«Պետական գաղտնիքի մասին» օրենքը ՀՀ-ում ամենաշատը խախտած մարդը Նիկոլ Փաշինյանն է. Գեղամ Մանուկյան
Դեկտեմբերի 5-ին 168.am-ը «Փաշինյանի «պետական դավաճանությունը» դուրս է օրենքից, իսկ գեներալները պետք է «նստեն». Փաշինյանի քաղաքական հրաման-խոստովանությունը» վերտառությամբ հոդված էր հրապարակել, որտեղ անդրադարձել էինք նաև 44-օրյայից առաջ, դրա ընթացքում և հետո Փաշինյանի կողմից գաղտնիության սկզբունքի խախտումների կամ գաղտնիության տարրեր պարունակող տեղեկությունների հրապարակմանը:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանից հետաքրքրվեցինք՝ ավելի քան 6 տարիների ընթացքում պետական գաղտնիքի պահպանման և, ինչո՞ւ չէ՝ նմանօրինակ տեղեկությունների հասանելիության համատեքստում ի՞նչ խնդիրներ են եղել, այսինքն, եղե՞լ են օրենքով գաղտնի համարվող տեղեկությունների հանրայնացման դեպքեր, միգուցե դրանց հասանելիություն են ունեցել մարդիկ, որ չպետք է ունենային:
««Պետական գաղտնիքի մասին» օրենքը ՀՀ-ում ամենաշատը խախտած մարդը վերջին 6 տարիներին եղել է Նիկոլ Փաշինյանը, ով ցանկացած գաղտնիք հրապարակել է ԱԺ ամբիոնից իր ելույթներում»,- 168.am-ի հետ զրույցում հակիրճ պատասխանեց ընդդիմադիր պատգամավորը:
Այս համատեքստում հիշեցնենք՝ օրերս հայտնի դարձավ, որ «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Քրիստինե Վարդանյանը, Աննա Գրիգորյանը, Գեղամ Մանուկյանը և Արթուր Խաչատրյանը համատեղ դատական հայց են ներկայացրել ընդդեմ Կառավարության և ԱԳՆ-ի՝ պահանջելով ոչ իրավաչափ համարել ՀՀ արտգործնախարարի 2024 թ. մարտի 14-ի գրությունը, որով իրենց արգելվել էր ծանոթանալ Ադրբեջանի հետ քննարկվող պայմանագրի փոխանակվող նախագծերին։
Դատարանը՝ դատավոր Ռոբերտ Մաքեյանի նախագահությամբ, հայցադիմումը վարույթ ընդունելու որոշում է կայացրել։ Նշանակվել է նաև նախնական դատական նիստի օր՝ 2025 թվականի հունվարի 14:
«Մենք հետևողական ենք լինելու այս կամայական որոշումը չեղարկելու ու հանրության համար հույժ կարևոր փաստաթղթին ծանոթանալու մեր իրավունքը վերականգնելու հարցում»,- նշվում է պատգամավորների համատեղ հայտարարության մեջ: