Հատկապես այս փուլում հարավկովկասյան երկրների ներկայացուցիչների հետ հանդիպումները Սպիտակ տան համար երրորդ-չորրորդական կարևորություն ունեն․ Մենաղարիշվիլի
Հայաստանյան քաղաքական շրջանակներն ու փորձագիտական համայնքը շարունակում են ակտիվորեն քննարկել Փաշինյանի աշխատանքային այցը Միացյալ Նահանգներ ու հատկապես հանդիպումը փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ։ Արդեն երկու օր է, ինչ համացանցը քննարկում է Սպիտակ տան գրասենյակներից մեկում՝ թափթփված գրասեղանի ու ամերիկյան դրոշների առջև, Փաշինյանի ու Վենսի ոչ պաշտոնական լուսանկարը։
Փաշինյանի մամուլի խոսնակը նախ հաղորդել էր, որ Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ։
Ըստ Նազելի Բաղդասարյանի, հանդիպման ընթացքում քննարկվել էին Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր։ Սակայն ավելի ուշ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հաղորդեց, որ փոխնախագահ Վենսի հետ ունեցել է «ճանաչողական հանդիպում և լավ խոսակցություն»։ Ամերիկյան կողմը հանդիպման վերաբերյալ որևէ իրազեկում չիրականացրեց, դրան որևէ տեսակի կարևորություն չտվեց։ Սակայն իշխանության ներկայացուցիչները և քարոզչական շրջանակներն ինչպես այցն, այնպես էլ՝ Վենսի հետ հանդիպումը կարևոր ու արդյունավետ են համարում, պնդելով, թե Փաշինյանը եղավ Թրամփի աշխատակազմի ներկայացուցչի հետ Սպիտակ տանը հանդիպած առաջին պաշտոնյաներից մեկը։
Վրացի քաղաքական վերլուծաբան Իրակլի Մենաղարիշվիլին 168.am-ի հետ զրույցում ասաց, որ նման այցերի ընթացքում հանդիպումն ավելի լավ է, քան դրա բացակայությունը։ Սակայն, նրա խոսքով, հասկանալի է նաև, որ ԱՄՆ նախագահի վարչակազմի հետ համագործակցող երկրների ղեկավարները և հատկապես այն երկրները, որոնք ձգտում են սերտ հարաբերությունների, ցանկանում են ունենալ բարձրաստիճան պաշտոնական հանդիպումներ։ Սակայն վերլուծաբանը հիշեցնում է, որ ամերիկյան վարչակազմերին բնորոշ է դժվարամատչելիությունը հեռու ռեգիոնների երկրների ներկայացուցիչների համար։
«Բացի այդ, կապ ունեն աշխարհաքաղաքական առաջնահերթությունները։ Նախորդ վարչակազմի համար Հարավային Կովկասը կարևոր էր, ուստի պետքարտուղարն անձամբ ավելի սերտ կապեր էր պահպանում այս երկրների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ։ Ամերիկյան համակարգի համար միշտ չէ, որ կարիք կա հանդիպել, օրինակ՝ հենց ղեկավարի հետ, քանի որ համակարգն աշխատում է, իրականացնում է ղեկավարի արտաքին քաղաքականությունը։ Իսկ ղեկավարները սովորաբար հանդիպում են աշխարհաքաղաքական դերակատարների ու ռազմավարական գործընկեր երկրների ղեկավարներին։
Օրինակ՝ հանգամանքը, որ Թրամփը Սպիտակ տանն առաջինը հանդիպեց Իսրայելի վարչապետին, ցույց տվեց նրա վերաբերմունքն իսրայելապաղեստինյան հակամարտության, դրանում Իսրայելի դերի ու Մերձավոր Արևելքում Իսրայելին տրվող դերակատարության հանդեպ։ Այսինքն՝ այս վարչակազմի համար սա էր առաջնահերթություն։ Հաջորդիվ Թրամփը հանդիպեց Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբային, այստեղ ամեն բան ավելի խնդրահարույց ֆոն ուներ, սակայն կրկին մեծ կարևորություն էր Միացյալ Նահանգների համար։ Մոտավորապես հասկանալի է, թե ինչպիսին է լինելու քաղաքականությունն Ուկրաինայի նկատմամբ, ինչը ևս աշխարհաքաղաքական հետագա զարգացումները կանխորոշող հանգամանք է։ Սակայն ակնհայտորեն հարավկովկասյան երկրներն այդ առաջնահերթությունների շարքից անգամ հեռու են»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը։
Մենաղարիշվիլին նշեց, որ վերջին բոլոր որոշումները ցույց են տալիս, որ Թրամփի արտաքին քաղաքականությունը մեծամասամբ արտացոլում է իր նախագահության առաջին ժամկետի քաղաքականությունը։
«Այս փուլում, որը Թրամփի պաշտոնամուտի առաջին շրջանն է, ամենազբաղված ժամանակահատվածը, Թրամփն իրականացնում է իր վարչակազմի համար ամենակարևոր հանդիպումները, կայացնում է ամենաառանցքային որոշումները, որոնց ականատեսն ենք։ Սա նաև այն փուլն է, որը նպատակահարմարության տեսանկյունից այնքան էլ լավ չէ երրորդական երկրներից այցերի ու հանդիպումների տեսանկյունից։ Եթե հայկական կողմի նպատակը հենց բարձրաստիճան հանդիպումն էր, ապա, թերևս, պետք էր մի փոքր սպասել, որպեսզի այդ փուլն անցնի, քանի որ արտաքին քաղաքականության գլխավոր անձը՝ պետքարտուղարը, անընդհատ այցերի մեջ է, ինչպես տեսնում ենք։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ անց մի փոքր ակտիվություն կարելի է ակնկալել պետքարտուղարից, սակայն կասկածում եմ, որ նա այս ուղղությամբ կունենա նախորդ վարչակազմի ակտիվությունը զանգերի, ինչպես նաև ամերիկացի պաշտոնյաների այցերի հաճախակիության տեսանկյունից»,- նկատեց նա։
Իսկ հայկական կողմի մտահոգությունները, նրա կարծիքով, հասկանալի են, քանի որ ռազմավարական փաստաթուղթ է ստորագրվել նախորդ վարչակազմի հետ։
«Իսկ այս վարչակազմի հետ դեռ կարծես դիրքորոշումներ համաձայնեցնելու կարիք կա»,- նկատեց նա։