումով, բայց, ինչպես տեսնում ենք, դրանից խաղային բիզնեսի շրջանառությունը չի կրճատվել, իսկ խաղամոլությունը չի նահանջել։

Հարկային բեռի բարձրացումները, որով փորձել են փակել չարիքի ճանապարհը, ցանկալի արդյունք չեն տվել։ Դա չի նպաստել նաև ոլորտից գանձվող հարկերի կշռի ավելացմանը։ Նույնիսկ հակառակ էֆեկտն է ունեցել։

Բայց էլի շարունակում են գնալ նույն արատավոր ճանապարհով։ Փոխարենը պայմաններ ստեղծեն չարիքի դեմն առնելու համար, խաղամոլությունն ու խաղային բիզնեսը փորձում են ծառայեցնել բյուջեն լցնելուն, մոռանալով, որ դրա հետևում հազարավոր խորտակված ճակատագրեր են։

Իշխանական պատգամավորներից մեկն օրերս հերթական օրենսդրական նախաձեռնությունն է ներկայացրել խաղային բիզնեսի հարկային բեռն ավելացնելու վերաբերյալ, իբր մտահոգ լինելով խաղամոլության ահագնացող չափերով։ Բայց ակնկալիքը ոչ թե խաղամոլության կրճատումն է, այլ բյուջեի համար լրացուցիչ եկամուտներ ապահովելը։

Այսպես են պայքարում չարիքի դեմ, որ նահանջելու փոխարեն՝ ընդլայնվում է։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս