«Դա Փաշինյանի հրապարակային նամակն էր Ադրբեջանի սուլթանին, անձնական մեսիջ էր իր կուրատորին՝ արի խոսենք, թե չէ ես քաշված եմ»․ Հակոբյան

Քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանը Բաքվի բռնապետին ուղղված Նիկոլ Փաշինյանի ուղերձը համարժեք չի համարում ո՛չ ստեղծված իրավիճակին, ո՛չ Ալիևի հնչեցրած մեսիջներին, ո՛չ Ալիևի տոնայնությանը։

«Բացի այդ՝ Նիկոլ Փաշինյանի պատասխանը բացարձակապես ադեկվատ չէ այսօր աշխարհում ստեղծված իրավիճակին, խաղի կանոններին, նոր տենդենցներին։ Կարծում եմ՝ այդ պատասխանը զուտ հանրային պահանջի բավարարման համար էր, իսկ Փաշինյանն ինչ-որ բան ասաց այն բովանդակությամբ, ինչպես փոդքաստի դեպքում է, կամ՝ ճաշ եփելու, ձվածեղ պատրաստելու ու  հեծանիվ վարելու։ Այսինքն՝ կոնտենտային առումով դա խոսակցություն էր ոչ մի բանի մասին»,- 168am-ի հետ զրույցում պարզաբանեց Վիգեն Հակոբյանը։

Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան Բաքվից հնչող սպառնալիքների, մասնավորապես հայտարարել էր՝ հավատարիմ են մնալու խաղաղության ռազմավարությանը․ «Արվում են ագրեսիվ հայտարարություններ՝ հաշվարկով, թե Երևանից կհնչեն ագրեսիվ պատասխաններ, ինչը Բաքվին հնարավորություն կտա ավելի ագրեսիվացնել սեփական հայտարարությունները՝ սա զուգորդելով Հայաստանի բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին կեղծ տեղեկությունների տարածմամբ՝ տարածաշրջանում նոր էսկալացիայի «հիմնավորում» ձևավորելու համար։ Մենք չենք գնալու այս ճանապարհով, հավատարիմ ենք մնալու խաղաղության ռազմավարությանը և հետևողականորեն շարունակելու ենք խաղաղության օրակարգի իրագործումը»։

Վերլուծաբանը համոզված է՝ Նիկոլ Փաշինյանի այս ուղերձն իրականում մեսիջներ ուներ ոչ թե հայ հանրության համար, այլ հենց Իլհամ Ալիևի։

Կարդացեք նաև

«Արի մի հատ էլ խոսենք․․․, ես խոսք եմ տվել այս ժողովրդին, և որպեսզի մնամ՝ ի բարօրություն Ադրբեջանի ու Թուրքիայի, պետք է խաղաղության թուղթը ստանան, իսկ դու հիմա, ըստ էության, նոր պահանջներ ես դնում,- ըստ Վիգեն Հակոբյանի, Ալիևին ուղղված այս ակնարկն է առկա Փաշինյանի պատասխանում,- Իսկ Իլհամ Ալիևի ելույթում երկու հիմնական պահանջներ էին՝ որ պետք է ոչնչացնես, կամ՝ ինչպես հանձնել ես Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, ինձ հանձնես բոլոր այն մարդկանց, որոնք Հայաստանում այսօրվա պետական քաղաքականության նարատիվներին դեմ են, կամ ես ինքս եմ դա անելու, և, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» բացելու ենք՝ անկախ նրանից, թե ով է ուզում, կամ չի ուզում․ աշխարհը խառն է, ու անխախտելի սահմաններ գոյություն չունեն, կա միայն ուժի գործոնը»։

Քաղտեխնոլոգի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանի պատասխանը քաղաքական պատասխան չէր, չուներ քաղաքական բովանդակություն։

«Դա Նիկոլ Փաշինյանի հրապարակային նամակն էր Ադրբեջանի սուլթանին, անձնական մեսիջ էր իր կուրատորին՝ արի խոսենք, թե չէ ես քաշված եմ։ Այդ պահանջները կարող են թրիգեր լինել իշխանափոխության համար՝ թեկուզ այն պատճառով, որ այն մարդիկ, որոնց դու ուզում ես, որ ես բռնեմ, նստացնեմ, քեզ հանձնեմ, իրենց անվտանգությունից ելնելով՝ կարող է վճռական գործողությունների դիմեն»,- հավելեց Վիգեն Հակոբյանը՝ հիշեցնելով, որ հատկապես ֆաշիզմի մասին Ալիևի մեղադրանքների թիրախում ՀՀ երեք նախագահներն էին։

168am-ի հստակեցմանը, եթե սա քաղաքական բովանդակությամբ պատասխան չէր, ապա ինչպիսի՞ պատասխան պետք է լիներ, որը կհամարվեր քաղաքական, վերլուծաբանն արձագանքեց․

«Պատասխանը ոչ թե խոսքերով պետք է լիներ, այլ 1 ժամ անց Հայաստանում պետք է հայտարարվեր քաղաքական, ռազմաքաղաքական ռեսուրսի մոբիլիզացիա, ընդ որում, շատ բան հրապարակային պետք է լիներ, որ թե՛ աշխարհը, թե՛ Ադրբեջանը հասկանար, որ Հայաստանը Ադրբեջանի մեսիջը, վտանգը զգացել է, որ չի պատրաստվում հերթական պահանջը կատարել։

Ադրբեջանը պետք է հասկանար, որ դա ընկալվել է՝ որպես պատերազմի նախապատրաստության հայտարարություն, պետք է դիվանագիտական բոլոր ատյանները ոտքի կանգնեցվեին, դիմումներ պետք է գնային ՄԱԿ Անվտանգության խորհուրդ՝ այդ հարցով արտահերթ նիստ հրավիրելու համար, ԱԳՆ պետք է հրավիրվեին բոլոր երկրների դեսպանները։ Չեմ նշում այն, ինչի մասին պետք է արվեր առանց հայտարարելու՝ ռազմական ոլորտում, ուժային կառույցներում։

Խաղաղության մասին կարելի է խոսել միայն այն դեպքում, երբ ցույց կտար, թե ինչպես է Հայաստան պետությունը՝ որպես ինստիտուտ, ռեակցիա տվել այդ մեսիջներին»։

Ըստ նրա՝ միայն այդ գործողությունների ֆոնին պետք է իշխանությունը հաստատի իր հավատարմությունը խաղաղասիրությանը, ասի, որ շարունակելու ենք խաղաղություն ուզել, բայց հաշվի ենք նստելու նոր իրողությունների հետ։

«Սա դիվանագիտություն է, որի մասին պատկերացում չունի ո՛չ Նիկոլ Փաշինյանը, և ո՛չ էլ՝ դեռևս Արարատ անունը կրող արտգործնախարարը։ Ես կարծում եմ՝ պահանջ է լինելու նաև նրա անունը փոխել, իմիջիայլոց, դա արդարացի պահանջ կլինի, ու ճնշման դեպքում՝ կփոխվի՝ Արագած կդնի, կամ Հատիս կդնի։ Ինքը նույնիսկ արժանի չէ Արարատ անունը կրելուն»,- ամփոփեց նա։

Քանի որ երեկ Նիկոլ Փաշինյանն իր փոդքաստում դարձյալ զուգահեռներ էր տարել «Արևմտյան Ադրբեջան» կեղծ պահանջի ու Արևմտյան Հայաստան պատմական հիմնավորման միջև՝ մանրամասնելով, թե «ոնց որ «Արևմտյան Ադրբեջանը» չի կարող լինի Ղազախից այս կողմ, Արևմտյան Հայաստանն էլ չի կարող լինի Արմավիրից այն կողմ։ Արևմտյան Հայաստանը Արաքս գետում․․․ Արաքս գետի մոտ ավարտվում է», Վիգեն Հակոբյանից հետաքրքրվեցինք այս անհավասար իրողությունները հավասարեցնելու՝ Փաշինյանի դրդապատճառների մասին։
Ի պատասխան՝ նա նախ արձանագրեց, որ 2022 թվականից հետո, իրականում, նոր թեմա չկա, կրկնություններ են, ապա հավելեց՝ Նիկոլ Փաշինյանը փաստաբանությամբ է զբաղված։

«Արցախն Ադրբեջանին հանձնելուց հետո ինքը նոր բան չի ասում՝ ընդամենը տյունինգ է անում նախկին ասածները՝ է՛լ ավելի բացելով Օվերտոնի պատուհանը, է՛լ ավելի լայնացնելով, Հայաստանի հանրությանը է՛լ ավելի ադապտացնելով առավել մեծ զիջումների, արժեհամակարգային ցնցումների։

Նա իր բոլոր հայտարարություններով փաստացի վերացնում է ոչ միայն պատմական Հայաստանը, այլ նաև՝ հայկական արժեհամակարգն առհասարակ, իսկ Հայաստանի Հանրապետությունը միշտ գոյություն է ունեցել հայկական ազգային արժեհամակարգի վրա։

Այդ պատճառով մեկնաբանելու բան չկա,  նա աշխատում է՝ որպես սատանայի փաստաբան․ Ալիևը հնչեցնում է ինչ-որ պահանջ, նա միանգամից փաստաբանական ֆունկցիաներ է վերցնում, և ոչ թե ասում է՝ նման բան գոյություն չունի, այլ սկսում է հավասարեցնել նրա անհեթեթությունը հայկական նարատիվների հետ»,- ասաց Վիգեն Հակոբյանը։

Տեսանյութեր

Լրահոս