«Եկեղեցին միշտ պայքարել է հայրենիքի միասնության համար. բաժանելը բարի պտուղ չի տա». Տեր Հուսիկ
Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս Հանրային հեռուստաընկերության եթերից չի հնչելու Ամենայն Հայոց կաթողիկոսի ամանորյա ուղերձը, քանի որ այն նախատեսվում էր հեռարձակել դեկտեմբերի 31-ին՝ ժամը 21:55-ին, այլ ոչ այն ժամին, ինչ նախկինում: Մայր Աթոռի հայտարարության մեջ նշվում է, որ Հեռուստաընկերությունը շարունակում է շրջանցել Ամենայն Հայոց կաթողիկոսների ամանորյա ուղերձի հեռարձակման՝ տասնամյակների ավանդույթը՝ անտեսելով Մայր Աթոռի դիրքորոշումն ու Հայոց Եկեղեցու հայրենաբնակ և աշխարհասփյուռ հավատացյալների պահանջներն ու սպասումները։
Ավանի Սուրբ Աստվածածին եկեղեցու ծիսակատար քահանա Տեր Հուսիկ քահանա Դոխոլյանի կարծիքով՝ Ամենայն հայության Հովվապետի խոսքը եթեր չտալը ոչ մի բացասական հետևանք չի բերի Եկեղեցու համար, այլ գուցե բացասաբար անդրադառնա հենց Հանրային հեռուստաընկերության վրա:
«Ենթադրություններ բոլորս էլ կարող ենք անել, բայց պետք է իմանալ մի պարզ փաստ՝ մարդը բաղկացած է ոգուց և մարմնից, իսկ ազգը՝ աշխարհիկ և հոգևոր իշխանությունից, և այս երկուսի միասնությունն է, որ բերում է ազգի բարօրությանը: Պատմության ընթացքում տեսնում ենք, որ եկեղեցին միշտ պայքարել է հայրենիքի միասնության, ազգային գաղափարախոսության համար, և այս ամենը բաժանելն ինչքան էլ առաջադիմական լինի, չեմ կարծում, որ բարի պտուղներ կտա: Մենք այսօր ունենք միասության խնդիր, և այդ խնդիրը պետք է լուծվի՝ մի կողմ դնելով ամեն մեկի նկրտումները»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Հարցին՝ Ամանորն ունի ամեն ինչ նոր էջից սկսելու խորհուրդ. որպես հոգևորական, ի՞նչ է կարծում՝ ինչպիսի՞ն պետք է լինի այդ էջը, որ կարողանանք դիմակայել առկա մարտահրավերներին և սպառնալիքներին, նա պատասխանեց. «Նոր էջը պետք է լինի ամեն հայի ինքնագիտակցության վերածնունդով, ինչպես ժամանակին մեծերն էին ասում՝ մարդուն նախ և առաջ մտածել պետք է սովորեցնել:
Որևէ բան սպասելուց առաջ՝ մտածել պետք է սովորենք, մանավանդ այս ինֆորմացիոն խառնիճաղանջ, խճճված դարաշրջանում: Ինչպես եկեղեցում ենք ասում՝ ամեն մի նոր սկսվում է ապաշխարությամբ, վերածնունդով: Որևէ վերածնունդ անհնարին է, եթե մարդն իր արարքի մասին չի մտածում: Մեծերն ասում էին, որ վերածնունդը կսկսվի այն ժամանակ, երբ մենք, բողոքելով խավարի դեմ, դրա փոխարեն՝ ամեն մեկս մեր մեկ մոմը վառենք: Նոր տարվա կամ ավելի ճիշտ՝ Սուրբ ծնունդի սկզբին, եկեք մտածենք մեր արածի և չարածի մասին, մեծամտորեն չկարծելով, որ արել ենք այն ամենը, ինչ կարող էինք անել, գնահատենք ամեն մեկս մեր արարքը. որևէ մեկս՝ անհատապես, և որևէ իշխանությունն՝ ընդհանրապես: Պետք է առաջ քայլենք միասնության ոգով, որովհետև միայն միասնությունն է, որ դժվարին ժամանակներում լուծումներ է տալիս»:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցի համաձայն՝ ՍուրբԾննդյան և Աստվածհայտնության հոգենորոգ տոնին նախորդում է շաբաթապահքը, որը, ինչպես մյուս պահքերը, ունի իր բարեկենդանը: Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ: Դեկտեմբերի 29-ը Սուրբծննդյան պահքի բարեկենդանն է, իսկ արդեն հաջորդ օրվանից՝ դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ը ներառյալ, պահք է մինչև Սուրբծննդյան Ճրագալույցի Սուրբ Պատարագի ավարտը, երբ տրվում է Քրիստոսի Ծննդյան լուսավոր ավետիսը. «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցավ»:
Տեր Հուսիկի խոսքով՝ պետք է ոչ միայն սննդի, այլև վարքի, խոսքի մեջ ժուժկալություն դրսևորել. «Փրկչի ծնունդն է մեզ համար նոր կյանք, որովհետև Նրա մարմնանալով, մարդանալով՝ մարդկությունը նոր շունչ ստացավ: Եթե մինչ այդ մարդկությունն ապրում էր մեղքի մեջ և մեղքից ազատագրման հույս չուներ, ապագայի հույս չուներ, հավիտենական կյանքի հույս չուներ, ապա Քրիստոսով սկսվեց նոր կյանք: Երբ ասում ենք՝ ապաշխարություն, եկեք սրա մեջ տեսնենք ինքնաքննություն և կատարելության ճանապարհ: Իմ ակնկալիքը հայ մարդուց այն է, որ եթե պահքը չենք պահում, ապա Նոր տարվա ճոխ սեղաններից գոնե բաժին հանենք մեր հարևաններին, որոնք դրա կարիքը ունեն, ինչո՞ւ ենք խոսում հարևանների մասին, երբ կունենանք ազգակից հարազատ, որը դրա կարիքը կունենա»:
Դեկտեմբերի 31-ին, ժամը 24:00-ին եկեղեցիներում կատարվում է գոհաբանական աղոթք և նռան օրհնության կարգ, իսկ հունվարի 1-ի առավոտյան մատուցվում է Սուրբ պատարագ:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում