ՀՀ իշխանություններից ոմանք կարող են դա ցանկանալ կոնկրետ անձանց պարագայում. բայց չեմ կարծում՝ կարող են նման քայլի գնալ՝ հաշվի առնելով ժողովրդական հնարավոր ճնշումը. Բեգլարյան
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Հայաստանի պատկան մարմիններին հրավիրել է համագործակցել Արցախի՝ Բաքվում կալանքի տակ գտնվող նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դեմ քրեական գործով:
«Ղեկավարվելով սույն քննչական գործի շրջանակում կասկածվող բազմաթիվ անձանց, ինչպես նաև վկաների՝ Հայաստանի տարածքում գտնվելու լուրջ պատճառներով՝ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Հայաստանի պատկան մարմիններին համագործակցության հրավեր է անում»,- ասվում է դատախազության հաղորդագրության մեջ։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը նաև հայտնել է, որ օկուպացված Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դեմ քրեական գործն ուղարկվել է Բաքվի զինվորական դատարան:
Նշենք, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործեր է հարուցել օկուպացված Արցախի Հանրապետության նախկին ռազմաքաղաքական ղեկավարներից 15-ի նկատմամբ:
Ի՞նչ դիրքորոշում կարտահայտի ՀՀ իշխանությունը, կբավարարի՞ արդյոք Ադրբեջանի այս պահանջը, ի՞նչ վտանգ կարող է սպառնալ Արցախում տարբեր պաշտոններ զբաղեցրած անձանց, այդ թվում՝ ազատամարտիկներին։
Արցախի նախկին պետնախարար, մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը խոսելով այս հարցերի շուրջ, նախ ասաց՝ կարծում է, եթե ՀՀ իշխանությունները հակված լինեն համագործակցության, ամենահավանական տարբերակն այն է, որ Հայաստանում կոնկրետ մարդկանց հրավիրեն հարցաքննության՝ կա՛մ որպես վկա, կա՛մ որպես կասկածյալ, և այլն։
«Չեմ կարծում, որ Ադրբեջանին հանձնելու հարց կարող է լինել՝ ՀՀ իշխանություններից ոմանք առնվազն կարող են դա ցանկանալ կոնկրետ անձանց պարագայում, բայց չեմ կարծում, որ կարող են նման քայլի գնալ՝ հաշվի առնելով ժողովրդական հնարավոր ճնշումը։
Կարծում եմ՝ նույնիսկ համագործակցության մասին խոսելուց առաջ պետք է այդ համագործակցության համար հստակ սկզբունքներ պարզեցվեն Ադրբեջանի հետ հարաբերություններում, հետո նոր քննարկեն համագործակցության ձևերը։ Նախքան Ադրբեջանի պահանջները կամ առաջարկները կատարելը, ՀՀ իշխանությունները շատ հստակ պայմաններ ունեն դնելու՝ Ադրբեջանի իշխանությունների կամ ալիևյան ռեժիմի առջև, որ իրենք էլ պետք է համագործակցեն Հայաստանի հետ՝ կոնկրետ քրեական գործերի շրջանակներում՝ ադրբեջանցիների կատարած հանցագործությունների վերաբերյալ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արտակ Բեգլարյանը։
Նրա խոսքով՝ նման գործերը քիչ չեն, մինչդեռ իրականում շատ ավելի շատ պետք է լինեին, բայց չգիտես՝ ինչու, այս դեպքում որևէ պատրաստակամություն՝ համագործակցության առումով, չկա։
«Օրինակ, Հայաստանը վավերացրել է Հռոմի ստատուտը, և նախքան վավերացումը եղել են հստակ հայտարարություններ, որ Ադրբեջանի կողմից մարդկության դեմ կատարվել են հանցագործություններ, մարդիկ նույնիսկ ցեղասպանության մասին են խոսում, որոնք պետք է հետաքննվեն միջազգային քրեական դատարանի կողմից։ Այս հարցերն ինչո՞ւ չեն դրվում Ադրբեջանի առջև։
Կամ, Հռոմի ստատուտի վավերացման ժամկետից առաջ, 2020 թվականին ու դրանից առաջ բազմաթիվ հանցագործություններ են տեղի ունեցել ՀՀ քաղաքացիների հանդեպ, կատարվել են հանցագործություններ ՀՀ սուվերեն տարածքում, որոնց մի մասն արտացոլված է ընթացող քրեական գործերում»,- շեշտեց Ա. Բեգլարյանը։
Հարցին՝ իրատեսակա՞ն է, որ միջազգային որևէ փաստաբանական խումբ հնարավորություն կունենա գնալու Բաքու՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների շահերը պաշտպանելու համար, Արտակ Բեգլարյանը պատասխանեց՝ կան մի շարք հարցեր, օրինակ՝ ինչո՞ւ հայ փաստաբան չի կարող գնալ, քանի որ, եթե Ադրբեջանն ուզում է համագործակցել, ապա հենց Ադրբեջանում բանտարկված ու պատանդառված մեր քաղաքացիների, հայրենակիցների իրավունքների պաշտպանության մասով իրենք պետք է պատշաճ երաշխիքներ տան ՀՀ-ին։
«Պետք է ապահովեն արդարադատության թափանցիկությունը, մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանությունը, այնինչ իրենք հայ փաստաբաններին, նույնիսկ միջազգային փաստաբաններին թույլ չեն տալիս շփվել հայ պատանդների հետ, որևէ լրացուցիչ տեղեկություն ստանալ, քրեական գործերը ստանալ։ Փաստաբանները պետք է քրեական գործերն ամբողջությամբ ստանան, բայց իրենք փաստաբաններին թույլ չեն տալիս։ Նման պայմաններում որևէ համագործակցության մասին խոսելն, իհարկե, անիմաստ է։ Հետևաբար, ես չգիտեմ, թե ՀՀ իշխանություններն ինչ դիրքորոշում կունենան, և, բնականաբար, բավականին ռիսկեր կան, եթե ոչ՝ ամբողջությամբ, ապա՝ մասնակի համագործակցության շանս կարող է լինել, կամ ժեստ կարող են անել, առանց որևէ հստակ պահանջներ դնելու Ադրբեջանի առջև, կամ համագործակցության մեջ առանց հավասարություն դնելու։ Ինչպես նշեցի, բազմաթիվ հարցեր կան, որոնց շուրջ Հայաստանը պետք է ակնկալիքներ ունենա Ադրբեջանից։
Եվրոպական դատարանի բավականին շատ վճիռներ կան հայերի ու Հայաստանի քաղաքացիների իրավունքների պաշտպանության մասով, որոնցից ոչ մեկն Ադրբեջանը չի կատարել, այդ թվում՝ ծանրագույն հանցագործություններ, սպանություններ, գլխատումներ։ Ադրբեջանն ուղղակիորեն հրաժարվում է կատարել Եվրոպական դատարանի վճիռները, ՀՀ իշխանությունը պարտավոր է հետամուտ լինել, որպեսզի Ադրբեջանը կատարի»,- եզրափակեց Արտակ Բեգլարյանը։
Հիշեցնենք, որ այժմ Բաքվում ապօրինի կալանքի տակ են պահվում նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը և ԶՈՒ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը: