Երկիրը վտանգի մեջ՝ ամուսիններով The Kardashians շոու են խաղում, ամեն փռշտոց դնում են Ֆեյսբուքում, ժողովրդին ասում՝ որոճացեք ու նայեք մեզ. Աղազարյանին և Փաշինյանին թրաշելով՝ ՔՊ-ի դեմքը չի փոխվում. Լևոն Զուրաբյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Հիմա սարսափելի գործընթացներ են տեղի ունենում, որոնք անմիջականորեն բախվում են մեր ազգի ճակատագրին։ Տեսեք՝ ինչ է տեղի ունենում Սիրիայի շուրջ, և Թուրքիան բացահայտ արդեն ասում է, որ Սիրիան գրավելուց հետո իրենք անցնելու են Զանգեզուրի միջանցքին։
Հիշեցնենք, որ օրերս Թուրքիան իր պետական TRT հեռուստառադիոընկերության, մեդիահոլդինգի եթերում անդրադառնալով Սիրիայի պատերազմական գործողություններին, բացեիբաց հայտարարել է. «Շուտով մենք Հալեպը, Դամասկոսը, Դարաան ու Հոմսը կվերադարձնենք իր իսկական տիրոջը և կուղևորվենք դեպի Զանգեզուրի միջանցք»:
- «Արևմտյան Հայաստան» և «Արևմտյան Ադրբեջան» եզրույթներն իրար կողքի, մի հարթության մեջ դնելն անմտությամբ քողարկված չարամիտ դավաճանություն է։
Հիշեցնենք, օրեր առաջ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը, բացի Հայաստանի Անկախության հռչակագիրը քննադատելուց, այս անգամ արդեն նույն հարթության վրա դրեց Արևմտյան Հայաստանն ու Ալիևի առաջ քաշած կեղծ «Արևմտյան Ադրբեջան»-ը:
«Հիմա մենք ինչքան նեղվում ենք և շատ ծանր ենք տանում և պրոբլեմ ենք համարում, որ ինչ-որ տեղ ինչ-որ մարդիկ օգտագործում են «Արևմտյան Ադրբեջան» տերմինը, չէ՞, բա մենք որ ասում ենք՝ Արևմտյան Հայաստան, չենք մտածո՞ւմ, որ ինչ-որ մարդկանց դա գրգռում է: Ոնց որ ասում են՝ «Արևմտյան Ադրբեջան», մեզ է գրգռում, տենց էլ ոնց որ ասում ենք՝ Արևմտյան Հայաստան, որիշներին է գրգռում»,- հայտարարել էր Փաշինյանը՝ այդպիսով կանաչ լույս վառում Ադրբեջանի տարածքային հավակնությունների համար: Ալիևն «Արևմտյան Ադրբեջան» ասելով՝ նկատի ունի ողջ Հայաստանի ինքնիշխան տարածքը, և որպես առաջին քայլ՝ նա մտադիր է Հայաստանում վերաբնակեցնել 300.000 և ավելի ադրբեջանցիների:
«Արևմտյան Ադրբեջանի» ադրբեջանական բնակչությունը ժամանակի ընթացքում կվերադառնա իր «հայրենիք»»,-օրեր առաջ կրկին հայտարարել էր Իլհամ Ալիևը:
Ի՞նչ է սա, եթե ոչ՝ Փաշինյանի կողմից դավաճանության ևս մեկ ապացույց:
- Ժամանակին 400 000 հայ Ադրբեջանից վռնդվել է, էթնիկ զտում է եղել, բայց նրանց վերադարձի մասին ոչ ոք չի խոսում։ Ցավոք, Հայաստանի կողմից բանակցողները կարմիր գծեր չունեն, և այդ մասին հենց իրենք են խոստովանում։
Ի դեպ, օրերս Բաքվում «Վերադարձի իրավունք. արդարության ապահովում Հայաստանից բռնի տեղահանված ադրբեջանցիների համար» թեմայով անցկացված, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի 2-րդ միջազգային համաժողովի ընթացքում Ալիևը կրկին ելույթ է ունեցել և հայտարարել, որ Հայաստանը «պետք» է բանակցություններ սկսի, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանական» համայնքի հետ և գործնական քայլեր ձեռնարկի նրանց հիմնարար իրավունքները վերականգնելու համար:
«Ազատություն» ռադիոկայանն այդ կապացությամբ գրել էր.
«Մինչև իշխանական ուժը խուսափողական պատասխաններ է տալիս, նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, խոսելով խաղաղության գործընթացի մասին, պնդել էր՝ «Հայաստանը պետք է բանակցություններ սկսի «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» հետ և գործնական քայլեր ձեռնարկի «արևմտյան ադրբեջանցիների» հիմնարար իրավունքների վերականգնման ուղղությամբ։ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, սակայն, խուսափում է հակադարձել Ալիևին, ով Հայաստանի ինքնիշխան տարածքն «Արևմտյան Ադրբեջան» է անվանում:
«Ինչ վերաբերում է տարբեր մեկնաբանություններին՝ Ադրբեջանից հնչող Ալիևի կողմից, ես նպատակահարմար չեմ գտնում այս պահին դրանք մեկնաբանել: Կա մի շատ պարզ բացատրություն՝ ինչի չեմ պատասխանում, որովհետև Հայաստանի Հանրապետության անունից, ցավոք սրտի, բանակցող կողմը կարմիր գծեր չունի»,- ասաց Հովհաննիսյանը:
- Աշխարհում՝ Մերձավոր Արևելքում, տարածաշրջանում՝ Վրաստանում, ստեղծվել է վտանգավորագույն վիճակ, որն իր ազդեցությունն է ունենալու մեզ վրա, ու մեկ էլ այստեղ պայթում է Հովիկ Աղազարյանի հետ կապված պատմությունը։
- Վերջերս Փաշինյան ընտանիքն իր ամեն փռշտոցը դնում է սոցիալական ցանցերում, տարածում է, և տպավորություն է ստեղծվում, որ Փաշինյանները որոշել են դառնալ Քարդաշյան՝ The Kardashians reality show։ Ռեալիթի շոու է, որը կարող է անվանվել The Pashinyans… Վերջերս էլ ամուսիններով հրապարակեցին իրենց այդ տարածած տեսանյութերի վյուերի՝ դիտումների վիճակագրությունը, որը կապված չէ իրենց քաղաքական գործունեության հետ։ Սա էժանագին բան է։
Փաստորեն, աշխարհը, մենք վտանգավոր մարտահրավերների առջև լինելով՝ Հայաստանը չունի ղեկավար, ունի Փաշինյանների մասնակցությամբ մի էժանագին ռեալիթի շոու, որը մատուցվում է մեր հանրությանն ու նրան տանում բթացման, անձի պաշտամունքի, որ մարդիկ նայեն, ասեն՝ ի՜նչ լավ ծամեց տոլման, ի՜նչ լավ թրաշվեց, հեծանիվ քշեց… Ժողովրդին ասում են՝ որոճացեք ու լռեք, մեզ նայեք:
- Ես Հովիկ Աղազարյանի հեռացման օպերացիան կհամեմատեի Փաշինյանի թրաշվելու օպերացիայի հետ։ Հովիկ Աղազարյանը մեծ հաշվով «Քաղաքացիական պայմանագրի»՝ ՔՊ-ի դեմքն է։ ՔՊ-ն կարող է ասել՝ մենք բոլորս Հովիկ Աղազարյան ենք։ Բայց ինչպես Փաշինյանի թրաշվելու դեպքում նրա բովանդակությունը չփոխվեց, այնպես էլ Աղազարյանին թրաշելով՝ ՔՊ-ի դեմքը չի փոխվելու։
- Նիկոլ Փաշինյա՛ն, էդ որ ինչ-որ երևույթների անվանում ես ապապետական, իրականում ամենաապապետական մարդը դո՛ւ ես։ Դու բերում ես Քննչականի նյութերը, մարդու անձնական կյանքին վերաբերող նյութերը, հրապարակում ես սկզբում՝ ՔՊ-ի նիստում, հետո՝ մամուլում։
- Հովիկ Աղազարյանը մի բարի պտուղ չէ, բայց սահմանադրական սկզբունքները պետք է պաշտպանվեն։ Պատգամավորին ճնշելու իրավունք ոչ ոք չունի։
- Աշխարհաքաղաքական կոնկրետ կենտրոններն այսօր հայ ժողովրդի ապապետականացման խնդիրն են լուծում։ Մեզ փորձում են զրկել ստրատեգիական մտածողությունից, տանել Փաշինյան-շոուի ուղղությամբ ու դարձնել մի աննպատակ, անդեմ հանրություն, որին ժամանակ առ ժամանակ սնվելու նյութեր կտան… Ու դա անում են Փաշինյանի ձեռքով․ բեմադրվում է մեզ պետական կամքից զրկելու շոուն։
Իրականում մեզ փորձում են ցավազրկել մեր ձեռքը կամ ոտքը կտրելուց առաջ։ Եթե մենք մեր պետականաստեղծ կամքից զրկվենք, մենք ապագա չունենք։ Ռացիոնալ քաղաքական ուժերը սա՛ պետք է քննարկեն։ Իսկ Սիրիայի դեպքերը մոտեցնում են այդ ժամանակը։
- Հասկանալի է, որ պատերազմից, այդ ծանր պարտությունից հետո մեր ժողովրդին պետք էր շունչ քաշել, բայց պարզ է նաև, որ Թուրքիան և Ադրբեջանը մեզ հետ խաղաղություն չեն կնքելու, քանի դեռ մենք տնտեսական, ռազմական առումով չենք պնդացել։ Բայց Փաշինյանի ռեժիմը, բացի հեծանիվ քշելուց ու ուտելիք սարքելուց, ուրիշ բան չի անում ու չի անելու։ Այս ռեժիմը չի՛ կարող խաղաղություն կնքել։
- Գնալով հարկային ճնշումը մարդկանց վրա ավելանում է։ Տնտեսությունը չի աշխատում, այս իշխանություններն էլ չգիտեն՝ ոնց փող հավաքեն։ Իրենց համար կարևորն իշխանական դիրքերի ամրապնդումն է, ու սա պրոբլեմ է։ Սրանք չեն մտածում երկիրը զարգացնելու, տնտեսությունը զարգացնելու, բանակն ուժեղացնելու մասին: Այս մարդիկ կործանարար են Հայաստանի համար, և նրանք իրենց ձախողումները լցնում են քարդաշյանական շոուներով։
- Հայաստանի պետական կամքի դեֆիցիտի առաջացման և ապահովման գլխավոր գործիք դրսի ուժերը համարում են Փաշինյան ընտանիքին։
- Փաշինյանը ֆորմալ պահում է ՀԱՊԿ-ին անդամակցությունը, որպեսզի ռուսները և ՀԱՊԿ անդամ մյուս երկրները պատասխանատվություն կրեն Հայաստանի անվտանգության համար։ Թվում է՝ սա արդյունավետ, խորամանակ քաղաքականություն է, բայց ինչպես Ղարաբաղից հրաժարվեց՝ մտածելով՝ ռուսները կպաշտպանեն այն, հիմա էլ չի հասկանում, որ ֆորմալ հավատարմությունը կոլեկտիվ պաշտպանությանն ունի իր սահմանները։ Սա շատ խոցելի խաղ է, որովհետև մի օր այդ խաղը կարող է ավարտվել։ Սա ցույց է տալիս Հայաստանի ղեկավարության անլրջությունը։ Դրսում հասկանում են, որ Հայաստանում չկա մարդ, ում հետ կարող ես պայմանավորվել կամ լուրջ խոսել։ Եվ եթե Փաշինյանը և նրա թիմը սա անում են Արևմուտքի աջակցությունը վայելելու համար, այստեղ էլ են սխալվել․Արևմուտքը պատրաստ չէ ո՛չ մեզ զենք ուղարկել, ո՛չ պաշտպանել, ո՛չ էլ երաշխավոր կանգնել:
- Մենք գտնվում ենք մի ծանր հակամարտության մեջ, որտեղ մի կողմից Արևմուտքն է՝ իր դաշնակիցներով, մյուս կողմից՝ ԲՐԻԿՍ-յան հատվածը։ Իրականում գնում է 3-րդ համաշխարհային պատերազմը, որն առայժմ չի մտել էսկալացիոն տաք ռեժիմի մեջ, ու մեր նման երկրները պետք է ամեն ինչ անեն՝ կուլ չգնալու համար։ Փաշինյանը, սակայն, ամեն ինչ անում է ոտնատակ ընկնելու, Հայաստանը ոտքի տակ գցելու համար։
- Փաշինյանն առաջարկում է կախվել մի բանից, որը քանդվում է։ Ինքն իր ապաշնորհ լինելը, բոլոր ձախողումները, արտաքին քաղաքականության կոնցեպցիայի բացակայությունն արդարացնում է «մենք միակ պետությունն ենք, որը հոսքին դեմ է գնում» անիմաստ ձևակերպումներով։
- Աշխարհը շվարած է։ Այն տնտեսական ու քաղաքական պարալիզացված և ճգնաժամային վիճակը, որ ստեղծվել է Ֆրանսիայում, լուծում չունի։ Անգլիան, Գերմանիան տնտեսական ու քաղաքական առումով վատ վիճակում են, Ռուսաստանը՝ նույնպես։ Էս վիճակում ցանկացած ազգ ունի ոչ թե էժանագին շոուներով մարդկանց զբաղեցնող իշխանության պահանջարկ, այլ հմուտ ղեկավարով քաղաքական ուժի պահանջարկ, որը կկարողանա ճիշտ կառավարել և արագ արձագանքել։
- Մենք չգիտենք՝ Վրաստանում ռուսնե՞րն են հաղթելու, թե՞ Արևմուտքը, ու դրա արդյունքում Հայաստանն ինչ լոգիստիկ պրոբլեմներ է ունենալու։ Այս վիճակում որևէ մեկի կողմ բռնելը նշանակում է Հայաստանի ճակատագիրը դնել խաղասեղանին։
- Փաշինյանը Հայաստանով լոտո է խաղում։ Հերթական խաղադրույքն է կատարել ու սրում է։ Այդպես երկիրը լրիվ կկործանի:
- Ընդդիմությունը չպիտի արկածախնդիր քայլերի գնա։ Մենք պետք է հասկանանք, որ շտուրմի գնալը լուծում չէ։ Իհարկե, լավ կլիներ հնարավորինս շուտ ազատվել Փաշինյանի ռեժիմից, բայց պետք է հասկանանք, որ այդ հարցը բոլշևիստական քաղաքական լուծումներով չի լուծվում։ Հետևաբար՝ մենք պետք է հասկանանք, որ, իհարկե, կարող են լինել արտահերթ ընտրություններ, բայց եթե դու սկսում ես ստեղծել լուրջ կոալիցիա, որը կարող է հաղթել 2026թ․ ընտրություններում, դա քեզ օգնելու է նաև հնարավոր, ժամանակից շուտ արտահերթ զարգացումների ժամանակ։ Պետք է պատրաստ լինել ցանկացած զարգացման: Այստեղ ոչ մի հակասություն չկա։ Մենք չենք ասում՝ սպասենք մինչև 2026թ․ ընտրություններ, ասում ենք՝ եկեք, պատրաստվենք հիմա։
- Աննա Հակոբյան պրոյեկտին չեմ հավատում․ ընդամենը Փաշինյան շոուի մաս է…
Մանրամասները՝ տեսանյութում։