«ՀՀ ղեկավարության դատապարտելի լռությունն ավելի շատ է անհանգստացնում, քան Ալիևի հայտարարությունները. ՀՀ-ում երբևէ 300.000 ադրբեջանցի չի ապրել». Լարիսա Ալավերդյան
Երեկ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը «Փաստինֆոյի» հետ զրույցում արձագանքել էր Ալիևի վերջին հայտարարությանը` ասելով, որ 300.000 ադրբեջանցիների վերադարձ Հայաստան նախատեսված չէ խաղաղության պայմանագրում։ Նա հրաժարվել էր որևէ այլ մեկնաբանություն տալ այս հարցի վերաբերյալ, մինչդեռ վերջերս ԱԺ խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել էր տեղեկությունները, որ հայ-ադրբեջանական բանակցություններում քննարկվում է ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու մասին հարցը։
ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, ԱԺ նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ Խորհրդային տարիներին Հայաստանում երբևէ 300.000 ադրբեջանցի չի ապրել, և, ինչպես միշտ՝ Ալիևը կեղծում է։
«Այստեղ Ալիևի խոսքը չի վերաբերում փախստականների՝ ուղղակի իրենց նախկին բնակության վայրեր վերադառնալուն, այլ խոսում է իրենց «հայրենիք» վերադառնալու մասին։ Միջազգային իրավունքի համաձայն՝ այս ամենը դատապարտելի է. կան արդեն պրակտիկայի մեջ մտած շատ-շատ նորմեր, որոնք նման հայտարարությունները պետք է դիտարկեին՝ որպես միջազգային իրավունքի դեմ հանցագործություններ։
Այն, որ ՀՀ իշխանությունը մինչև այժմ չի անդրադարձել ու սաստել Ադրբեջանի նման հայտարարությունները, ես կասեի՝ ցնդաբանությունը, ավելի ծանր բան է, քան Ալիևի հայտարարությունները։ Եթե Ալիևի հայտարարություններին հետևեին ՀՀ բարձրագույն իշխանությունների հակադարձումները, ապա դա կդիտարկեին անհիմն սկսված բանավեճ։ Բայց հիմա մենք կարող ենք ենթադրել, որ Ալիևը նման հայտարարություններ է անում գաղտնի պայմանավորվածությունների հիման վրա։ Հիմա Ադրբեջանը նման հայտարարություն է անում, որովհետև ՀՀ օրվա իշխանությունները կանդրադառնան՝ ոչ թե դատապատելով Ադրբեջանին, այլ դիմելով հայ ազգաբնակչությանը՝ բացատրելով, որ դրա իրավունքն Ադրբեջանն ունի»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Լարիսա Ալավերդյանը։
Նա նշում է, որ իր այս խոսքերն անհիմն չեն, քանի որ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը հիմնավորել է, որ Ադրբեջանն իրավունք ուներ հարձակվելու ու զավթելու Արցախը։ Հիմա էլ նույնը կարող են ասել այս դեպքում։
Լարիսա Ալավերդյանը հիմնավոր կասկած ունի, որ Ալիևի այս հայտարարությունը պատահական չէ։
«Ալիևն այդ ի՞նչ 300.000 ադրբեջանցու մասին է խոսում, կներեք, դա տեղի չի ունեցել 1000 տարի առաջ, որ բոլորս մոռանանք, այլ եղել է 1988 թվականի դեկտեմբերի 7-ին, երբ գրեթե բոլոր ադրբեջանցիները շատ խաղաղ ձևով, ինքնակամ լքել են Հայաստանը։ Սրա հիմնավորումները վաղուց կան՝ ես չկրկնեմ, Հայաստանից հեռացող որևէ ադրբեջանցու նկատմամբ բռնություն չի եղել, նույնիսկ նրանք են փորձել հայկական գյուղերի նկատմամբ սադրիչ գործողություններ իրականացնել։
Այսպիսով՝ Հայաստանն ինքնակամ լքել է 164.000 ադրբեջանցի, որոնց 90 տոկոսը վաճառել կամ փոխանակել են իրենց տները, գույքը, շատ ադրբեջանցիներ նույնիսկ 2-3 հոգու վրա են վաճառել իրենց բնակարանը, հեռագայում այդ պատճառով հայերը միմյանց հետ հայտնվել են վեճերի մեջ։
Խորհրդային աշխատանքային պետական կոմիտեն 72 մլն ռուբլի է փոխանցել Ադրբեջանին՝ որպես փոխհատուցում ադրբեջանցիների այն բնակարանների ու տների համար, որոնք գտնվում էին երկրաշարժի գոտում։ Չնայած ադրբեջանցիներն այդ տները վաճառել էին, այսինքն՝ նրանք կրկնակի օգուտ են ստացել»,- շեշտեց Լարիսա Ալավերդյանը։
Մեր զրուցակիցը նաև ընդգծեց՝ կան ամբողջովին փաստագրված նյութեր, վիճակագրություն, փաստաթղթեր, և այնպես չէ, որ կարելի է խոսել օդից։
«Ալիևի այդ հայտարարությունները փաստորեն տեղի են ունենում նախապես պայմանավորվածությունների ձեռքբերումից հետո՝ օրվա իշխանությունների հետ։ Որևէ հիմք, պատճառաբանություն նրանք չեն կարող բերել հիմնավորելու իրենց այդ լկտի հայտարարությունը։
Մենք ունենք տասնապատիկ արձանագրված ու հիմնավորված պահանջներ բռնի տեղահանված այն հայերի համար, որոնք տեղի են ունեցել աշխարհին հայտնի բռնություններով։ Այդպես չէ, որ դրանք հնարել ենք, հետևաբար՝ Հայաստանի ղեկավարության դատապարտելի լռությունն ավելի շատ է անհանգստացնում, քան Ալիևի հայտարարությունները»,- եզրափակեց Լարիսա Ալավերդյանը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ շուրջ 300.000 ադրբեջանցի պաշտոնապես դիմել է Հայաստանի ղեկավարությանը, որպեսզի իրենց վերադարձի, վերաինտեգրման համար պայմաններ ստեղծվեն։
Ըստ նրա, խոսքը 1980-1990-ականներին Հայաստանից հեռացած ադրբեջանցիների մասին է:
«Նրանք վերադառնալու իրավունք ունեն: Հայաստանի ղեկավարությունից դեռ պատասխան չենք ստացել, թե ինչպես են տեսնում ադրբեջանցիների՝ «իրենց պատմական հողեր» վերադառնալու գործընթացը»,- ասել էր Ալիևը։