![](/banners/BeFunky-design.jpg)
Դրանք Իրանի ժողովրդի ներկայացուցիչներ չեն. դեսպանը՝ հայտնի տեսանյութի մասին
Փետրվարի 6-ին ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին լրագրողների հետ հանդիպման սկզբում հայտարարեց. «Իրանը կտրականապես դեմ է միջազգային սահմանների փոփոխությանը, աշխարհաքաղաքական փոփոխություններին ու ուժի կիրառմանը տարածաշրջանային խնդիրների լուծման համար, և վճռականորեն աջակցում է երկրների, հատկապես Հայաստանի տարածքային ամբողջականությանը: Կեղծ նարատիվների, սպառնալիքների, կասկածների և տեսանյութերի ստեղծումը չի կարող խաթարել երկու երկրների միջև առկա ամուր հարաբերությունները կամ պառակտում ու կասկած նետել մեր միջև»:
Ավելի ուշ դեսպանն անդրադարձավ ՀՀ-ում տարածված այն տեսանյութին, որտեղ Իրանի քաղաքացի ադրբեջանցիները Հանրապետության հրապարակում «Ղարաբաղ» են երգել, և նշեց, որ բազմաթիվ հարցեր կան դրա հետ կապված, այն պետք է ուսումնասիրվի:
«Անկեղծ ասած, ես էլ եմ նայել և լսել, շատ հստակ չի էլ լսվում՝ ինչ են իրենք ասում: Մեր դիրքորոշումը հետևյալն է. ովքեր ռասիստական և ազգային լոզունգներով են հանդես գալիս, նրանք ոչ Իրանի ժողովրդի ներկայացուցիչն են, ոչ էլ Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնական դիրքորոշումներն արտահայտողները»,- շեշտեց դեսպանը՝ նշելով, որ պատմության ընթացքում նման գործողությունները, որոնք կարող են ինչ-որ նպատակներ հետապնդել և անգամ նախապես պլանավորված լինել, դրանք Իրանի քաղաքակրթության տիրույթում իրենց ազդեցությունը կորցնում են, ոչ մի նշանակություն չունեն:
Այսինքն, ըստ դիվանագետի, նման գործողությունները չպետք է կասկածներ առաջացնեն Իրան-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ:
Մանրամասները՝ տեսանյութում