Առաջիկա ամիսներին աշխարհաքաղաքականությունն ազդված է լինելու Թրամփի վարչակազմի գործունեությունից, փոփոխություններ են սպասվում․ Բարզեգար
«Հատկապես առաջիկա մի քանի ամիսների ընթացքում ամենաթեժ ռեգիոններում փոփոխությունների ականատեսն ենք լինելու»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց իրանցի վերլուծաբան Կայհան Բարզեգարը՝ անդրադառնալով 2024թ. իրադարձություններին ու 2025 թվականի աշխարհաքաղաքական զարգացումներին։ Իրանցի քաղաքագետի կարծիքով, անցնող 2024 թվականը բարդ տարի էր Իրանի Իսլամական Հանրապետության համար, լի թե ներքին, թե արտաքին սպառնալիքներով։
Դրանք, նրա կարծիքով, ԻԻՀ վերնախավին հաջողվել է որոշակիորեն հաղթահարել։
«Տարվա խոշոր ողբերգական ու ծանր զարգացումն աննախադեպ ավիավթարն էր, որի հետևանքով զոհվեցին նաև ԻԻՀ նախագահ Ռաիսին, ԱԳ նախարար Աբդոլլահիանը։ Սա մեծ ցնցում էր Իրանի պետականության համար, որին հաջորդեցին ընտրություններ և նոր նշանակումներ, ինչը բավականին անկայուն փուլ էր Իրանի համար, որից փորձում էին օգտվել հակառակորդները։
Բարդ ընթացք ունեցան նաև սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունները, քանի որ մի քանի ուղիղ ռազմական օդային գործողություններ եղան միմյանց ուղղված, ինչն աննախադեպ չէր, անսպասելի չէր, սակայն նորություն էր սրացման տեսանկյունից։ Հաջողվեց խուսափել ավելի լայնածավալ, ուղիղ ու տևական բախումից։
Եվ կարծես վերջին արմատական իրադարձությունները գրանցվեցին Սիրիայում՝ Իրանի և մի շարք այլ երկրների համար ոչ բարենպաստ զարգացումներով, որոնք առաջիկա երկար ժամանակաշրջանում կանխորոշելու են իրադարձությունների ընթացքը։ Ակնհայտորեն առաջիկա իրադարձությունները բավականին բուռն ու թեժ են լինելու Մերձավոր Արևելքում, ակտիվ վերադասավորումներ են ընթանալու Սիրիայում և գուցե դրանից դուրս»,- ասաց վերլուծաբանը։
Բարզեգարի կարծիքով, բացի մերձավորարևելյան փոփոխություններից, հունվարից ի պաշտոնե ակտիվորեն կաշխատի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը։
«Սա ևս մարտահրավերային փուլ է ԻԻՀ-ի համար, քանի որ Թրամփի վարչակազմը նախկինում էլ բավականին կոշտ էր տրամադրված Իրանի հանդեպ, ներկայումս էլ կարծես քիչ բան է փոխվել։ Սակայն ընդհանուր առմամբ կոշտությունը կպահպանվի, իսկ թե կոնկրետ ինչ է սպասվում ԱՄՆ-Իրան հեռակա հարաբերություններին, բարդ է ասել։ Կարծում եմ՝ Բայդենի համեմատ Թրամփը որոշ կոշտություն կցուցաբերի, սակայն ավելիին չի գնա, քանի որ դա լի է սպառնալիքներով նաև ԱՄՆ-ի համար։ Ըստ իս, ԱՄՆ-ում շատերն են խուսափում նման սրացումից, բավական է հետևել ամերիկյան մամուլի և պաշտոնյաների տարբեր հրապարակումների ու անդրադարձերի»,- ասաց Բարզեգարը։
Նրա գնահատմամբ, գլոբալ զարգացումներն ազդված են լինելու Թրամփի վարչակազմի գործունեությունից։
«Իրադարձությունները թե՛ Ուկրաինայի պատերազմում, թե՛ Մերձավոր Արևելքում, թե՛ Իսրայելի, թե՛ Արևմուտքի գործողություններն ազդված են լինելու ԱՄՆ նոր վարչակազմի քաղաքականությունից։ Անձամբ կարծում եմ, որ դա ԱՄՆ-ի համար հեշտ քաղաքականություն չի լինելու, քանի որ ԱՄՆ նորընտիր նախագահը պաշտոնը ստանձնելու է մի քանի թեժ արտաքին քաղաքական իրավիճակներով։ Չի բացառվում, որ ԱՄՆ-ը հնարավորինս պակասեցնի իր ակտիվությունն այդ ուղղություններով։
Ուկրաինայի մասով արդեն որոշակի նշաններ տեսել ենք, Սիրիայի հարցով՝ ևս, ՌԴ ազդեցության այլ գոտիների հարցում ևս, ամենայն հավանականությամբ, կլինի ավելի պասիվ քաղաքականություն։ Սա նկատելի կլինի նաև Իրանի հարևան ռեգիոնում՝ Հարավային Կովկասում։ Սակայն, բացի զուտ աշխարհաքաղաքական հարցերը, ռեգիոնը ներքին խնդիրներ ունի, ինչպիսին հայ-ադրբեջանական հակամարտությունն է և բանակցությունները։ Խնդիրների մեծ մասն ակտիվորեն կքննարկվի առաջիկա ամիսների ընթացքում, քանի որ դրանք չհաջողվեց լուծել։ Կարելի է ակնկալել, և կան հիմքեր՝ ասելու, որ գուցե ամրապնդվի «3+3» ձևաչափը և հաջողվի քննարկումներ անցկացնել նաև այդ ձևաչափում, ինչն օգտակար կլինի կողմերի, ռեգիոնի ու բոլոր խաղացողների համար»,- ասաց Բարզեգարը։
Նրա խոսքով, չնայած մի շարք բացասական ֆոնային երևույթներին՝ հայ-իրանական հարաբերություններում լուրջ խնդիրներ չկան, կա դրական գործընկերային մթնոլորտ։
Նա հիշեցրեց, որ վերջին տարիների ընթացքում Իրանն իրեն դրսևորում է նաև որպես անվտանգության երաշխավոր Հայաստանի Հանրապետության համար։
«Կարծում եմ՝ դա կշարունակվի, հարաբերություններն ավելի կխորանան ու վստահության մթնոլորտը կամրապնդվի»,- նկատեց նա։
«Ուստի, կարծում եմ՝ հատկապես առաջիկա ամիսներին մի քանի ռեգիոններ ընդհանուր առմամբ հագեցած են լինելու իրադարձություններով, աշխարհի վերադասավորումներն ակտիվ փուլում են լինելու»,- շեշտեց Բարզեգարը։