Թուրքիան «Գազպրոմբանկ»-ի նկատմամբ պատժամիջոցների ցուցակից դուրս գալու հարցով դիմել է ԱՄՆ-ին
Թուրքիայի իշխանությունները դիմել են ամերիկացի գործընկերներին՝ «Գազպրոմբանկ»-ի նկատմամբ պատժամիջոցների ցուցակից դուրս գալու խնդրանքով։ Այս մասին հայտնել է թուրքական Hürriyet թերթը։
Լրատվամիջոցը հիմնվելով իր աղբյուրների տեղեկատվությանը՝ նշում է, որ ներկայումս Թուրքիայի առաջնահերթ խնդիրն է դուրս գալ պատժամիջոցների այդ ցուցակից։ Այդ խնդիրը բարձրաձայնվել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Անկարա կատարած վերջին այցի ընթացքում։
Ամերիկյան կողմն, ըստ Hürriyet-ի, պատասխանել է, որ արդեն զբաղվում է այդ խնդրի ուսումնասիրությամբ։ Նշվում է, որ Վաշինգտոնը «Գազպրոմբանկ»-ի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել, որպեսզի թույլ չտա Ռուսաստանին օգտագործել միջազգային ֆինանսական համակարգը։ Պատժամիջոցների ցանկում, նշված բանկից բացի, ներառված են միջազգային կապեր ունեցող ևս մի քանի տասնյակ ռուսական բանկեր, ֆինանսական կազմակերպություններ և պաշտոնյաներ։
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարն ավելի վաղ հայտարարել էր, որ Անկարային անհրաժեշտ է ստանալ ԱՄՆ-ի համաձայնությունը՝ «Գազպրոմբանկ»-ի միջոցով բացառության կարգով գազի գնման գործարքներ իրականացնելու համար, հակառակ պարագայում պատժամիջոցները բացասաբար կանդրադառնան երկրի էներգետիկ անվտանգության վրա։