Հայաստանի տակ դրվող կոնյունկտուրային ականները

Հայաստանում ներքաղաքական և աշխարհաքաղաքական «սև-սպիտակը», որ անխնա շահագործվում է արդեն ավելի քան 6 տարի, գործնականում աղավաղելով քաղաքական միտքն ու հանրային աշխարհընկալումը, շատ վաղուց արդեն իր «մետաստազներն» է տարածել նաև տնտեսության վրա:

Անկասկած է, որ տնտեսությունը ևս քաղաքականություն է, նաև աշխարհաքաղաքականություն: Ավելին, աշխարհաքաղաքականությունն ու աշխարհտնտեսությունը մշտապես եղել են և կան՝ փոխադարձ մոտիվներ պայմանավորող ամբողջություն: Բայց հենց այդ հանգամանքն ինքնին պետք է բերի մի պարզ եզրակացության, որ Հայաստանի պետական կենսունակության կարևոր գրավականը տնտեսական ամրությունն է, իսկ դրա գրավականը՝ ներդրումային ծրագրերը, որոնք բարձրացնում են տնտեսության արդյունաբերական, արտադրական ներուժը:

Իսկ դա նշանակում է, որ Հայաստանի ներդրումային հեռանկարները չպետք է ենթարկել աշխարհաքաղաքական «սև ու սպիտակին»: Պետք է ընդունել բոլոր գույների գոյությունն ու ձգտել Հայաստանի տնտեսության համար օգտագործել ցանկացած գույն ու երանգ, որը կօգնի բարձրացնել երկրի տնտեսության արդյունաբերական ներուժը, արտադրական հզորությունները, արտահանելի հատվածի տեսակարար կշիռը, ստեղծել կայուն աշխատատեղեր:

Եթե այսօր Հայաստանի տնտեսական վիճակագրությունից դուրս բերենք շահումով խաղերի և, այսպես կոչված, վերաարտահանման բաղադրիչները, ապա Հայաստանի տնտեսության պատկերը կլինի, մեղմ ասած, անմխիթար:

Կարդացեք նաև

Մինչդեռ, պետական ինքնիշխանության աստիճանը, օրինակ, պայմանավորվում է ոչ թե որևէ արտաքին դերակատարի հանդեպ հռետորաբանության սրությամբ, որևէ մեկին «գրողի ծոցն» ուղարկելու խաբուսիկ «խիզախությամբ», այլ Հայաստանի հանդեպ բոլոր աշխարհաքաղաքական հետաքրքրությունները ներդրումային գործընկերության և, առավել ևս՝ արդյունաբերական ներուժի վերածելու մասնագիտական հմտությամբ, հարկ եղած դեպքում՝ հնարամտությամբ:

Որովհետև որևէ պետության պարագայում ինքնիշխանության առավելագույն գործակից կախված է նրանից, թե որքան բարձր է տնտեսության կառուցվածքում արդյունաբերական, արտադրողական սեգմենտի գործակիցը:

Ինքնիշխանությունը քաղաքական պոպուլիզմի հայելին չէ, այլ գերազանցապես՝ արտադրող, ստեղծող տնտեսություն ձևավորելու մասնագիտական կարողության արդյունքը: Իսկ այդ խնդիրը լուծելու հիմնարար, ըստ էության բոլոր երկրներում արդյունավետ «փորձարկում» անցած և լայնորեն կիրառվող մեխանիզմներից մեկն օտարերկրյա ներդրումների ինստիտուտն է, որը ձևավորում է տնտեսական և քաղաքական ընդհանուր շահեր, հետևաբար նաև՝ այդ շահերը պաշտպանելու ընդհանուր ձգտումներ:

Մեզանում, սակայն, այդ ամենը կառուցելու մասնագիտական միջավայրի գերակայություն հաստատելու, դրա շնորհիվ նաև հանրային ընկալումների բարենպաստ հող, օտարերկրյա ներդրողին վստահություն ներշնչող հանրային կարծիք ձևավորելու փոխարեն, քաղաքական կոնյունկտուրայի նկատառումներով «սև-սպիտակը» բերվում է տնտեսության դաշտ, ընդ որում, նաև օտարերկրյա ներդրումների թիրախավորումով:

Օրինակ, «արևմտամետ» համարում ունեցող քաղաքական գործիչը կարող է լայն լսարան ունեցող հարթակում թիրախավորել Հայաստանում ներդրում կատարող ռուսական կապիտալին ընդամենն այն պատճառով, որ դա կարող է իր համար ունենալ քարոզչական որոշակի էֆեկտ: Որովհետև Հայաստանի համար որևէ էֆեկտ այդ գործելաոճն ունենալ չի կարող: Ավելին, այդ մոտեցումը չի կարող որևէ դրական ընկալում ունենալ նույնիսկ արևմտյան կամ որևէ այլ երկրից պոտենցիալ ներդրողների շրջանում:

Որովհետև բիզնեսը, կապիտալը, ներդրող շրջանակներն ունեն մի քանի «ոսկե կանոն»: Նրանք շատ լավ են պատկերացնում, որ, եթե քաղաքական կոնյունկտուրան որևէ կերպ տարածվում է տնտեսական ծրագրերի, ներդրումային հեռանկարների վրա, ապա, եթե այսօր տվյալ երկրում թիրախում է, օրինակ, ռուսական կապիտալը, վաղը քաղաքական իրողությունները կարող են փոխվել, և թիրախում կհայտնվի արևմտյան կամ «հարավային» կապիտալը:

Եթե որևէ երկրում նոր կապիտալի ներգրավումը պատկերացնում են արդեն աշխատող ներդրողների համար գործունեության խոչընդոտներ սահմանելով, ապա դրա հետևանքը կլինի ոչ միայն տվյալ ներդրողի հնարավոր հիասթափությունն ու ներդրումային ծրագրի ձախողումը, այլ նաև որևէ նոր ներդրողի անվստահությունն այդպիսի միջավայրի հանդեպ:

Անկասկած է, որ օտարերկրյա նոր ներդրումների ներգրավման քաղաքականությունն ու ջանքը պետք է ունենա ոչ միայն ներդրումների ծավալն ավելացնելու նպատակ, այլ նաև նոր ներդրումների միջոցով բիզնես գործունեության, բիզնեսի կառավարման, սոցիալական պատասխանատվության, տնտեսական մշակույթի նոր ստանդարտների ներմուծումը: Ի դեպ, այդ առումով, անշուշտ, կասկածից վեր է արևմտյան ստանդարտների առաջատարությունը:

Բայց նոր ստանդարտները, նոր որակը, նոր նշաձողերը պետք է ապահովվեն՝ բոլոր ներդրողների համար գործունեության հավասարապես գրավիչ պայմաններ ու հանրային միջավայր ձևավորելու շնորհիվ: Հենց այդ մոտեցումն է եղել նաև արևմտյան քաղաքակրթական առաջադիմության և առաջատարության հիմքում:

Կապիտալը չունի «ազգային պատկանելություն», եթե խոսքը, իհարկե, Հայաստանի հանդեպ ակնհայտորեն թշնամաբար տրամադրված որևէ երկրի մասին չէ: Իսկ թե որոնք են այդ երկրները, շատ պարզ է:

Մնացյալ առումով կապիտալին պետք է ոչ թե վերաբերվել՝ ըստ դրա «հայրենիքի», այլ՝ ըստ մեր պետության շահի: Իսկ այդ շահը պահանջում է որևէ խտրականություն չցուցաբերել՝ ներդրողը Ռուսաստանի՞ց է, Եվրոպայի՞ց, ԱՄՆ-ի՞ց, թե՞, օրինակ, արաբական աշխարհից: Մեր պետության շահը պահանջում է հնարավորինս խոշոր և հնարավորինս շատ ներդրումային ծրագրեր և դրանց համար այնպիսի հավասար մրցակցային միջավայրի ապահովում, որը թույլ կտա համադրել երեք կարևորագույն բաղադրիչ՝ պետության շահ, ներդրողի շահույթ և հանրային շահի պաշտպանություն:

Այդ համադրությունն ապահովելու հմտությամբ ու կարողությամբ են չափվում պետությունների ինքնիշխանության ու կենսունակության աստիճանները:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս