Բաժիններ՝

«Տո ա՛յ ձրիակերներ, դո՞ւք եք այդ միսն արտադրել, որ այդպես տանում եք գյուղացու մոտից.  զավեշտալի էր, մսի առգրավումն անում էին, որևէ փաստաթուղթ չէին տալիս». Հրաչ Բերբերյան

Այսօր վաղ առավոտյան ոստիկաններն ու ՍԱՏՄ աշխատակիցները ԳՈՒՄ-ի շուկայից առգրավում էին գյուղացիների բերած միսը` պատճառաբանելով, թե չունեն համապատասխան փաստաթղթեր միսը սպանդանոցում մորթելու մասին։

Գյուղացիներն իրենց հերթին ասում էին, որ ողջ տարվա ընթացքում ՍԱՏՄ աշխատակիցները չեն այցելել իրենց ու ստուգումներ չեն արել՝ «հիմա Նոր տարի է, եկել են, որ մսերն առգրավեն»։

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի խոսքով՝ նման իրավիճակ սպասելի էր, ու ինքը վաղուց է ասել՝ իշխանությունն իր անգրագիտության բոլոր հետևանքները փաթաթելու է սովորական քաղաքացիների վզին։

«Այս ծրագիրը սկսվեց Կարեն Կարապետյանի կառավարության ժամանակ, այն սկզբում լավ չքննարկվեց ու այդպես ներդրվեց, իշխանության փոփոխությունից հետո այն շարունակվեց՝ առհասարակ անգրագետ մարդիկ են, որոնք տեղյակ չեն գյուղից ու գյուղատնտեսությունից։ ԳՈՒՄ-ի տարածքում այսօր տեղի ունեցած վիճակն ընդամենը մի փոքր արտացոլանքն էր մեզանում տիրող խայտառակ վիճակի։

Կարդացեք նաև

Իհարկե, պետք է մորթը լինի որակով՝ անասնաբույժի հսկողության տակ, դրա համար ծախսատար բաներ պետք չեն, միայն յուրաքանչյուր գյուղում պետք է լինի մորթանոց՝ բոլոր հնարավորություններով։ Այս հարցին բազմիցս անդրադարձել եմ, այդ գյուղացին ի՞նչ գումար է աշխատում, որ իր խոշոր անասունը վերցնի, ծախս անի ու 40 կիլոմետր հեռու հասցնի ինչ-որ վայր, որտեղ կա սպանդանոց, ու մորթ անի։ Կրկնում եմ՝ դրա համար յուրաքանչյուր գյուղում մի փոքր տարածքի վրա պետք է սարքեն մորթանոց։ Իրենք նախատեսում են թանկարժեք շենքեր, դա պետք չէ, այդ մորթանոցները բավարար են որակով մորթ անելու համար»,- 168.am հետ զրույցում նշեց Հրաչ Բերբերյանը։

Նրա խոսքով՝ անհասկանալի է, թե ինչո՞ւ քնեցին-քնեցին ու Ամանորի շեմին սկսեցին իբր թե ստուգումներ անցկացնել։ Նաև զարմանալի է այն, թե ինչո՞ւ է իշխանությունը ցանկանում, որպեսզի այդ սպանդանոցներն անպայման լինեն ինչ-որ մեկի ազդեցության տակ։

«Չմտածեք, թե ես կողմ եմ, որ շուկայում անորակ միս վաճառվի, ո՛չ, անորակ միսը պետք է առգրավեն, բայց կոնկրետ այս դեպքում ինչո՞ւ ավելի վաղ քայլեր չեն ձեռնարկել, որ միսը հասել է շուկա, ինչո՞ւ նոր հիշեցին։

Հենց գալիս է տարեմուտը, հանկարծ հիշում են, որ մսի որակին պիտի հետևեն։ Այս իշխանությունների տգիտությունը բերել է այս օրին, որովհետև սկզբում պիտի պայմաններ ստեղծեին, նոր օրենք կիրառեին։ Բայց մեզ մոտ օրենքը կիրառում են՝ առանց պայմանների, չգիտեմ՝ ում են լավություն անում, գուցե մեր երեք հարևանների՞ն են լավություն անում՝ մսի մորթը ձախողելով։ Չէ՞ որ սա էլ է տնտեսական մեխանիզմ՝ մսի արտադրությունը։

Խայտառակություն է, չեն թողնում մարդը վաճառի իր արտադրած միսը. զավեշտալին այն էր, որ այդ առգրավումն անում էին, մարդկանց որևէ փաստաթուղթ չէին տալիս։

Ինքս ՍԱՏՄ կառավարման խորհրդի անդամ եմ, այս վերջին մեկ տարին նիստ չենք անում, նոր պետ է եկել՝ չի բարեհաճում մեզ հետ նիստ անի»,- հավելեց Հրաչ Բերբերյանը։

Նա նաև շեշտեց՝ այսօր շուկայում մսի մեծ պակաս է եղել՝ պահանջարկը շատ է եղել, քանի որ շուկայից այդքան միս են առգրավել։

«Տո ա՛յ ձրիակերներ, դո՞ւք եք այդ միսն արտադրել, որ այդպես տանում եք գյուղացու մոտից։ Այս նեգատիվ երևույթները թող վերացնեն՝ մեծ-մեծ խոսելու փոխարեն»,- եզրափակեց Հրաչ Բերբերյանը։

Տեսանյութեր

Լրահոս