Ադրբեջանն ուժեղացնում է դիվանագիտական պայքարը. ադրբեջանցի դիվանագետները կատեստավորվեն և կունենան նոր գործառույթներ
Հայաստանից միջպետական հայցերից կամ գանգատներից հրաժարվելու պահանջի ֆոնին Ադրբեջանում որոշել են դիվանագիտական ծառայություններին նոր գործառույթներ վերապահել:
Ադրբեջանի խորհրդարանում քննարկված դիվանագիտական ծառայությանն առնչվող օրինագծով առաջարկվում է, օրինակ, արտաքին քաղաքական միջոցներով և դիվանագիտական մեթոդներով օտար պետություններում և միջազգային կազմակերպություններում պաշտպանել Ադրբեջանի Հանրապետության, նրա քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքները և օրինական շահերը:
Այսինքն, երկրի դիվանագիտական ծառայության մարմիններն իրենց վերապահված նոր գործառույթի սահմաններում միջազգային դատական և արբիտրաժային գործերով պետք է պաշտպանեն Ադրբեջանի Հանրապետության ազգային շահերը, ինչպես նաև աջակցեն պետական քաղաքականության իրականացմանը և օտար պետություններում բնակվող իրենց հայրենակիցների ու այնտեղ գործող կազմակերպությունների հետ կապերի ամրապնդմանը՝ ելնելով ադրբեջանական ազգային հետաքրքրություններից և այլն:
Եվ հենց այս ամենի տրամաբանության համատեքստում Ադրբեջանի ղեկավարությունը որոշել է նաև դիվանագիտական ծառայողների գործունեության գնահատման և ատեստավորման համակարգ:
Ընդ որում, ատեստացիա կարող են անցնել դիվանագիտական ծառայության այն աշխատակիցները, ովքեր համապատասխան դիվանագիտական պաշտոնում են առնվազն 1 տարի՝ մշտական հիմունքով:
Այսինքն, Ադրբեջանը շարունակում է հզորացնել ոչ միայն սեփական բանակը, այլև դիվանագիտությունը, և գաղտնիք չէ, որ Ադրբեջանի քաղաքացիների և Ադրբեջանի իրավունքների ու շահերի պաշտպանությունը ենթադրում է Հայաստանի դեմ տարբեր պահանջներ՝ փախստականների վերադարձից մինչև փոխհատուցման:
Նշենք, որ ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն այսօր լրագրողներին հայտնել է, որ այս պահին Ադրբեջանը Հայաստանին առնչվող հայցեր ունի երկու միջազգային ատյաններում՝ ՄԻԵԴ-ում, Արդարադատության միջազգային դատարանում, ինչպես նաև կա արբիտրաժային գործընթաց, նոր հայց Ադրբեջանի կողմից չկա ներկայացված:
Նա նաև նշել է, որ Հայաստանն այս պահին միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցերը հետ կանչելու որոշում չունի: