Զենքի համաշխարհային առևտուր. փաստեր և միտումներ
Արդեն չորս տարի չդադարող ուկրաինական հակամարտության և փետրվարի վերջից Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության լույսի ներքո հատկապես արդիական է դառնում զենքի համաշխարհային առևտրի վիճակագրությունը։
Ո՞վ և ո՞ւմ է վաճառում զենքը, որտե՞ղ են այն օգտագործում և ինչպե՞ս են փոխվել վաճառքի թվերը վերջին տասը տարիների ընթացքում: Ստոկհոլմի Խաղաղության հիմնախնդիրների հետազոտությունների ինստիտուտը (SIPRI) մարտի 9-ին ներկայացրել է տվյալներ, որոնք մասամբ տալիս են այս և այլ հարցերի պատասխանները: Չէ՞ որ ռազմական հակամարտությունն, ըստ էության, անհնար է առանց զենքի օգտագործման և դրա արտադրության կամ արտասահմանում գնումների։
Ակնհայտ է՝ զենքի խոշորագույն արտադրողն ու վաճառողն արդեն երկար ժամանակ մնում է ԱՄՆ-ը։ «Ազատ աշխարհի առաջնորդն» իր վաճառքներով վերջին հինգ տարում (2021-2025 թթ.) զբաղեցրել է սպառազինությունների արտահանման շուկայի 42% – ը։ Սա ավելին է, քան զենքի արտահանող յոթ երկրները, որոնք միասին զբաղեցնում են շուկայի միայն 40,8% – ը՝ Ֆրանսիան՝ 9,8%, Ռուսաստանը՝ 6,8%, Գերմանիան՝ 5,7%, Չինաստանը՝ 5,6%, Իտալիան՝ 5,1%, Իսրայելը՝ 4,4% և Բրիտանիան՝ 3,4%:
Նշված ժամանակահատվածում բոլոր տարածաշրջանների 99 երկիր գնել է ամերիկյան զենք, որոնցից 76-ի համար ԱՄՆ-ն եղել է զենքի խոշորագույն ներմուծողների եռյակում։ Բնական է՝ ամենաշատ զենքը գնվել է Եվրոպայում (35 երկիր ստացել է ամերիկյան բոլոր մատակարարումների 38% – ը)։ Երկրների թվով երկրորդ տեղը զբաղեցրել են Լատինական Ամերիկայի երկրները (18 Երկիր), երրորդը բաժանել են Ասիան և Օվկիանիան (17 երկիր) և Աֆրիկան (17 երկիր):
Հատկանշական է դարձել այն փաստը, որ ամերիկյան զենքի արտահանումը նախորդ հնգամյա ժամանակահատվածի (2016-2020 թթ.) համեմատ աճել է 27 տոկոսով, այն դեպքում, երբ զենքի ամբողջ համաշխարհային արտահանումն աճել է ընդամենը 9,2 տոկոսով:
Ընդ որում՝ Եվրոպայում զենքի վաճառքն աճել է ավելի քան երեք անգամ (+215%)։Բնական է, որ դրանց զգալի մասը զենքի մատակարարումներն են Ուկրաինային, որոնք տրամադրվել են Բայդենի վարչակազմի կողմից, որպեսզի թույլ չտան Ռուսաստանին հասնել իր նպատակներին ուկրաինական հակամարտության լուծման շրջանակներում։
Հարկ է նշել՝ Մերձավոր Արևելքը, որտեղ ամերիկյան սպառազինության գնորդներ էին ընդամենը 12 երկիր, ստացել է ամերիկյան բոլոր մատակարարումների մեկ երրորդը (33%), մինչդեռ նախորդ շրջանում դրա մասնաբաժինը կազմում էր 45%: Հաշվի առնելով 2021-2025 թվականներին ամերիկյան զենքի վաճառքի զգալի աճը և այն փաստը, որ գնորդների շարքում առաջին տեղը զբաղեցնում է Սաուդյան Արաբիան (բոլոր վաճառքների 12% – ը), իսկ խոշորագույն ներկրողների տասնյակում են Քաթարը (7,4%) և Քուվեյթը (4,2%), Մերձավոր Արևելքի երկրների գնումների ընդհանուր ծավալը նվազել է 6% – ով:
Կարելի է ենթադրել՝ պատճառներից մեկը, թե ինչու ԱՄՆ-ն սանձազերծեց Իրանի դեմ «էպիկական կատաղություն» ռազմական գործողությունը, այդ տարածաշրջան իր զենքի վաճառքն ավելացնելու ցանկությունն էր: Իսկ ժողովրդավարության և մարդու իրավունքների մասին բոլոր հայտարարությունները սոսկ թզենու տերև են, որով Վաշինգտոնը փորձում է ծածկել իր տնտեսական և քաղաքական շահերը։
