Ադրբեջանն ակտիվ շփումների մեջ է Թուրքիայի և Իսրայելի հետ․ ինչի՞ց է անհանգիստ կամ ինչի՞ է պատրաստվում Ադրբեջանը

Սիրիայում բեկումնալի զարգացումներին զուգահեռ՝ Բաքուն ակտիվ շփումների մեջ է իր ռազմական դաշնակիցների՝ Թուրքիայի և Իսրայելի հետ։ Օրերս տեղի ունեցավ՝ Ալիև-Էրդողան, նախօրեին՝ Բայրամով-Ֆիդան հեռախոսազրույց, իսկ այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Բաքվում հանդիպել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատար Զիյա Ջեմալ Քադըօղլուի հետ և քննարկել իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին։

«Ադրբեջանի ՊՆ ղեկավարը թուրքական պատվիրակությանը տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանին ներկա օպերատիվ իրավիճակի մասին՝ ընդգծելով Հայաստանի վերազինման «բացասական ազդեցությունը» տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման վրա»,- ասված է ադրբեջանական հաղորդագրությունում։

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն էլ օրերս այցելել էր Իսրայել և շփումներ ունեցել նախագահի և ԱԳ նախարարի հետ։ Այցից հետո ըստ էության Հասանովը հայտարարել է, որ Բաքվին մտահոգում է Հայաստանի տարածքում որևէ երրորդ երկրի ուժի տեղակայումը։ Նա նշել է, թե «փոխըմբռնման և խաղաղության պայմաններում իրականացվող սահմանազատման գործընթացում երրորդ կողմի մասնակցության անհրաժեշտություն չենք տեսնում»։

«Հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ-ի որևէ առաքելություն տեղակայելու անհրաժեշտություն չենք տեսնում։ Այս առաքելության գործունեությունը պետք է ավարտվի»,- հայտարարել է Հաջիևը՝ նշելով, թե «առաքելությունը պետք է լիներ կարճաժամկետ, սակայն այն դառնում է մշտական»։

Կարդացեք նաև

«Դրա կազմը, ինչպես նաև մանդատի տարածքն ընդլայնվում են»,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան՝ շեշտելով՝ Եվրամիության առաքելությունը տարածաշրջանում ոչ թե խաղաղության ամրապնդմանը նպաստող, այլ մտահոգություններ առաջացնող գործոն է։ Բնականաբար, Երևանը և Բրյուսելը հակված են երկարաձգել եվրոպացիների տեղակայման մանդատը, սակայն այդ հարցով դեռ անորոշություն է, քանի որ Երևանն ու Բաքուն փոխհամաձայնություն չունեն։

Վերջերս Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ադրբեջանական կողմին առաջարկվել է դիտորդներին հանել սահմանի սահմանազատված հատվածներից միայն։

«Մենք Ադրբեջանին ասել ենք՝ եկեք էդ կարգավորումն անենք սահմանազատված հատվածների նկատմամբ, էն սահմանը, որը սահմանազատված է, օբյեկտիվորեն դիտորդ ունենալու կարիք չկա»,- ասել էր Փաշինյանը։

Ի դեպ, ըստ Ադրբեջանի կառավարությանը մերձ վերլուծական կենտրոնի՝ խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերից երկուսը վերաբերում են հայ-ադրբեջանական սահմանից ԵՄ դիտորդների դուրսբերմանը և Հայաստանի հետ իրավական վեճերի բացառմանը։ Ադրբեջանը կարծես Փաշինյանի հերթական առաջարկին չի արձագանքում և շարունակում է պահանջել դիտորդների դուրսբերում ՀՀ տարածքից։

168am-ի հետ զրույցում անդրադառնալով ադրբեջանական կողմի կոնտակտներին և պահանջներին՝ ուղղված Երևանին, ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ Ադրբեջանն ամենայն հավանականությամբ Մերձավոր Արևելքում ստեղծված նոր իրավիճակի ֆոնին իր դաշնակիցների հետ նոր իրողություններն է քննարկում։

Նա վստահ է՝ քննարկվում են թե ստեղծված հնարավորությունները, թե սպառնալիքները։

«Իրավիճակն աննախադեպ է, Ադրբեջանը Մերձավոր Արևելքում խաղացող չէ, բայց այնպես էլ չէ, որ լիովին կտրված է այդ իրադարձություններից, քանի որ մի կողմից՝ Թուրքիայի ու Իսրայելի դաշնակիցն է, մյուս կողմից՝ ժամանակ առ ժամանակ խնդիրներ ունի Իրանի հետ, Իսրայելի համար Իրանի դեմ պայքարի հարցում Ադրբեջանը կարևոր երկիր է։ Ուստի կարծում եմ, տեղի են ունենում փաթեթային քննարկումներ, որոնք վերաբերում են թե Մերձավոր Արևելքին՝ Սիրիայում ծավալվող նոր իրավիճակին, դրա զարգացման սցենարներին, ինչպես նաև Անդրկովկասում իրավիճակին՝ Երևան-Բաքու բանակցություններին, կարգավորման հնարավորություններին, ինչպես նաև կողմերի միջև առկա խնդիրներին»,- ասաց նա։

Խրամչիխինի խոսքով, ռազմական վտանգների վերաբերյալ կանխատեսում անելը բարդ է։

«Երբ կա չկարգավորված հակամարտություն, վտանգը մշտական է։ Ինչպես տեսանք Սիրիայի դեպքում, կարծես իրավիճակը սառեցված էր, սակայն այն բռնկվեց ու միանգամից բեկման հանգեցրեց, շատ քչերն էին նման բան կանխատեսում, քանի որ տվյալ պահին կար երկու ակտիվ օջախ՝ Ուկրաինա և Լիբանան։

Ըստ էության, ժամերի ընթացքում իրավիճակը Սիրիայում շրջվեց։ Սա ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումներին բնորոշ իրավիճակ է։ Այնուամենայնիվ, Երևանի համար աշխարհաքաղաքական իրավիճակը բարենպաստ է, դա, կարծում եմ, գաղտնիք չէ, Ադրբեջանի հետ բանակցությունները փակուղում են, նոր համաձայնություններ չկան, միջնորդ գործընթացում չկա։ Սակայն վաղ է նաև Ռուսաստանի ու Իրանի ազդեցությունն Անդրկովկասում բացառելը։ Մերձավոր Արևելքում նահանջ գրանցեցին, սակայն դա ամենևին չի ենթադրում նահանջ նաև Անդրկովկասից։ Թեև արևմտյան ուժերը և ռեգիոնալ խաղացողները, յուրաքանչյուրն իր շահը հետապնդելով, օպերացիա իրականացրին Սիրիայում, և այս փուլում այն այդպիսի հետևանք ունեցավ»,- ասաց նա։

Վերլուծաբանը շարունակում է պնդել, որ Ադրբեջանի՝ դիտորդներին ՀՀ-ից դուրս բերելու պահանջին կարող է արձագանքել նաև ԵՄ-ն։

«Ուշագրավ է, որ չկա որևէ արձագանք ԵՄ-ից»,- նկատեց Խրամչիխինը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031