ԵՄ-ն չողջունեց Փաշինյանի որոշումը, Ռուսաստանը խիստ զգուշացրեց

Եվրոպական միությունն արձագանքել է ՀՀ կառավարության՝ ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու օրինագծի հավանության որոշմանը, սակայն չի ողջունել այն։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերն ասել է, որ Եվրամիությունը կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած օրինագիծը կառույցին անդամակցության գործընթաց սկսելու մասին և հարցը կքննարկի Հայաստանի իշխանությունների հետ։

«Տեղյակ ենք Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացին վերաբերող օրինագծի մասին, կվերլուծենք այն և կքննարկենք Հայաստանի իշխանությունների հետ։ Մինչ այդ, մենք արդեն իսկ շատ բան ենք անում՝ իրականացնելով մեր գործող Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը լայնածավալ աջակցության և ԵՄ իրավական ակտերին համապատասխանեցման հնարավորություն է տալիս։

Մենք ավելացրել ենք մեր ֆինանսական աջակցությունը Հայաստանին «ԵՄ-ի կայունության և աճի ծրագրի» շրջանակներում՝ 2024-2027 թվականների համար տրամադրելով 270 միլիոն եվրո՝ ուղղված երկրի սոցիալ-տնտեսական կայունության ամրապնդմանը, ինչպես նաև կապակցվածության, առևտրի և էներգետիկ դիվերսիֆիկացման խթանմանը»,- ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը։

Կարդացեք նաև

Նա հավելել է, որ ԵՄ-Հայաստան հարաբերությունները երբեք այսքան սերտ չեն եղել, որքան հիմա՝ շեշտելով, որ դա հաստատվեց նախորդ տարի մի շարք որոշումներով, մասնավորապես՝ վիզաների ազատականացման երկխոսության գործարկմամբ և Եվրոպական խաղաղության հիմնադրամից տրամադրված 10 միլիոն եվրոյի աջակցությամբ։ Հիպերը նաև ասել է, որ Հայաստանում ԵՄ-ին անդամակցելու առնչությամբ քննարկումները ցույց են տալիս Եվրոպական միության և դրա արժեքների գրավչությունը։

«Ազատություն» ռ/կ-ի հարցին էլ, թե ինչպե՞ս են գնահատում Հայաստանի կառավարության որոշումը, որով հավանություն տրվեց Եվրամիությանը (ԵՄ) Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի նախագծին, ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը ևս ասել է, որ տեղեկացել են այդ որոշման մասին և պատրաստվում են ուսումնասիրել այն։

Նա նշել է, որ Եվրամիությունը շատ սերտ հարաբերություններ ունի Հայաստանի հետ և աշխատում է խորացնել դրանք։

«Մենք ունենք «Դիմակայունություն և աճ» ծրագիրը (այդ ծրագրով 270 միլիոն եվրո պետք է հատկացվի Հայաստանին.- Ա.Մ.), և մենք քննարկումների մեջ ենք Հայաստանի իշխանությունների հետ այն բոլոր հարցերի շուրջ, որոնք վերաբերում են ԵՄ-ՀՀ հարաբերություններին, որոնք ընթանում են դրական ուղղությամբ»,- շեշտել է Վասիլիս Մարագոսը։

Հարցին, թե Հայաստանի համար Եվրամիությանն անդամակցելու հնարավորություն տեսնո՞ւմ է, դեսպան Մարագոսն ընդգծել է, թե եթե երկիրն ուզում է անդամակցել ԵՄ-ին, դա նրա որոշումն է. «Կան ԵՄ պայմանագրի դրույթներ, որոնք բացատրում են, թե ինչպես պետք է անդամակցությունը տեղի ունենա»,- հավելել է նա՝ որևէ վերաբերմունք, դիրքորոշում չհայտնելով ՀՀ կառավարության որոշման վերաբերյալ։

Նշենք նաև, որ ՀՀ կառավարության վերոնշյալ որոշման օրը ՀՀ էր ժամանել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն, ով հանդիպել էր Նիկոլ Փաշինյանի, ՀՀ ԱԺ փոխնախագահ, Թուրքիայի հետ բանակցային գործընթացում ՀՀ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի, ինչպես նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ` կենտրոնանալով ռեգիոնալ զարգացումների վրա։ Գրոնոն, ի դեպ, փոխարինում է Տոյվո Կլաարին, ում պաշտոնավարման օրոք հայ ժողովրդի համար ամենացավագին զարգացումները գրանցվեցին։

Վերադառնալով ՀՀ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի օրինագծի հավանությանը կառավարության կողմից և ԵՄ արձագանքին, հարկ է ընդգծել, որ երկկողմ հարաբերություններում առանցքային բոլոր որոշումները, եթե դրանք փոխհամաձայնեցված են, բանակցված ու սպասված, սովորաբար արժանանում են ողջույնի և ոչ թե այդ որոշումն ուսումնասիրելու մասին անորոշ հավաստիացումների։

Ուշագրավն այն է, որ ԵՄ երկու առանցքային պաշտոնյա անդրադարձել է թեմային՝ չողջունելով ՀՀ կառավարության որոշումը, ավելին՝ տրվել է խիստ անորոշ արձագանք այն դեպքում, երբ ՀՀ-ն, լինելով ԵԱՏՄ անդամ երկիր, տնտեսապես էականորեն կախված լինելով այդ կառույցից ստացվող օգուտներից, լինելով անվտանգային և աշխարհաքաղաքական ռումով խիստ խոցելի երկիր, նման որոշում է կայացնում։ ԵՄ «Արևելյան գործընկերության» ռեգիոնում վերջին տասնամյակների ընթացքում գրանցված զարգացումներին հետևած վերլուծաբանների համար սա իհարկե սպասելի էր, հիմք ընդունելով Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդավայի անցած եվրաինտեգրման բարդ ու չկայացած ճանապարհը։

Ակնհայտորեն, ինչպես մի շարք այլ ուղղություններով, ՀՀ իշխանությունները կայացնում են որոշումներ, առանց նախապես հստակ բանակցությունների, ճանապարհային քարտեզի ձևավորման, Հայաստանին դնելով է՛լ ավելի բարդ աշխարհաքաղաքական իրավիճակի ու հնարավոր ճնշումների վտանգի տակ։

Գաղտնիք չէ, որ Կրեմլը, ՌԴ կառավարությունն արդեն նախազգուշական հայտարարություններով են հանդես եկել և հայտարարել, որ ՀՀ ԵՄ անդամակցությունը համատեղելի չէ ԵԱՏՄ անդամակցության հետ։ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը շատ կտրուկ նշել է, որ Ռուսաստանը Հայաստանի կողմից Եվրամությանն անդամակցելու գործընթացի քննարկումը դիտարկում է որպես Եվրասիական տնտեսական միությունից ելքի սկիզբ, և ռուսական կողմը Հայաստանի հետ իր տնտեսական քաղաքականությունը կկառուցի այդ հանգամանքը հաշվի առնելով: Օվերչուկը հավելել է, որ եթե Հայաստանը սահմանափակի ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները, «մի կողմից՝ կթանկանան էներգակիրներն ու պարենային ապրանքները, իսկ մյուս կողմից՝ հայկական ապրանքների արտահանումը կնվազի 70-80 տոկոսով»։

Պատահական չէր նաև ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի խիստ ծաղրական հայտարարությունը Փաշինյանի նկատմամբ:

Հիշեցնենք, Մեդվեդևը չէր բացառել, որ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի ղեկավարի կոշտ հայտարարություններից հետո կհիշի երկրի անդամակցությունը ՀԱՊԿ-ին։

«Չեմ զարմանա, եթե մորուքը սափրած Փաշինյանն Ադրբեջանի նախագահի հայտարարություններից հետո հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է: Կամ մեկ այլ տարբերակ՝ Հայաստանի ղեկավարների՝ Եվրամիության հետ ամուսնանալու մտադրության լույսի ներքո: Կարող եք ուղղակիորեն կապվել ԵՄ-ի հետ, նրանք սիրում են փողով և զենքով օգնել դրախտի թեկնածուներին: Եվրամիությունը հիանալի ուկրաինական փորձ ունի դրա հետևում»,– «ՌԻԱ»-ին ասել էր նա։

Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի նկատմամբ օրեր առաջ նոր որակի սպառնալիքներ և պահանջներ էր ներկայացրել. Ալիևը Հայաստանն անվանել էր «Հարավային Կովկասի համար սպառնալիքի աղբյուր» և հայտարարել, որ «հայկական անկախ պետությունը, ըստ էության, ֆաշիստական պետություն է, իսկ ֆաշիզմը պետք է ոչնչացվի»։

Փաշինյանի խաղերը գնալով էլ ավելի մեծ վտանգներ են պարունակում Հայաստանի համար: Ալեքսեյ Օվերչուկի՝ ՌԴ փոխվարչապետի մակարդակով վերոնշյալ արձագանքը պատահական չէր և զգուշացում էր, որ Ռուսաստանն այլևս Նիկոլ Փաշինյանի «խաղիկները» չի հանդուրժելու և կտրուկ որոշումների է գնալու՝ իր բոլոր հետևանքներով: Իսկ հետևանքները կրելու է հայ ժողովուրդը:

Տեսանյութեր

Լրահոս