Ազգային ժողովի դեկտեմբերյան խոշոր գնումները․ ումի՞ց և ի՞նչ է գնել ԱԺ-ն

Ազգային ժողովը դեկտեմբեր ամսի գնումները սկսել է Ամանորի նախապատրաստությամբ և շարունակել ներկայացուցչական տարբեր խոշոր ծախսերով։

Այսպիսով, դեկտեմբերի 9-ին էլեկտրոնային աճուրդ ընթացակարգով ԱԺ-ն Երվանդ Սարգսյան Ռուդոլֆի ԱՁ-ից ձեռք է բերել ԱԺ բակում Ամանորին նվիրված՝ «Ամանորը Ազգային ժողովում» խորագրով միջոցառման կազմակերպման ծառայություններ,  պայմանագրի գինը՝ 9 միլիոն 333.333 դրամ։ Գումարի շրջանակում այս ԱՁ-ն իրականացրել է Ազգային ժողովի այգու ամանորյա ձևավորում և տոնական համերգային ծրագրի կազմակերպում,  խաղավար-էլֆ և տոնական այլ կերպարների առկայություն։

Դեկտեմբերի 16-ին ՀՀ Ազգային ժողովի կարիքների համար պաշտոնական պատվիրակությունների ընդունելության հյուրանոցային ծառայությունների ձեռքբերման պայմանագիր է կնքվել մեկ անձ գնման ընթացակարգով։ Մատակարար ընկերությունը «Հրազդան Հյուրանոց» ՓԲԸ-ն է, որն, ըստ պայմանագրի, 1 միլիոն 500.000 դրամի շրջանակներում տարբեր ժամանակահատվածներում մատուցել է հյուրանոցային ծառայություններ։

Դեկտեմբերի 23-ին դարձյալ մեկ անձ ոչ մրցակցային ընթացակարգով Ազգային ժողովի 2024թ. կարիքների համար պաշտոնական պատվիրակությունների ընդունելության ծառայություններ են ձեռք բերվել «Չեփթր» նորաստեղծ ՍՊԸ-ից 25 միլիոն 225.000 դրամով։ Ըստ պայմանագրի՝ նախատեսված է եղել դեկտեմբերի 9-27-ը ներառյալ ժամկետով ծառայությունների մատուցում։

Կարդացեք նաև

Նույն օրը գնման նույն ընթացակարգով ներկայացուցչական ծառայություններ՝ հուշանվերներ են ձեռք բերվել «Վիդու փրեզենթս» ՍՊԸ-ից 2 միլիոն 657.000 դրամով։ Հուշանվերները ներառում էին 130 նվեր-բացիկներ, 20 տուփ մոմեր և ձեռագործ շոկոլադներ և ևս 20 տուփ՝ ջինով ու ձեռագործ շոկոլադով։

Դեկտեմբերի 26-ին ԱԺ-ն դարձյալ գնում է կատարում պետգնումներում նորահայտ և ամիսներ առաջ ստեղծված «Չեփթր»  ընկերությունից։ Ազգային ժողովի 2024թ. կարիքների համար պաշտոնական պատվիրակությունների ընդունման, հյուրասիրության ծառայությունների ձեռքբերման պայմանագիրն այս անգամ արժենում է 1 միլիոն 320.000 դրամ։

Ծառայությունների մատուցման ժամկետ է նշվել դեկտեմբերի 9-27-ը, իսկ հասցեն՝ Պարոնյան 40, որտեղ գործում է Դվին հյուրանոցային համալիրը: Վերջինը հետաքրքրական դրվագ է, քանի որ «Չեփթր» նորահայտ ընկերության մասին մեր առաջին անդրադարձում մենք նշել էինք, որ այս ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասի տերը Սիրվարդ Պետրոսյանն է, որը, մեր տեղեկություններով, նախկինում «Դվին» ՓԲԸ-ի տնօրենն է եղել։

Տեսանյութեր

Լրահոս