Ֆրանսիայի նախագահը մտադիր է ԵՄ գագաթնաժողովում բարձրացնել Ուկրաինայում խաղաղապահների տեղակայման հարցը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեկտեմբերի 18-19-ը կայանալիք Եվրամիության առաջնորդների գագաթնաժողովի օրակարգում կբարձրացնի Ուկրաինայի տարածքում խաղաղապահ առաքելության տեղակայման հարցը։
Այս մասին հայտնում է «Страна.ua» լրատվականը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
Աղբյուրների փոխանցմամբ, այս քննարկումը բխում է մի շարք կարևոր հանգամանքներից։ Դրանց թվում են Մակրոնի այցելությունը Լեհաստան, ԶԼՄ-ներում ակտիվացած քննարկումները Ուկրաինայում խաղաղապահ առաքելության վերաբերյալ, ինչպես նաև ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի՝ նախագահի պաշտոնում վերադարձը։
Ըստ ԵՄ դիվանագետների` կարևոր է նախապես մշակել համապարփակ մոտեցում՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հնարավոր խաղաղության համաձայնության դեպքում։
Չնայած հարցի բարձրացմանը` ԵՄ ներսում առայժմ չկա միասնական դիրքորոշում։ ԵՄ պաշտոնյաները նշել են, որ խաղաղապահ առաքելության հարցը դեռ «հում» փուլում է և առայժմ ընդամենը գաղափար է։
Ավելի վաղ, Լեհաստանի և Խորվաթիայի առաջնորդները դեմ են արտահայտվել իրենց զորքերը Ուկրաինա ուղարկելուն։ Գերմանիայի կառավարությունում այս հարցը որակել են որպես «ոչ արդիական»։