Պետք է հանդիպենք ԱԱԾ տնօրենին՝ ադրբեջանական կողմի հետ հանդիպման մանրամասներն իմանալու համար. Անհետ կորածի մայր

Փետրվարի 7-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի հանդիպումը:

Ինչպես նշվում է պաշտոնական հաղորդագրությունում, հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանման հարցերի վերաբերյալ և համաձայնության եկել, որ հանձնաժողովների միջև փոխադարձ համաձայնությամբ քննարկումները կշարունակվեն:

168.amի հետ զրույցում «Քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը՝ Հռիփսիմե Հակոբյանը, ասաց, որ այս պահին այդ հանդիպման վերաբերյալ որևէ տեղեկություն չունեն, քանի որ ԱԱԾ տնօրենի հետ դեռ չեն հանդիպել։

«Մեզ ԱԱԾ-ից տեղեկացրեցին, որ տնօրենը մեզ հետ հանդիպում կունենա ու ադրբեջանական կողմի հետ հանդիպման մանրամասները կասի։

Կարդացեք նաև

Չգիտեմ էլ՝ ակնկալիքներ ունենա՞մ, թե՞ ոչ, որովհետև միշտ ամեն ինչ շոու են սարքել, այս ամենին լուրջ չեն վերաբերվել։ Գնացել ներկայացրել են, եկել են ու որևէ բան չեն արել, ամեն անգամ մեզ հույս են տվել, թե լավ է լինելու, բայց 4,5 տարի է՝ որևէ փոփոխություն չկա։ Սա քիչ բան չէ՝ հասկանալու համար, որ իրենց մոտ նպատակ չկա մեր տղաներին բերելու։ Թե ինչն է պատճառը, որ չեն կարողանում, կամ չեն ուզում բերել՝ իրենք կիմանան։ Ամեն դեպքում, իրենք չեն ուզում, եթե ուզեն՝ մեր տղաներին կբերեն»,- նշեց Հռիփսիմե Հակոբյանը։

Նրա խոսքով՝ անհետ կորած տղաներից մեկի ծնողը նամակ-խնդրանք էր ուղարկել Բեյրութ՝ Կիլիկո կաթողիկոս Արամ Ա-ին՝ խնդրելով անհետ կորածների հարցով դիմել Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին։

«Անմիջապես ուղերձը հասել էր Թրամփին, հետո պատասխանը եկել էր Արամ Առաջին կաթողիկոսին, որ կաջակցի, որպեսզի տղաները Բաքվից հետ վերադառնան։ 2-3 օրվա ընթացքում արձագանք եղավ, բայց 4,5 տարի ՀՀ իշխանությունը մեր տղաների համար որևէ բան չի արել։ Ես միշտ ասել եմ, որ մեր տղաների ամբողջ գործերը մնացել են փակ դռների հետևում, որևէ բան չեն անում։

Չգիտեմ, գուցե հրաշք լինի, մի բան փոխվի, գուցե իշխանությունները քայլեր ձեռնարկեն՝ հասկանալով, որ անհետ կորածների ծնողները ոտքի են կանգնել։ Ես դեռևս նոյեմբերին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հասկացա, որ նա որևէ բան չի անելու մեր տղաների համար»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Նա նաև փոխանցեց, որ այսօր հավանաբար ԱԱԾ-ից՝ տնօրենի հետ հանդիպման ժամ ու օր կասեն իրենց։

Տեսանյութեր

Լրահոս