«Գաղտնի հանդիպմանն Ասադը խնդրեց փոխանցել Սերժ Սարգսյանին, որ նա ճիշտ էր». Նաիրա Կարապետյան

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը բազմաթիվ զուգահեռներ է տեսնում Արցախի անկման և սիրիական զարգացումների իրականացման եղանակներում:

«Երբ վերցրեցին Հալեպը՝ շատ նման էր մեր Շուշիին, հետո, երբ ահաբեկչական ջոկատները հայտնվեցին Դամասկոսի մատույցներում՝ Ասադը գնաց բանակցությունների, նույն զուգահեռով, ինչպես Արցախի իշխանությունները գնացին Եվլախ և նստեցին բանակցությունների: Ցավոք, ձեռագիրը շատ նման էր, ռուսների պահվածքն էլ էր շատ նման, և այստեղ մեծ դեր է խաղում այն փաստը, որ նախագահ Թրամփի երդմնակալությունը դեռ չի եղել, և թուրքական ուժերը մինչև փետրվարի սկիզբ շտապելու են իրականացնել այն ամենը, ինչ ծրագրել են: Այս ամենից գալիս ենք ամենատխուր եզրակացությանը, որ մեծ հարվածի տակ է մեր Սյունիքը, ինչպես իրենք ասում են՝ Զանգեզուրը: Չնկատել զարգացումները, չլսել թուրքական երկու պետությունների ակնհայտ ակնարկները, թեկուզ միայն այն, որ Ալիևն է հորդորում ՀՀ իշխանություններին նստել, այսպես կոչված, Արևմտյան Ադրբեջանի ներկայացուցիչների հետ բանակցությունների և լսել իրենց պահանջները, այս ամենը չնկատելը հանցագործություն է սեփական պետության նկատմամբ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Նա ընդգծեց՝ Ռուսաստանը հայտնվել է ծուղակում. «Ամեն ինչ տանում է նրան, որ երկու բևեռ է զարգանում՝ Թուրքիան և Ռուսաստանը, երկուսն էլ փորձում են ընդլայնել իրենց պետության տարածքները: Ակնհայտորեն, Ռուսաստանն Ուկրաինայում կանգնած է հանգուցալուծման առջև, և այդտեղ մեծ դեր է ունենալու ԱՄՆ քաղաքականության փոփոխությունը: Կանխատեսումն այն է, որ ինչ-որ պահի մենք կկանգնենք հերթական ռուս-թուրքական եթե ոչ՝ պատերազմի, ապա՝ ավելի խորը հակամարտության առջև: Այստեղ Հայաստանի դիրքավորումը ոչ թե անհրաժեշտ է, այլ կենսական է լինելու»:

Կարդացեք նաև

Նաիրա Կարապետյանը փակագծեր բացեց 2014 թվականին Բաշար Ասադի հետ գաղտնի հանդիպումից.

«Ասադն էլ էր հավատում, որ կկարողանա կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ: Ավելին, Ասադն այդ մասին խոսում էր 2009 թվականին: Ասադը զղջաց, և 2014 թվականին ես էլ եմ եղել այդ գաղտնի հանդիպման պատվիրակության կազմում, երբ Ասադն ասաց՝ խնդրում եմ, փոխանցեք Սերժ Սարգսյանին, որ նա ճիշտ էր, այո, մենք չենք ճանաչում թուրքերին:

Ասադը դրանից հետո դիմացավ ևս 10 տարի, ինչ-որ պահից նրան համոզեցին, որ կարելի է ունենալ բարիդրացիական հարաբերություններ թուրքերի հետ, և եղավ այն, ինչ եղավ: Ասադն ամենաերկար դիմակայած ղեկավարներից էր, որը շատ դաժան գին վճարեց նրա համար, որ մտածեց՝ Թուրքիայի հետ կարելի է ունենալ նորմալ հարաբերություններ»:

Հարցին՝ մոտավորապես նույն ճակատագիրը Նիկոլ Փաշինյանի՞ն է սպասվում, նա պատասխանեց. «Ես դժվարանում եմ անել կանխատեսում, որովհետև Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները թուրքական իշխանությունների և թուրքական որոշում կայացնողների հետ լրիվ այլ հարթության վրա են, Ասադինը՝ լրիվ այլ էին: Ասադի հարաբերությունները Ռուսաստանի հետ շատ ուրիշ էին, Նիկոլ Փաշինյանինը՝ խիստ տարբերվում են դրանից: Թե Նիկոլ Փաշինյանին ու իր ընտանիքին ինչ ճակատագիր է սպասվում, ես չգիտեմ, բայց Հայաստանին, այո, սպասվում է Սիրիայի ճակատագիրը»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս