Եթե տեխնիկական ու քաղաքական հնարավորություն եղավ, Ալիևը փաստաթուղթը կստորագրի՝ Փաշինյանին աջակցություն ցուցաբերելու համար. մենք դա բազմիցս տեսել ենք. Միքայել Նահապետյան
Չնայած Ադրբեջանի կողմից Հայաստանին ներկայացվող պահանջներին ու պարտադրանքներին, ՀՀ իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հայտարարում է, որ իրենց իշխանության համար խաղաղության գործընթացն առաջ տանելն այլընտրանք չունի։ Օրերս Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Ալիևի հերթական պահանջներին՝ ՀՀ սահմաններից երրորդ երկրի ուժերը հանելու ու միջազգային ատյաններում միմյանց դեմ հայցեր ներկայացնելուց հրաժարվելու վերաբերյալ։ Նիկոլ Փաշինյանն ըստ էության իր պատասխանով ընդառաջ է գնացել Ալիևի պահանջներին, շեշտելով՝ սահմանագծումից հետո սահմաններին երրորդ երկրի ուժեր չեն լինի, իսկ հայցերի վերաբերյալ վաղուց է ասել, որ կարող են երկկողմ հրաժարվել։
Հանրային-քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանը հիշեցրեց՝ այս թեմայի շուրջ շատ է խոսել՝ սկսած այն պահից, երբ Ալիևն առաջ քաշեց «խաղաղության օրակարգ» կոչվող թեզը։
«Հայաստանում այս թեզը մոռացության է տրվել, բոլորը հիշում կամ ներկայացնում են այնպես, որ դա Նիկոլ Փաշինյանն է առաջ քաշել։ Ձեզ հիշեցնեմ, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Նիկոլ Փաշինյանը տոտալիզացիայի մեջ նստած մտածում էր՝ բա լավ, էլ ի՞նչ իմաստ ունի իր քաղաքական կյանքը, հիմա էլ ինչի՞ մասին խոսի։ Հենց այդ պահին էլ Իլհամ Ալիևը դաշտ նետեց խաղաղության պայմանագիր ստորագրելու քաղաքական-առաջարկ փրկօղակը։
Չեմ կարծում, թե Ալիևի թիվ մեկ մոտիվը Նիկոլ Փաշինյանին օգնելն էր. կարծում եմ՝ դրանով Արցախի հարցն իրավաքաղաքական առումով առհասարակ փակելն էր։ Սա Նիկոլ Փաշինյանին ներքաղաքական տեսանկյունից շատ ձեռնտու էր, նա բնազդով զգաց դա և իր համար քաղաքական դրոշակ սարքեց հենց այն առաջարկը, որն արեց Ալիևը»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Միքայել Նահապետյանը։
Միքայել Նահապետյանը նշեց, որ մշտապես բարձրաձայնել է՝ եթե այդ պայմանագրի մեջ լինի իրական խաղաղության մեխանիզմ, այսինքն՝ որևէ մեխանիզմ, որը կսահմանափակի Ալիևին Հայաստանի դեմ ագրեսիա իրականացնելու հարցում, ապա նա այդ պայմանագիրը երբեք չի ստորագրելու։ Եթե Ալիևը ստորագրի որևէ թուղթ, ապա դա նշանակում է, որ դրանում չկա որևէ զսպող մեխանիզմ ագրեսիայի հարցում։
«Ամենասարափելին այն է, որ փոքր չեմուչումներից, նվնվոցներից հետո Նիկոլ Փաշինյանը հիմա եկել է մի քաղաքական համոզմունքի, որ եթե ինքը չի կարողանում այդ փաստաթղթով որևէ բան ստանալ Հայաստանի համար, ապա գոնե կարողանա իր անձնական հարցերը լուծել։ Հետևաբար, այս պահին Նիկոլ Փաշինյանին ձեռնտու է ցանկացած պայմանագիր, որի վերնագիրը կլինի «խաղաղության պայմանագիր»։ Բովանդակության հարցով նախաձեռնությունն Ալիևի ձեռքում է։ Նիկոլ Փաշինյանը մոտավորապես հետևյալն է ասում՝ գրեք՝ ինչ բովանդակություն ուզում եք, բայց վերնագիրը լինի «խաղաղության պայմանագիր»»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Հարցին՝ 2026 թվականի ընտրություններին ընդառաջ, հնարավո՞ր է՝ Ալիևը կրկին փրկօղակ նետի Նիկոլ Փաշինյանին՝ ստորագրելով այդ պայմանագիրը, սակայն այն պայմաններով, որոնք առաջ է քաշում Ադրբեջանը, Միքայել Նահապետյանը պատասխանեց՝ եթե դրա քաղաքական ու տեխնիկական չնչին իսկ հնարավորությունը լինի, Ալիևը կանի, իսկ մինչ այդ նա մի քանի հարց պետք է լուծի։
«Նախ, ձևավորի նոր ֆորմատ պայթյունավտանգ հարցերն այդ ֆորմատում քննարկելու համար, որպեսզի խաղաղության պայմանագրով Հայաստանը կամ որևէ այլ կողմ չկարողանա ասել, որ բոլոր հարցերը լուծվել են։
Չգիտեմ՝ դա կարող է լինել, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի», դեմարկացիայի ու դելիմիտացիայի, «Արևմտյան Ադրբեջանի» հարցը, և այլն։ Ինքն այդ ամենն առանձնացնելու է այս թեմայից ու դրա համար առանձին ուղղություն ստեղծի։ Կարծում եմ՝ այս դեպքում եթե տեխնիկական ու քաղաքական հնարավորություն եղավ, ինքը կստորագրի փաստաթուղթ՝ Նիկոլ Փաշինյանին քաղաքական աջակցություն ցուցաբերելու համար։ Սա գաղտնիք չէ, մենք դա բազմիցս տեսել ենք, նույնիսկ Ալիևն է հայտարարել, որ՝ «այն պահին, երբ տեսել են, որ Հայաստանում կարող են ռևանշիստական ուժեր գան, միջամտել են», դրա համար որևէ իլյուզիա չպետք է ունենալ»,- ընդգծեց նա։
Ինչ վերաբերում է հարցին, թե հնարավո՞ր է՝ մինչև 2026 թվականն իրավիճակում բեկում լինի և այդ սցենարն իրականություն չդառնա, Միքայել Նահապետյանը պատասխանեց, որ չի տեսնում այն հասարակական-քաղաքական միտքը, որ նման բեկում կարող է ստեղծել, հրաշքների հավատալ էլ չի սիրում։
«Կա՛մ մենք պետք է մեր քաղաքական ֆորմատներում սկսենք լրջորեն մտածել այդ բեկումը բերող մտքեր ձևավորելու վրա, կա՛մ նման բան չի լինելու։ Կգան ու կգնան մարդիկ, ովքեր կասեն, որ սա բեկման պահն է, վճռորոշ պահն է, բայց եթե իրական ու բովանդակային աշխատանք չլինի, ապա դա ունենալու է նույն ճակատագիրը, ինչ միշտ ունեցել է։ Այս պահին բոլոր նախադրյալներն ի վնաս այդ բեկման են, որովհետև քաղաքական դաշտը պատրաստվում է ընտրությունների, ընդ որում՝ պատրաստվում է այդ ընտրություններին մի շարք հակասություններով, պարտություններով պոզ ու պոչ անելով, դժվար կոմպրոմիսների գալով կամ չգալով։ Այս պայմաններում ով էլ մի բանի մեջ մտնի, եթե ինքն ընտրական միավոր է, ակնկալելու է, որ այդ ինչ-որ մի բանի մեջ մտնելով՝ ավելի ձայն պետք է ստանա։ Նախընտրական շրջանում այդպիսի լուրջ հեղափոխակականներ ի հայտ չեն գալիս»,- եզրափակեց Միքայել Նահապետյանը։