Լցոնած ֆոկաչչա
                                    Բաղադրիչները՝
- 500 գ ալյուր
 - 12 գ թարմ խմորիչ
 - աղ
 
Միջուկի համար
- 2 միջին չափի գլուխ սոխ
 - 2 միջին չափի դդմիկ կամ ցուկինի
 - 3 միջին չափի կարտոֆիլ
 - 200 գ ոչխարի պանիր
 - 1 ճ/գ չորացրած անանուխ
 - ձիթապտղի ձեթ
 - աղ
 - աղացած սև պղպեղ
 
Պատրաստման եղանակը
Խմորի համար ալյուրը լցրեք պնակի մեջ կամ սեղանին ալյուրով բլուր սարքեք, վրան աղ արեք: Խմորիչը լուծեք 1/2 բաժակ տաք ջրի մեջ (38-40 աստիճան ցելսիուս): Խմորիչով ջուրը լցրեք ալյուրի վրա, խմոր հունցեք՝ անհրաժեշտության դեպքում տաք ջուր ավելացնելով:
Միջուկի համար կեղևով կարտոֆիլը 30 րոպե եփեք, մաքրեք ու պատառաքաղով տրորեք: Մանր կտրատեք սոխն ու դդմիկը: Մանր քերիչով քերեք պանիրը:
Սոխը 2 ճ.գ. ձեթով տապակեք մինչև փափկելը, մոտ 5 րոպե: Ավելացրեք դդմիկը և սոխի հետ միասին ևս 5 րոպե տապակեք: Տապակած դդմիկն ու սոխը լցրեք առանձին պնակի մեջ, ավելացրեք տրորած կարտոֆիլը, պանիրը, անանուխը, աղն ու աղացած սև պղպեղը: Խառնեք միջուկը:
Խմորը երկու մասի բաժանեք: Դրանցից մեկը շրջանաձև, ոչ շատ բարակ շերտով բացեք: Կենտրոնում լցրեք միջուկի կեսը: Հետո խմորի ծայրերից քաշեք, արևածաղկի տերևների նման միացրեք կենտրոնում: Այդպես կարկանդակի վերևը կստացվի կիսով չափ խմորով ծածկված:
Պատրաստի կարկանդակի վրա ձիթապտղի ձեթ քսեք և 30 րոպեով տեղադրեք 180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում: Նույն ձևով պատրաստեք նաև երկրորդ ֆոկաչչան:
Պատրաստի ֆոկաչչան կարող եք մատուցել շատ տաք, գոլ կամ սառը վիճակում:
Խորհուրդ: Ֆոկաչչայի խմորը կարող եք ավելի հետաքրքիր դարձնել, եթե նրան որոշ չորացրած բույսեր ավելացնեք՝ հազրեվարդ, խնկածաղիկ, ուրց (կամ դրանց խառնուրդը): Ֆոկաչչայի տոնական տարբերակում կարող եք եփած մսի կտորներ ավելացնել:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    