Ինչ անըմ ենք, էրեխեքի հմար ենք անըմ

Հայաստանի իշխանական և քաղաքական համակարգը, ընդհանրության մեջ, աննշան բացառություններով, առաջնորդվում է նպատակահարմարության սկզբունքով։ Խոսքը նպատակների սահմանման ու դրանից բխող ծրագրերի իրականացման ռացիոնալիզմի մասին չէ, առանց որի՝ հնարավոր չէ որևէ գործունեություն։ Մեր դեպքում խնդիրը քաղաքականության սուբյեկտների կողմից իրենց նպատակների ֆետիշացման ու հանուն դրանց՝ որևէ արգելքի առջև կանգ չառնելու պատրաստակամության մասին է, որն առաջադեմ լինելու մեծամտությամբ ներկայացվում է՝ որպես «պրագմատիզմ» կամ «ռեալ պոլիտիկ»։

Իրականությունն այն է, որ նպատակի դոմինանտությունը քաղաքականությունն ամբողջությամբ զրկում է արժեքներից ու սկզբունքներից և ընդունելի է դարձնում դրան հասնելու ճանապարհին կատարվող ցանկացած քայլ։

Իշխանությունը, օրինակ, հայտարարում է, որ գերնպատակն Ադրբեջանի հետ խաղաղության հաստատումն է, չի հայտարարում, բայց հասկանալի է, որ էլ ավելի կարևոր նպատակ է ինքնին իրենց իշխանության պահպանումը, և դրանց հասնելու ճանապարհին չի խորշում ոչնչից՝ սկսած պետական մակարդակով նվաստացումից՝ մինչև ազգային արժեքների, անցյալի ուրացում, իշխանությանն ընդդիմացողների ապօրինի ազատազրկումներից՝ մինչև հենց իշխանական անհնազանդների անձնական կյանքի հրապարակայնացում։

Նույնը, որոշակի տարբերություններով, առկա է նաև ընդդիմադիր խմբերի մի մասի մոտ։ Նպատակ է հայտարարված իշխանափոխությունը և դրան հասնելու ճանապարհին ոչնչի առջև կանգ չի առնվում՝ ամենակեղտոտ պիտակավորումներից՝ մինչև հանուն իշխանության բոլորի հետ համագործակցելու պատրաստակամություն։

Կարդացեք նաև

Քաղաքական համակարգի այս գուցե՝ օրինաչափությունը, փոխանցվել է նաև հասարակության զգալի մասին․կենցաղից մինչև գործարար հարաբերություններ՝ մարդիկ սահմանում են իրենց մեծ ու փոքր նպատակները և դրանց հասնելու համար չեն խորշում որևէ, անգամ ամենազազրելի քայլից։ Այսինքն՝ պետական ու հանրային կյանքի գրեթե բոլոր սուբյեկտները՝ իշխանությունը, քաղաքական ուժերի և հասարակության մեծ մասն առաջնորդվում են նպատակի բացարձակացման սկզբունքով, որը հանրագումարում արդեն պետությունն է  դարձնում անարժեք, անսկզբունք ու անգաղափար։ Գրեթե բոլոր այդ սուբյեկտների համար չբարձրաձայնվող կրեդո դարձած «նպատակն արդարացնում է միջոցները» արտահայտությունը վերագրվել է բազմաթիվ հեղինակների՝ անտիկ փիլիսոփաներից մինչև միջնադարյան մտածողներ ու պետական գործիչներ։ Բայց դրա հեղինակը 15-րդ դարի իսպանացի կաթոլիկ, ճիզվիտների միաբանության հիմնադիր Իգնատիոս դե Լոյոլան է, սակայն իրականում բնօրինակում այն ունի հետևյալ տեսքը․ «Եթե նպատակը հոգու փրկությունն է, ապա նպատակն արդարացնում է միջոցները»:

Քաղաքական գործիչների ու կոնյունկտուրային շահերով առաջնորդվողների շնորհիվ այդ արտահայտությունից դուրս է թողնվել առաջին մասը՝ ամբողջությամբ խեղաթյուրելով դրա հիմնական գաղափարը և այն վերածելով անարժեք ու անսկզբունքային մարդկանց հիմնավորման։ «Հոգու փրկությունն» այլաբանական իմաստ ունի և կարող է վերաբերել ցանկացած հոգևոր, գաղափարական, վերնյութական նպատակի, քաղաքականության մեջ՝ պետական ու ազգային շահին, գաղափարախոսական իդեալներին, կենցաղում՝ ազնվությանն ու բարոյականությանը։

Պայմանականորեն, այս գաղափարի ամբողջական տարբերակով առաջնորդվելու դեպքում կարելի է ստեղծել «Հոգևոր Հայաստան», որը պատգամում էին մեր դասականները, մինչդեռ հիմա դրա խեղաթյուրված նպատակապաշտությամբ կերտվում է «իրական Հայաստանը»՝ առաջին հերթին դրա հեղինակների, բայց նաև բոլոր նրանց գործուն մասնակցությամբ, ովքեր ապրում և գործում են նպատակին հասնելու համար միջոցների մեջ խտրություն չդնելու սկզբունքով։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս