Բաժիններ՝

«Այսօր ոչ մի գյուղապետ չգիտի, օրինակ, «Ծաղիկ» կովը քանի լիտր կաթ է տալիս». Հրաչ Բերբերյան

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի խոսքով՝ Հայաստանում գյուղատնտեսության զարգացումը մնացել է բնության կողմից մատուցվող անակնկալների հույսին. փառք Աստծո, որ այս տարի եղանակը գյուղատնտեսության համար բարենպաստ է։

«Որոշ դատարկագլուխներ Հայաստանում արդեն երաշտ էին նախատեսում, այսօր եմ Ստեփանավանից վերադարձել, անձրևները չեն թողնում՝ մարդիկ իրենց գյուղատնտեսական աշխատանքներն անեն։ Այնպես որ, այս պայմաններում երաշտի մասին խոսք լինել չի կարող։

Կարող են լիուլի ջրամբարները լցնել, որ հետո խնդիր չունենանք։ Եթե չլցրեցին, ուրեմն՝ միտումնավոր են անում, որպեսզի գա հասնի սեզոնը, Սևանից ոռոգման համար կրկին ջուր բաց թողնեն։ 2 տարի առաջ Արփի լճի դարպասները բաց էին թողել, դիտմամբ, որպեսզի ՀԷԿ-երը տարին 12 ամիս աշխատեն։ Խուլիգանությունը խուլիգանության վրա են անում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հրաչ Բերբերյանը։

Նա հիշեցրեց՝  5 տարի առաջ ասել է ու հիմա էլ շարունակում է ասել, որ Էկոնոմիկայի նախարարությունը գյուղատնտեսական հարցեր լուծող նախարարություն չէ, այն կոորդինացնող նախարարություն է և ոչ ավելին։

Կարդացեք նաև

Բերբերյանի խոսքով, Հայաստանում գյուղատնտեսության վերաբերյալ որոշում են ընդունում, սակայն այն չեն կարողանում կյանքի կոչել, հակառակ դեպքում՝ որորտում այսքան խնդիր իրար վրա չի կուտակվի։

«Պրիմիտիվ են, չեն հասկանում ոլորտից։ Եթե խոսենք ցորենի ցանքատարածքներից, ապա, ըստ Էկոնոմիկայի նախարարության, այդ տարածքները պետք է մեծանան, հիմա օգոստոսին հայտնի կդառնա՝ ավելացե՞լ են, թե՞ ոչ։ Չնայած մեզանում պաշտոնական վիճակագրությունը խայտառակ վիճակում է, գիտենք, էլի, ինչպես են աշխատում։ Իրենք աշխատում են մարզպետների ու գյուղապետերի հետ, բայց այսօր ոչ մի գյուղապետ չգիտի, օրինակ, «Ծաղիկ» կովը քանի լիտր կաթ է տալիս։ Դե, պետական վիճակագրությունը տալիս են Էկոնոմիկայի նախարարությանը, նա էլ ներկայացնում է, բայց հետո մենք տեսնում ենք, որ տվյալները ու ստացած իրական բերքի թվերը չեն համապատասխանում»,- շեշտեց Հրաչ Բերբերյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ դեռ վաղ է խոսել խաղողի բերքատվության մասին, սակայն ծիրանի լավ բերք է սպասվում։

«Ծիրանի շատ լավ բերք ենք սպասում, ցրտահարությունից կարծես թե խուսափեցինք։ Սակայն գերխոնավությունը կարող է բերել սնկային հիվանդությունների, այդ հիվանդության դեմ հենց այսօրվանից պետք է սրսկումներ անել։ Ֆերմերներ կան, որ արդեն ահազանգում են, թե ծառի տերևը դեղնում է, սա սնկային հիվանդության հետևանք է։

Այս տարի դաշտի լոլիկ գրեթե չկա, իսկ կարտոֆիլն ու սոխը նորմալ կմտնեն շուկա, հաստատ տարվա ընթացքում պակաս չենք ունենա»,- ընդգծեց Հրաչ Բերբերյանը։

Տեսանյութեր

Լրահոս