Ադրբեջանը շարունակում է վանդալիզմի ենթարկել օկուպացված Արցախի հուշարձանները, գերեզմանոցները։ Գրեթե մեկ տարի առաջ ադրբեջանական լրատվամիջոցներում տեսանյութեր, լուսանկարներ էին հայտնվել, որտեղ Ստեփանակերտի «Եղբայրական» գերեզմանոցն ամբողջությամբ փակ էր պաստառներով, թե պաստառներից ներս ինչ իրավիճակ է՝ հայտնի չէ։ Երբ հայ փորձագետները, արցախահայերն աղմուկ բարձրացրեցին, որ «Եղբայրական» գերեզմանոցը վտանգված է, դրանից հետո ադրբեջանական կողմից դադարեցին լուսանկարներ հրապարակել։
«Ստեփանակերտում բազմաթիվ թաղամասեր կան, որոնք նույնպես ամբողջովին ոչնչացված են, մինչդեռ 2023 թվականի պատերազմից ու արցախահայերի բռնի տեղահանությունից հետո ոչնչացվում էին մասնակիորեն։ Այս ամենի նպատակն ակնհայտ է ու բոլորիս է հայտնի՝ վերացնել Ստեփանակերտի ու առհասարակ Արցախի հայկական դիմագիծը»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հովիկ Ավանեսովը։