ՍԱՏՄ-ն շոուն կազմակերպեց, ոստիկանությունը թեժացրեց. պետության փնթի աշխատանքի պատճառով ԳՈՒՄ-ի շուկայի մոտից 7 անձ ձերբակալվեց
Այսօր առավոտյան լարված իրավիճակ էր Երևանի` ժողովրդի մեջ ԳՈՒՄ-ի շուկա անունով հայտնի շուկայի մսի պասսաժի մոտ։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) աշխատակիցներն ու ոստիկանությունը առգրավում էր գյուղացիների բերած միսը` ասելով, որ չունեն համապատասխան փաստաթղթեր միսը սպանդանոցում մորթելու մասին։
Գյուղացիները իրենց հերթին ասում էին, որ ողջ տարվա ընթացքում ՍԱՏՄ աշխատակիցները չեն եկել, չեն ստուգել, հիմա Նոր տարի է, եկել են, որ մսերը առգրավեն։
Բայց նրանց բողոքն այն էր, որ իրենք դեմ չեն միսը սպանդանոցում մորթելու, սակայն իրենց բնակավայրերին մոտ 50 կմ. շառավղով սպանդանոցներ չկան։ Իսկ գյուղացիները Վերդից, Շիրակի մարզից էին։
«Ես Վեդիից եմ։ Կարա՞ս էնտեղ մի սպանդանոց ցույց տաս»,- ՍԱՏՄ պաշտոնյային դիմեց Վեդիից իր սեփական միսը վաճառելու բերած քաղաքացին, ում 600000 դրամ արժողությամբ միսը առգրավել էին։
Պաշտոնյան պատասխան չուներ, բայց հրավիրել էր կարմիր բերետավորների, որ մարդկանց նկատմամբ բիրտ ուժ կիրառեն, ինչը և արեցին։ Ինչ-որ պահի իրավիճակը լարվեց, ոստիկանությունը մոռացավ, որ ինքը կարգուկանոն հաստատող է, այլ ոչ թե քրեական ենթամշակույթի կրող, ու սկսեց մարդկանց մեջ տղա փնտրել։
Սկսվեց տպավորիչ ջարդ, չնայած այն հանգամանքին, որ մարդկանց ինքնազգացողությունը վատանում էր։ Ոստիկանությունը սակայն բնականաբար, տարածեց հաղորդագրություն, որում ողջ մեղքը բարդել էր քաղաքացիների վրա։ «Դեկտեմբերի 13-ին սննդի անվտանգության տեսչական մարմնի հետ ՆԳՆ ոստիկանության ծառայողները հերթական համատեղ ստուգայցն են կատարել Երևանի Խորենացի փողոցում գտնվող մսի վաճառքով զբաղվող խանութներ՝ ստուգվել է մսի սպանդանոցային մորթի վերաբերյալ փաստաթղթի առկայությունը։ Ոստիկանության ծառայողներն ապահովել են հասարակական կարգը։
ՍԱՏՄ աշխատակիցների և հավաքված քաղաքացիների միջև առաջացած վիճաբանության ընթացքում քաղաքացիներից մեկը բենզին է լցրել իր վրա և փորձել ինքնահրկիզվել, որը կանխվել է ոստիկանների կողմից։
Միջադեպի մասնակից ևս յոթ անձ խուլիգանության և դիտավորությամբ գույքը վնասելու անմիջական կասկածանքով ձերբակալվել, տեղափոխվել է ոստիկանություն։ Նրանց վերաբերյալ կազմվում են համապատասխան փաստաթղթեր նախաքննական մարմին ներկայացնելու համար»,-ասում են ոստիկանությունից։
Քաղաքացու ինքնահրկիզման փորձը սակայն ոչ թե իրենք են կանխել, այլ լրագրողը։ Որևէ մեկը չի վիճարկում, որ վաճառվող միսը պետք է փաստաթղթավորված լինի, սակայն մարդկանց առաջ նման պահանջ դնելուց առաջ պետք է համապատասխան պայմաններ ապահովել նրանց համար։
Իսկ ոստիկանությունը այնպես էր ջարդում իրենց քրտինքով անասուն պահած մարդկանց` իրենց ապրանքը պաշտպանելու համար, որ թվում էր` ընդդիմության ցույց են ցրում։
Ի դեպ, անդադար օրենքի պահանջ վկայակոչող ՍԱՏՄ պաշտոնյան ինքը անտեսեց օրենքի պահանջը ու միսը առգրավելուց առաջ չկշռեց այն։ Եվ հիմա եթե քաղաքացիները ցանկանան դատական կարգով վիճարկել ՍԱՏՄ որոշումը, չեն կարողանա վնասի չափը նշել հայցադիմումի մեջ։