«Սահմանադրության նշանակությունն ավելի ցածր է, քան հայտնի անձի ֆեյսբուքյան գրառումները. Գլխավոր դատախազն անտեսում է այս երևույթները». Լարիսա Ալավերդյան
Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդն այսօր առավոտյան հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ այլևս կասկած չկա՝ գործող իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հատել է բարոյականության, ազգային արժանապատվության և պետականության բոլոր կարմիր գծերը և մարդկային տարրական սկզբունքները։ Հայոց Եկեղեցու դեմ սանձազերծված արշավը հասել է իր գագաթնակետին՝ վերածվելով բացահայտ թշնամանքի։
Հայտարարության մեջ նաև նշված է, որ օդում կախված տեղեկություններով՝ իշխանական կուլիսներում մշակվում է հերթական ստոր դավադրությունը։ Մտավախություն կա, որ Մարսելից հովվապետական այցից վերադարձող Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին փորձելու են կալանավորել կամ մեկուսացնել հենց օդանավակայանում։
Երեկ 168.am–ը հղում կատարելով իր աղբյուրներին, գրել էր, որ իշխանությունները կարող են կալանավորել Վեհափառ հայրապետին, ով այսօր երեկոյան Փարիզից վերադառնալու է Հայաստան, որպեսզի կանխեն նրա մասնակցությունը դեկտեմբերի 10-12-ի Եպիսկոպոսաց ժողովին։ Այսօր երեկոյան քաղաքացիները պատրաստվում են գնալ օդանավակայան, որպեսզի դիմավորեն Վեհափառին։
Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը բարձր է գնահատում քաղաքացիների՝ օդանավակայանում Վեհափառին դիմավորելու որոշումը, քանի որ լռելն այս գործընթացում միայն օգնելու է իշխանություններին։
«Քաղաքացիների ակտիվությունը բարձր եմ գնահատում, լայն շերտերի պասիվությունն է մեզ բերել, հասցրել այս վիճակին։ Ամեն անգամ ասելով, որ՝ լավ, ինչ կա՝ կա, ով էշ, մենք նրան փալան, հասանք այս օրվան։
Այսօր մենք հայտնվել ենք այնպիսի իրավիճակում, որ մեր Սահմանադրությունը բոլորովին նշանակություն չունի օրվա իշխանությունների համար. Սահմանադրության նշանակությունն ավելի ցածր է, քան հայտնի անձի ֆեյսբուքյան գրառումները։
Այս առումով այսօր իշխանությոնների հակաեկեղեցական քայլերը ոչ միայն դատապարտելի են, այլև՝ ամոթալի։ Ի վերջո, Հայաստանը համարվում է բարձր գրագիտություն ունեցող պետություն, հետևաբար՝ նման դրսևորումները խոսում են ամբողջովին սանձարձակ դրսևորումների մասին»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Լարիսա Ալավերդյանը։
Նա հիշեցրեց՝ Սահմանադրության մեջ հայերենով գրված է՝ եկեղեցին անջատ է պետությունից, հետևաբար՝ պետությունն իրավունք չունի միջամտելու կամ պահանջելու Վեհափառի հրաժարականը, առհասարակ որևէ մեկը դրա իրավունքը չունի։
Ըստ մեր զրուցակցի՝ կան պետություններ, որտեղ եկեղեցին անջատ չէ պետությունից, օրինակ, Միացյալ թագավորությունը, որտեղ հոգևորականներից 24 հոգի Լորդերի պալատի անդամ են։
«Այս ցուցադրական քայլերը, որով այս անձը ցույց է տալիս, թե իբր հեղափոխական է, ազատության դրսևորում է, և այլն, դա հերթական մանիպուլյացիան է, հետամնացություն ու անգրագիտություն, կամ էլ, թերևս, միտումնավոր եկեղեցին քայքայման տանելու քայլ է։ Ի վերջո, Առաքելական եկեղեցին մեր առօրյա կյանքում ունի առանձնահատուկ նշանակություն։
Այս իշխանությունը մանիպուլյացիայի է ենթարկում մեր հասարակությանը, և ցավալի է, որ դեռ կան մարդիկ, որոնք, լինելով նաև մասնագետներ, այս գործողությունների ջատագովն են։ Եկեղեցու դեմ այս անձանց բոլոր գործողությունները քրեորեն հետապնդելի են։
Գլխավոր դատախազն անտեսում է այս երևույթները, և դրանք հիմք են ծառայում դրանց շարունակությանը, ինքս իմ անվստահությունն եմ հայտնում Գլխավոր դատախազին և օր առաջ սպասում նրա հրաժարականին»,- ընդգծեց Լարիսա Ալավերդյանը։