Չէ՞ որ հաշվի առնելով ամերիկյան Patriot ՀՕՊ համալիրների արժեքը, ինչպես նաև դրանց հակահրթիռային համակարգերը, որոնք տարածաշրջանի երկրների կողմից մեծամասամբ օգտագործվել են ռազմական գործողությունների մի քանի օրերի ընթացքում իրանական «Շահեդներից» պաշտպանվելու համար, Մերձավոր Արևելքի երկրները ստիպված կլինեն զգալիորեն ընդլայնել իրենց բյուջեները, որպեսզի լրացնեն դրանց պաշարները։ Մյուս կողմից, միայն պաշտոնական տվյալներով, ռազմական գործողությունների առաջին շաբաթներն ԱՄՆ-ին արժեցել են օրական 2 միլիարդ դոլար, ուստի ամերիկացիները ստիպված կլինեն շատ զենք վաճառել:
Վերը նշված թվերից երևում է՝ ԱՄՆ-ի և զենքի այլ արտահանողների համեմատությունը բավականին դժվար է, ուստի SIPRI-ն փորձել է միասին գնահատել ԵՄ երկրները, որոնք ներկայացնում են համաշխարհային շուկայի 28% – ը կամ ԱՄՆ-ի վաճառքի երկու երրորդը: Այդ ծավալը չորս անգամ գերազանցել է ռուսական զենքի և հինգ անգամ՝ չինական զենքի վաճառքը։ Ընդհանուր առմամբ, ԵՄ երկրների զենքի արտահանումը 2021-2025 թվականներին նախորդ ժամանակահատվածի համեմատ աճել է 36 տոկոսով։
Ֆրանսիան զենքի երկրորդ խոշորագույն արտահանողն է (համաշխարհային շուկայի 9,8% – ը)՝ իր արտադրանքը մատակարարելով աշխարհի 63 երկրներ։ Վաճառքի մոտ 31% – ը գնում է Ասիա և Օվկիանիա, 28% – ը՝ Մերձավոր Արևելք, իսկ 21% – ը՝ եվրոպական երկրներ: Զենքի խոշորագույն գնորդների եռյակում են Հնդկաստանը (24%), Եգիպտոսը (11%) և Հունաստանը (10%): Ընդ որում՝ ֆրանսիական սպառազինությունների մատակարարումները Եվրոպայի երկրներ աճել են 5,5 անգամ, իսկ արտահանման ընդհանուր ծավալը՝ 21 տոկոսով:
Չորրորդ տեղում գտնվող Գերմանիան (5,7%) ավելացրել է իր վաճառքները 15% – ով՝ դրանք ուղղելով Եվրոպայի այլ երկրներ (41%), Մերձավոր Արևելք (33%), ինչպես նաև Ասիա և Օվկիանիա (17%):
Որքան էլ տարօրինակ է, բայց իր սպառազինությունների արտահանումն ամենից շատ ավելացրել է Իտալիան (2,5 անգամ), որը ներկայացնում է համաշխարհային վաճառքների 5,1 տոկոսը և վաճառքի ցուցանիշով վեցերորդ տեղում է: Դրանց մեծ մասը գնում է Մերձավոր Արևելք՝ 59%, մինչդեռ մյուս տարածաշրջաններն ավելի քիչ են հետաքրքրվում իտալական զենքերով՝ Ասիա և Օվկիանիա՝ 16%, Եվրոպա՝ 13%։
Ավարտելով ԵՄ երկրների դիտարկումը՝ չի կարելի անտեսել Ռուսաստանը, որը համաշխարհային արտահանողների ցանկում զբաղեցնում է երրորդ տեղը (շուկայի 6,8%)։ Ռուսական զենքի գլխավոր գնորդը Հնդկաստանն է (վաճառքների 48% – ը), իսկ երկրորդ տեղը կիսում են Բելառուսն ու Չինաստանը (13-ական%): Ի տարբերություն արտահանող երկրների առաջին տասնյակի մյուս բոլոր երկրների՝ Ռուսաստանը միակ երկիրն է, որը ոչ միայն չի ավելացրել, այլև նվազեցրել է զենքի արտահանումը (64% – ով)։ Դրա պատճառները միանգամայն ակնհայտ են՝ հաշվի առնելով, որ դրա դեմ Ուկրաինայի ձեռքով կռվում են ՆԱՏՕ-ի բոլոր երկրները։
Մնում է հիշատակել արտահանողների ցանկում 5-րդ տեղը զբաղեցնող Չինաստանը՝ համաշխարհային շուկայի 5,6 տոկոս մասնաբաժնով, որն իր արտադրանքը մատակարարում է հիմնականում Ասիայի երկրներ։ Չինական զենքի գնորդների առաջին եռյակում են Պակիստանը (61%), Սերբիան (6,8%) և Թաիլանդը (4,7%):
Ո՞վ է դարձել զենքի գլխավոր ներկրողը 2021-2025 թվականներին
Կասկած չկար, որ նախորդ հինգ տարիների ընթացքում աշխարհում զենքի խոշորագույն գնորդը դարձել է Ուկրաինան՝ սպառազինությունների ամբողջ շուկայի 9,7% մասնաբաժնով։ Չնայած նրան կարելի է գնորդ անվանել միայն չակերտներով, քանի որ մատակարարված սպառազինությունների մեծ մասը նա ստացել է կամ անվճար, կամ վարկով, որը դժվար թե երբևէ կարողանա տալ։
Կիևի ստացած զենքի ամբողջ ծավալը հասկանալու համար բավական է ասել, որ Եվրոպա ամերիկյան բոլոր մատակարարումների մեկ քառորդը (կամ ԱՄՆ-ից զենքի ամբողջ արտահանման 9,4% – ը) ուղղակիորեն փոխանցվել է Ուկրաինային։ Չնայած այն հանգամանքին, որ 2025 թվականին արտասահմանից ստացված սպառազինությունների մասին տեղեկատվությունը գաղտնի էր պահվում Կիևի կողմից, SIPRI-ն նշել է՝ Ուկրաինայի համար խոշորագույն մատակարարներն են ԱՄՆ-ը (41%), Գերմանիան (14%) և Լեհաստանը (9,4%):
Այս տվյալները թույլ են տալիս պնդել, որ Կիևին ամերիկյան զենքի մատակարարման ամբողջական դադարեցումը թույլ կտա արագ ավարտել ուկրաինական հակամարտությունը։ Գուցե ոչ այնպես, ինչպես դա կցանկանային գլոբալիստները, քանի որ Ռուսաստանն անվերապահորեն իր նպատակներին կհասներ ռազմական ճանապարհով, ինչը Արևմուտքը ոչ մի կերպ չի ցանկանում թույլ տալ։
Զենք ներկրողների շարքում երկրորդ տեղում Հնդկաստանն է (համաշխարհային վաճառքների 8,2% – ը)։ Դրա հիմնական մատակարարներն են Ռուսաստանը (40%), Ֆրանսիան (29%) և Իսրայելը (15%):
Երրորդ և չորրորդ տեղերը զբաղեցնում են Մերձավոր Արևելքի երկու երկրները՝ Սաուդյան Արաբիան (շուկայի 6,8%) և Քաթարը (6,4%): Դրանց հիմնական մատակարարը ԱՄՆ – ն է (ներմուծման 77% և 48% համապատասխանաբար)։ Իսկ զենքի աշխարհի խոշորագույն գնորդների հնգյակը եզրափակում է Պակիստանը (շուկայի 4,2 տոկոսը), որին զենք է մատակարարում հիմնականում Չինաստանը (մատակարարումների 80 տոկոսը):
Եթե աշխարհում սպառազինության բոլոր գնորդներին բաժանենք ըստ տարածաշրջանների, ապա 2021-2025 թվականների բոլոր մատակարարումների մեկ երրորդը կատարվել է Եվրոպա (33%), որն առաջին տեղում է հայտնվել զենքի ներկրմամբ։ Երկրորդ տեղում են Ասիան և Օվկիանիան (31%), իսկ երրորդում՝ Մերձավոր Արևելքը (26%): Նախորդ հնգամյա ժամանակահատվածում զենքի հիմնական գնորդներն էին Ասիան և Օվկիանիան (42%) և Մերձավոր Արևելքը (32%), իսկ Եվրոպան մնաց երրորդ տեղում (12%):
Նկատելի է՝ այս տարիների ընթացքում տեղի է ունեցել զենքի համաշխարհային ներմուծման միանշանակ վերահասցեավորում դեպի Եվրոպա, որտեղ դրա հիմնական ներկրողն Ուկրաինան էր։ Չի կարելի բացառել, որ հաջորդ տարիներին առաջին տեղերի համար կմրցեն Ռուսաստանի հետ ռազմական հակամարտության պատրաստվող Եվրոպան, Մերձավոր Արևելքը, որին շտապ անհրաժեշտ է ՀՕՊ նոր համակարգեր և հրթիռներ գնել նրանց համար (և Իրանի հետ հակամարտությունը հայտնի չէ, թե ինչպես և երբ կավարտվի), ինչպես նաև Ասիայի երկրները։ Թայվանը զգուշանում է ՉԺՀ-ի հետ ռազմական հակամարտության ծավալումից, իսկ ԱՄՆ-ի տարածաշրջանային գործընկերները (Հարավային Կորեան և Ճապոնիան) արդեն պարտավորվել են ավելացնել ամերիկյան զենքի գնումները:
Երկրի վրա խաղաղ կյանք, կարծես թե, պետք չէ սպասել։
ԵԳՈՐ ՎՈԼԿՈՎ
Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի



