Հայաստանի նախկին 3 նախագահներն էլ մեծ ներդրում են ունեցել. դա Բայդենի և Փաշինյանի ձեռքբերումը չէ

«Մենք տարբեր փուլեր ենք անցել ԱՄՆ հետ երկկողմ հարաբերություններում, ստորագրել ենք նաև ռազմավարական երկխոսության վերաբերյալ փաստաթուղթ, հիմա արդեն՝ ռազմավարական գործընկերության վերաբերյալ փաստաթուղթ:

Բոլոր այս փաստաթղթերի համար հիմք է ծառայել դեռևս 90-ականներին ձևավորված երկկողմ իրավապայմանագրային բազան»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ամերիկագետ Սուրեն Սարգսյանը՝ շեշտելով՝ ՀՀ նախկին երեք նախագահներն էլ իրենց լուրջ ներդրումն են ունեցել, որպեսզի ԱՄՆ հետ հարաբերություններն առաջ շարժվեն:

«Բնականաբար, նաև իրենց ամերիկացի գործընկերներն են լուրջ աշխատանք արել: Այնպես որ, ես չեմ ուզում, որ մենք սա վերագրենք՝ որպես Բայդենի և Փաշինյանի վարչակազմերի ձեռքբերում: Ասեմ ավելին, եթե մենք այդպիսի ընկալում ունենանք, եթե աշխարհին ցույց տանք, որ սա Բայդենի և Փաշինյանի վարչակազմերի ձեռքբերումն է, ապա հաստատ Թրամփը չի իրականացնի այն, ինչ այս փաստաթղթով նախատեսված է: Թրամփի վարչակազմը փաստաթղթի ստորագրման վերաբերյալ տեղյակ է եղել, որովհետև գործում է տրանզիցիոն թիմ՝ մի նախագահից մյուսին իշխանությունը փոխանցելու ժամանակ»,- նշեց նա:

Սուրեն Սարգսյանը հավելեց՝ ստորագրված կանոնադրությամբ ստեղծվում է աշխատանքային խումբ, որը պետք է կյանքի կոչի ռազմավարական գործընկերությանը բնորոշ պայմանավորվածություններ, պայմանագրեր, գործողություններ:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս