
Դաչա՝ հայրենիքի դիմաց. «ապօրինի պետության» հանձնում՝ ապօրինի գույքի վերադարձի դիմաց

Առջևում ընտրություններ են։ Կամ հերթական՝ 2026 թվականին, կամ արտահերթ՝ ըստ անհրաժեշտության ու քաղաքական նպատակահարմարության։
Իշխանության համար՝ ըստ նպատակահարմարության, քանի որ առնվազն ներկայիս քաղաքական ստատուս-քվոյում քաղաքական օրակարգն ու իրադարձությունների ընթացքն օբյեկտիվորեն թելադրում է իշխանությունը։ Նիկոլ Փաշինյանն արդեն վաղուց պատրաստվում է այդ ընտրություններին։ Հերթական կամ արտահերթ։
Հենց դրա մասին է «հատիկառհատիկ» պայմանական անվանումով քարոզչական արշավը, որով նա ներկայացնում է՝ որպես «ապօրինի ձեռք բերված գույքի վերադարձը պետությանը»։ Հասկանալի է՝ ընտրությունների մոտենալուն զուգահեռ՝ այդ արշավի տեմպն ու տեսարանները կավելանան, ինչպես և «պետությանը վերադարձվող ապօրինի գույքի ու փողի ծավալը»։
Վերադարձի գաղափարն ու խոստումն անկյունաքարային դեր ունի գործող իշխանության քաղաքական կառույցում։ Եվ նույն վերադարձի գաղափարի խեղումը ցույց է տալիս իշխանության մտավոր, գաղափարական, բարոյական ճարտարապետության դեգրադացիան։ 2021թ․ Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրություններում խոստանում էր Շուշիի ու Հադրութի դեօկուպացիա, այսինքն՝ վերադարձ Արցախին։ Հինգ տարին անց՝ 2026-ին ընդառաջ, Նիկոլ Փաշինյանը խոստանում է «ապօրինի գույքի վերադարձ պետությանը»։
Այս միջակայքում է գտնվում հայկական իրականության հիմնարար այլասերումը, որ տեղի է ունեցել վերջին 5 տարուց պակաս ժամանակահատվածում։ Իշխանության խոստումների ձայնապնակում կատարվել է վերադարձի օբյեկտի ու սուբյեկտի ողբերգական փոփոխություն․ վերադարձի օբյեկտը Շուշիից վերածվել է թալանչի պաշտոնյայի առանձնատան, սուբյեկտն էլ՝ Արցախից դարձել է Հայաստանի կառավարությունը։
«Դաչա՝ հայրենիքի դիմաց». այս սկզբունքն է ընկած գործող իշխանության հետպատերազմյան քաղաքականության հիմքում, որը կոնկրետ իշխանության ներկայացուցիչների համար արտահայտվել է ամենաուղիղ իմաստով․ Շուշին ու Հադրութն Ադրբեջանի վերահսկողության տակ են, փոխարենը՝ Փաշինյանը հաջողությամբ դեռևս վերահսկում է Պռոշյանի կառավարական ամառանոցները։
Բայց քանի որ քաղաքացիները կարող են այդուհանդերձ հայտնաբերել, որ հիմա իրենք չունեն հայրենիք, բայց չունեն նաև անգամ շարքային ամառանոց, նոր նախընտրական ցիկլից առաջ որոշվել է երեք միլիոն վարչապետների միջև հավասարությունն ապահովել «հավաքական ամառանոցի վերադարձի» պատրանքով։
Վերադարձի գաղափարը, որ այդպես այլանդակորեն կերպարանափոխվել է ընդամենը 4.5 տարում, ամբողջությամբ դուրս մղվելով Հայաստանի իշխանության արտաքին օրակարգից, այդուհանդերձ շարունակում է մնալ արտաքին քաղաքական օրակարգում, սակայն արդեն ոչ թե Շուշիի ու Հադրութի և արցախահայերի՝ իրենց հայրենիք, այլ «ադրբեջանցի փախստականների»՝ «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի իմաստով։
Եվ Հայաստանի իշխանությունը, որ ամբողջությամբ տապալել է Շուշիի ու Հադրութի վերադարձի իր խոստումը, այսօր զբաղված է ադրբեջանական վերադարձի համար հիմքեր ստեղծելով։ Այդ ճանապարհին ամենամեծ քայլը կատարեց Նիկոլ Փաշինյանը՝ «Արևմտյան Ադրբեջանը» նույն հարթության մեջ դնելով Արևմտյան Հայաստանի հետ։
«Ապօրինի գույքի վերադարձը» Նիկոլ Փաշինյանը փորձում է օգտագործել իշխանությունը պահպանելու համար։ Նրա համար միևնույն է, որ այս ընթացքում իր գործողություններով ամեն ինչ անում է Հայաստանն «ապօրինի գույքի» վերածելու համար, որն Ադրբեջանն օկուպացնելու (քարոզչական հարթությունում՝ «վերադարձնելու») է նույն՝ «հատիկառհատիկ» սկզբունքով։
«Նախկինների վերադարձից» ահաբեկված հասարակությունը կարծես թե գոնե առայժմ հաշտ է փաշինյանական այն քաղաքականության հետ, որի արդյունքում նախկինները վերադառնալու են։ Բայց վերադառնալու են ոչ թե նախկին իշխանությունները, այլ իրենց գյուղերի ու քաղաքների «նախկին բնակիչները»՝ ադրբեջանցիները։
Հարություն Ավետիսյան