«Այն ադրբեջանցիները, որոնց կբերեն Հայաստան, խաղաղ բնակիչներ չեն լինելու, դրա անվան տակ տարբեր հանցագործ տարրերի են բերելու. Սա պետք է հասկանալ». Հովիկ Ավանեսով
Ադրբեջանը շարունակում է քանդել Արցախի Հանրապետության մշակութային հուշարձանները, արցախահայերի սեփականություն հանդիսացող շենք-շինությունները, դրանց փոխարեն՝ կառուցել հյուրանոցներ, սրճարաններ՝ ադրբեջանական ոճով։ Չնայած Ադրբեջանի իշխանությունները ժամանակ առ ժամանակ կազմակերպում են Ադրբեջանում օտարերկրյա դեսպանների այցեր օկուպացված Արցախ, մասնավորապես՝ Շուշի, սակայն այդ դեսպաններից որևէ մեկն այսքան ժամանակ չի բարձրաձայնել Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվող վանդալիզմի մասին։
Արցախի Հանրապետության Մեսրոպ Մաշտոց համալսարանի Կովկասագիտության կենտրոնի ղեկավար, պատմաբան Հովիկ Ավանեսովի խոսքով՝ որպեսզի միջազգային հանրությունն ուշադրություն դարձնի Արցախում Ադրբեջանի կողմից կատարվող բարբարոսությանը, անհրաժեշտ է, որպեսզի ՀՀ իշխանությունն այդ մասին խոսի բոլոր ատյաններում, ինչը չի անում։
«Եթե մենք համեմատում ենք աշխարհի տարբեր գոտիներում տեղի ունեցող համանման գործողությունները, ապա մենք լիարժեքորեն կարող ենք պնդել, որ այն, ինչ տեղի է ունենում Արցախում, աշխարհի խոշորագույն մշակութային ցեղասպանություններից մեկն է։ Արցախում այս պահին մի շարք բնակավայրեր իրենց հարակից պատմամշակութային հուշարձաններով ամբողջովին ոչնչացված են՝ հավասարեցվել են հողին։
Ստեփանակերտում բազմաթիվ թաղամասեր կան, որոնք նույնպես ամբողջովին ոչնչացված են, մինչդեռ 2023 թվականի պատերազմից ու արցախահայերի բռնի տեղահանությունից հետո ոչնչացվում էին մասնակիորեն։ Այս ամենի նպատակն ակնհայտ է ու բոլորիս է հայտնի՝ վերացնել Ստեփանակերտի ու առհասարակ Արցախի հայկական դիմագիծը»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հովիկ Ավանեսովը։
Նա նաև արձանագրեց՝ այժմ ամեն օր Արցախում իրենց կողմից արձանագրվում է վանդալիզմի առնվազն 10 դեպք։ Ցավոք, այդ ամենը կատարվում է համաշխարհային հանրության աչքի առաջ։ Ավելին՝ Ադրբեջանն Արցախում ոչնչացնում է նաև համաշխարհային քաղաքակրթություն։
«Մասնագիտական տարբեր թիմեր, հետազոտական անկախ կազմակերպություններ բազմաթիվ հրապարակումներով և այլ միջոցներ օգտագործելով՝ Ադրբեջանի այս գործողությունները ներկայացնում են միջազգային կառույցներում՝ համաժողովների ընթացքում։ Միայն հատուկենտ դեպքերում է, որ ՀՀ արտգործնախարարությունն արձագանքում է Արցախում տեղի ունեցող մշակութային վանդալիզմին։ Մինչդեռ այս ամենի հետ կապված՝ մենք ամենօրյա աշխատանքներ պետք է տանենք, և կապված ոչ միայն վանդալիզմի հետ, այլ առհասարակ, պետք է կարողանանք միջազգային հանրությանը փոխանցել, որ Արցախում գտնվող ամբողջ համամարդկային ժառանգությունը գտնվում է վտանգի տակ։ Բայց այս աշխատանքը մնացել է փորձագետների ու մասնագիտական խմբերի ուսերին, Մայր աթոռի ու Կիլիկիո կաթողիկոսության վրա, որոնք տարբեր նախագծերով հարցը մշտապես պահում են օրակարգում»,- հավելեց Հ. Ավանեսովը։
Նա շեշտեց՝ այս հարցում արդյունքի հասնելու համար այն պետք է դառնար ՀՀ դիվանագիտության թիվ մեկ խնդիրը, մինչդեռ այդպես չէ։ Փոխարենը՝ Ադրբեջանն իր դիվանագիտության թիվ մեկ խնդիրն է դարձրել տարածքային պահանջներ ներկայացնելը Հայաստանին, զուգահեռ առաջ քաշելով նաև 300.000 ադրբեջանցիների վերադարձը Հայաստան։
«Այս ամենը Հայաստանի համար մեծ մարտահրավեր ու վտանգներ է պարունակում։ Այն ադրբեջանցիները, որոնց կբերեն Հայաստան՝ խաղաղ բնակիչներ չեն լինելու, սա պետք է հասկանանք, այդ անվան տակ տարբեր հանցագործ տարրերի ու ահաբեկիչների են բերելու Հայաստան՝ սա մտահոգիչ է»,- եզրափակեց Հովիկ Ավանեսովը։