Շնորհավորանք Քոչարյանին, ուղերձ Փաշինյանին. Պուտինի քաղաքական ազդանշանը՝ Բիշքեկի հանդիպմանն ընդառաջ

Մինչ հայաստանյան քաղաքական, փորձագիտական շրջանակները սպասում են ՇՀԿ հարթակում՝ մասնավորապես, Ղրղըզստանի Բիշքեկ քաղաքում սպասվող Փաշինյան-Պուտին հանդիպմանն ու արդեն հայտարարված խնդրահարույց հարցերի քննարկմանը, ՌԴ նախագահը շնորհավորել է կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան 72-րդ տարեդարձը:

Ռուսական պաշտոնական Կրեմլինի փոխանցմամբ, Պուտինը հեռագրով շնորհավորել է Հայաստանի նախկին նախագահ Քոչարյանին ծննդյան օրվա առթիվ և մաղթել նրան «տոկունություն փորձություններին դեմ հանդիման»: «Հարգելի Ռոբերտ Սեդրակովիչ։

Ընդունեք իմ սրտանց շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ։ Ռուսաստանում չեն մոռանում մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային կապերի զարգացման գործում Ձեր անձնական ներդրման մասին: Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, հոգու կորով և տոկունություն այն փորձությունների առաջ, որոնց այժմ բախվում եք Դուք և Ձեր ընտանիքի անդամները»,- ասված է հեռագրում։

ՌԴ նախագահը հաճախ է նախկին նախագահներին շնորհավորում ծննդյան տարեդարձների դեպքում, սակայն այս անգամ Պուտինի շնորհավորանքն այլ նշանակություն է ստանում շնորհավորանքի բովանդակության, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի ու նրա ընտանիքի շուրջ ծավալվող քաղաքական իրադարձությունների պատճառով:

Կարդացեք նաև

Այս համատեքստում Պուտինի ուղերձը հատկապես ուշագրավ է դառնում Փաշինյան-Պուտին՝ սեպտեմբերի 1-ին Բիշքեկում սպասվող հանդիպմանն ընդառաջ։ Թեև ՌԴ նախագահի կողմից նախկին նախագահներին ծննդյան օրվա առթիվ շնորհավորելը նորություն չէ, Քոչարյանին ուղղված այս հեռագրի ձևակերպումները, մասնավորապես՝ «տոկունություն այն փորձությունների առաջ», որոնց նա և նրա ընտանիքն այժմ բախվում են, դժվար է դիտարկել միայն արարողակարգային ժեստի շրջանակում։

Հաշվի առնելով, որ առաջիկա հանդիպման օրակարգում, ըստ արդեն հրապարակված տեղեկությունների, առկա են նաև հայ-ռուսական հարաբերությունների և Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ խնդրահարույց հարցեր, ուղերձը կարող է ընկալվել նաև որպես Մոսկվայի դիրքորոշման որոշակի ազդակ՝ Փաշինյանի հետ բանակցություններից առաջ։

Օրերս Պուտինի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 1-ին կհանդիպեն Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում։ Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում կողմերը կանդրադառնան Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ձգտմանը և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում համագործակցությանը։

«Մենք շարունակում ենք պնդել, որ Հայաստանը չի կարող ձգտել ԵՄ անդամակցությանը՝ միաժամանակ ԵԱՏՄ-ի շրջանակում համագործակցությունից մեծ օգուտներ ստանալով։ Այս հարցը պետք է ինչ-որ կերպ կարգավորել»,- ասել էր Ուշակովը։

Ռուսաստանցի պաշտոնյան նշել էր, որ հանդիպման ընթացքում անդրադարձ կլինի նաև Հայաստանում վերջին ձերբակալություններին։ Նրա խոսքով՝ խոսքը նաև այն ընդդիմադիր գործիչների մասին է, որոնք հանդես են եկել Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների ակտիվացման օգտին։

Ուշակովը նշել է, որ այդ իրավիճակը մտահոգում է Ռուսաստանի ղեկավարությանը։

Սերգեյ Լավրովը ևս անդրադարձել էր ՀՀ ներքաղաքական իրավիճակին, նշելով, թե ՌԴ-ն ելնում է ՀՀ ժողովրդի շահերից: Փաշինյանի քաղաքականությանն իր տելեգրամյան ալիքում գրառմամբ անդրադարձել էր նաև ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Այս իմաստով Պուտինի շնորհավորանքը կարելի է դիտարկել որպես բավականին նուրբ, սակայն քաղաքական առումով հաշվարկված ազդանշան Փաշինյան-Պուտին հանդիպումից ընդամենը մեկ օր առաջ։ Ամենաբարձր մակարդակով Մոսկվան չի հրապարակում կոշտ գնահատական, չի միջամտում Հայաստանի ներքաղաքական գործընթացներին, սակայն մի քանի բառով ցույց է տալիս, թե ինչ հարցերի շուրջ է ակնկալում խոսակցություն։

Քոչարյանի նկատմամբ վերաբերմունքը, Հայաստանում ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալությունները և ավելի լայն իմաստով Հայաստանի ներքաղաքական զարգացումները կդառնան այն թեմաներից մեկը, որը Պուտինը կբարձրացնի Փաշինյանի հետ։ Այդ առումով շնորհավորանքը ոչ միայն ուղերձ է Քոչարյանին, այլև որոշակիորեն նախանշում է Փաշինյանի հետ առաջիկա բանակցության բովանդակությունը։

Միևնույն ժամանակ, այս ուղերձը պետք չէ դիտարկել որպես Մոսկվայի կողմից Քոչարյանին բացահայտ քաղաքական աջակցություն կամ որպես Հայաստանի ներքաղաքական գործընթացներին ուղղակի միջամտության փորձ։

Ուստի Բիշքեկի հանդիպումը, ինչպես և հայտարարվել էր, չի սահմանափակվի միայն երկկողմ տնտեսական հարցերի քննարկմամբ։ Ռուսաստանի հրապարակային ազդակները վկայում են, որ Պուտինը Փաշինյանի առաջ փորձելու է դնել միաժամանակ մի քանի փոխկապակցված հարց՝ Հայաստանի եվրոպական ինտեգրման հեռանկարը, Ռուսաստանի հետ հարաբերությունների ապագա ձևաչափը և Հայաստանի ներքաղաքական գործընթացները։

Այս տեսանկյունից Քոչարյանին ուղղված շնորհավորանքը կարելի է դիտարկել որպես հանդիպումից առաջ արված նախնական քաղաքական ազդանշան․ այն բավականաչափ նուրբ ու զուսպ է, որպեսզի չվերածվի հրապարակային առճակատման, միաժամանակ բավական հստակ է՝ ցույց տալու համար, որ Մոսկվան Բիշքեկում պատրաստվում է խոսել ոչ միայն երկու երկրների հարաբերությունների ներկայիս վիճակի, այլև դրանց ապագա ուղղության մասին։

Վերջիվերջո, Բիշքեկի հանդիպումից առաջ Մոսկվայի այս քայլը պետք է դիտարկել ոչ թե մեկ առանձին հայտարարության, այլ վերջին շրջանում հնչող ազդակների ամբողջության մեջ։ Սեպտեմբերի 1-ի Փաշինյան-Պուտին հանդիպման իրական նշանակությունը մեծապես պայմանավորված կլինի ոչ միայն ձեռք բերված պայմանավորվածություններով, քննարկումներով, այլև նրանով, թե որքան ուղիղ և որքան կոշտ կդրվեն այն հարցերը, որոնց մասին Մոսկվան խոսում է ակնարկների և դիվանագիտական ազդակների միջոցով:

Բիշքեկի հանդիպումը փորձություն է նաև Ռուսաստանի տարածաշրջանային ազդեցության և աշխարհաքաղաքական կշռի համար, քանի որ Մոսկվայի ազդեցությունը չափվում է ոչ միայն այն հարցերով, որոնք նա կարող է բարձրացնել, այլև դրանց նկատմամբ իր գործընկերների արձագանքը ձևավորելու կարողությամբ․ եթե Ռուսաստանի կողմից հետևողականորեն բարձրացվող հարցերը Հայաստանի իշխանությունների կողմից մնում են անտեսված, դա կասկածի տակ է դնում ոչ միայն պահանջների արդյունավետությունը, այլև Հարավային Կովկասում Ռուսաստանի՝ որպես գործընթացների վրա իրական ազդեցություն ունեցող կենտրոնի դիրքը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31