Նիկոլ Փաշինյանի աշխատակազմն այս տարի ևս պատվիրակել է մեդիամոնիտորինգի և տվյալների վերլուծության ծառայություններ
Այս տարի վարչապետի աշխատակազմը դարձյալ կօգտվի «Ռումորս» ՍՊԸ-ի տրամադրած Էլեկտրոնային տեղեկատվական ծառայություններից։ Ծառայությունների մատակարարման պայմանագիրը կնքվել է օրերս, որով ընկերությունը ստանձնել է 2025թ. հունվարի 1-ից դեկտեմբերի 30-ը հայկական լրատվական կայքերի հրապարակումների տվյալների վերլուծության և Անվտանգության խորհրդի գրասենյակի գործունեությանն առնչվող հարցերով հայկական լրատվական կայքերի հրապարակումների մոնիթորինգի ծառայությունների ծրագրային ապահովումը՝ 600.000 ՀՀ դրամի շրջանակներում։
«Ծառայությունների մատուցումն իրականացվում է Պատվիրատուին մեդիամոնիտորինգի, տվյալների վերլուծության և գնահատման ծառայությունների համար նախատեսված համակարգում համապատասխան օգտահաշիվ տրամադրելու միջոցով, որին ավտոմատացված կարգով կուղղվեն հրապարակումների մոնիթորինգի տվյալները,- նշվում է պայմանագրի տեխնիկական բնութագրում՝ հավելմամբ, որ համակարգը տրամադրում է Youtube-ում տեղադրված ԶԼՄ-ների հոլովակներ՝ մուտքագրված թեմաներին կամ բանալի բառերին համապատասխան,- Փաթեթի սահմանափակումները՝ 25 բանալի բառ, 5 որոնման պրոֆիլ, Բառերի փոփոխում, Բազմալեզու Որոնում, Ծանուցումներ, Թարմացումների Էջ, Վերլուծություն, Facebook գրառում, Facebook վարկանիշ, Youtube, Տրամաբանական Որոնում»։
Ի դեպ, հատկապես վերջին տեղեկությունները Նիկոլ Փաշինյանն ու նրա տիկինը շատ են կարևորում. նրանք տարբեր հարթակներում պարբերաբար խոսում են իրենց դիտումների մասին։
«28 օրվա մեջ 125 միլիոն դիտում։ 100 միլիոն իմ ամուսնու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, 25 միլիոն իմ սոցիալական էջերում։ Մոտ 3 միլիոն բնակչություն ունեցող երկրի պարագայում 125 միլիոնը, մեղմ ասած, մտածելու նյութ է տալիս,- նախորդ տարեվերջին ֆեյսբուքյան իր էջում այս ամփոփումն էր արել Աննա Հակոբյանը՝ հավելելով,- Ենթադրում եմ, կան հատուկ մասնագետներ, որոնց աշխատանքն է նման ստատիստիկաների վերլուծությունը։ Եվ հուսով եմ, նրանք մեզ հետ կկիսեն իրենց եզրակացությունները»։