ՀՀ-ն չի վերադառնա ՀԱՊԿ․ ՀԱՊԿ-ին չի՞ մտահոգում կառույցը լքելու ՀՀ որոշումը

Օրերս՝ նոյեմբերի 28-ին, Աստանայում կայացած ՀԱՊԿ ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ու այլ պաշտոնատար անձինք անդրադարձան ՀԱՊԿ-ում ՀՀ անդամակցության սառեցմանը՝ դա համարելով ՀՀ ինքնիշխան որոշումը։ Զուգահեռաբար արձանագրվեց, որ ՀԱՊԿ-ը սպասում է ՀՀ մասնակցության վերականգնմանը։ Մինչ այդ էլ ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն էր հայտարարել, թե ՀԱՊԿ պարտավորությունները ՀՀ-ի հանդեպ պահպանվում են։ Նոյեմբերի 25-ին նա «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում արձանագրել էր՝ Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի անվտանգությունն ապահովելու իր պարտավորություններին` ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ՝ ՀԱՊԿ-ի միջոցով։

«Մենք նաև ակնկալում ենք մեր հայ գործընկերների ակտիվ ներգրավվածությունը Եվրասիական մայրցամաքում հավասար անվտանգության համակարգի մշակման ջանքերին։ Այս գաղափարն առաջ է քաշել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 14-ին կայացած հանդիպման ժամանակ։ Հարցը բարձրացվել է նաև վերջերս Կազանում՝ BRICS գագաթնաժողովին»,- ասել էր դեսպանը։

Նախօրեին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ևս նմանատիպ հայտարարություն արեց։ Գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտարարեց, թե Հայաստանի բացակայությունը ՀԱՊԿ աշխատանքներում չի ազդում դրանց արդյունավետության վրա։ «Այդուհանդերձ, առաջնորդվում ենք նրանով, որ Հայաստանը մեր դաշնակիցն է, և մեր բոլոր պարտավորությունները Հայաստանի նկատմամբ պահպանվում են», – ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։ Հայաստանը ցանկացած պահի կարող է վերադառնալ կազմակերպության աշխատանքներին՝ նաև հայտարարել է Տասմագամբետովը՝ շեշտելով՝ առարկություններ կամ ՀԱՊԿ անդամ երկրների կողմից խոչընդոտներ չկան։

Իսկ նոյեմբերի 28-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել էր, թե ՀԱՊԿ-ի նկատմամբ Երևանի ներկայիս վերաբերմունքը թելադրված է «ներքաղաքական խնդիրներով և Ղարաբաղի թեմայով»:

Կարդացեք նաև

Նա նաև ընդգծել էր, թե Հայաստանը դեռևս չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, այլ «դադար է վերցրել»: «Հայաստանը միաժամանակ չի առարկում, որ նախատեսված փաստաթղթերն ընդունվեն: Սա նշանակում է՝ հավանականություն կա, որ Հայաստանը կվերադառնա ամբողջական ձևաչափով աշխատանքի: Կարծում եմ, որ Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև ստեղծված իրավիճակը թելադրված է երկրի ներքաղաքական իրավիճակով և, իհարկե, Ղարաբաղում ճգնաժամի հետևանքներով»,- ասել էր Պուտինը։

Նա մեկ այլ ուշագրավ և աղմկահարույց հայտարարություն էր արել, ասելով, թե ՀԱՊԿ-ը պարտավոր չէր կռվել Լեռնային Ղարաբաղում Հայաստանի համար։ «Հայաստանի նկատմամբ որևէ արտաքին ագրեսիա չի եղել: ՀԱՊԿ-ը կոչված է պաշտպանելու անդամ երկրներին արտաքին ագրեսիայից: Ղարաբաղի հետ կապված իրադարձություններն իրենց յուրահատկությունն ունեն: Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղը որպես անկախ պետություն և չի ներառել Ղարաբաղը իր պետական տարածք: Ինչ տեղի է ունեցել Ղարաբաղում՝ իրավական առումով Հայաստանի հետ ուղիղ կապ չունի»,- ասել էր Պուտինը:

ԱԺ-ում երեկ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՀՀ ՀԱՊԿ անդամակցությանը՝ ասելով, որ իրադարձությունների տարբերությունը և դրա հրապարակային փոխադարձ արտահայտումն ավելի ու ավելի դժվար, եթե չասենք՝ անհնար է դարձնում Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ, և էդտեղ անդառնալիության կետն ըստ էության անցել են։ Փաշինյանն այսօր հակադարձեց. «Ամենայն հարգանքով Ռուսաստանի նախագահի նկատմամբ, բայց վերջինիս այս հայտարարությունն ակնհայտ է դարձնում ընդհանուր իրավիճակը, որ կա ՀԱՊԿ-ում»։

«Մեր դիրքորոշումը հստակ է, որ 2021-ին, 2022-ին Հայաստանի նկատմամբ եղել է ագրեսիա, տարածքային ոտնձգություններ, ընդ որում՝ դա եղել է այն բանից հետո, երբ մենք տեսել ենք, որ իրադարձությունները զարգանում են այդ ուղղությամբ, և այդ հարցն առաջինը քննարկել ենք մեր դաշնակիցների հետ, և մեր դաշնակիցներից ստացել ենք պատասխան, որ նման բան չի կարող տեղի ունենալ, որովհետև Հայաստանի սահմանները մեզ համար կարմիր գիծ է։ Սա բոլորը գիտեն, և որևէ մեկը չի կարող ոտնձգություն անել։ Երբ ոտնձգությունը տեղի է ունեցել, մենք ասել ենք, որ այդ կարմիր գիծը հատված է, որից հետո իրենք էլ ասել են, դե ոնց որ թե սահմանը դելիմիտացված չէ։ Մենք էլ ասել ենք, բա էդ դեպքում ո՞րն է այն կարմիր գիծը, որի մասին ասում էիք, ցույց տվեք էդ կարմիրը գիծը։ Ասել ենք, ցույց տվեք Հայաստանում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին, իրենք դա մեզ ցույց չեն տվել»,- հայտարարել է Փաշինյանը։

«168 Ժամի» հետ զրույցում ռուս վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը նշեց, որ ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների համար պարզ էր, որ Հայաստանն իրեն դուրս է դնում ՀԱՊԿ-ից և «ՀԱՊԿ անդամակցության սառեցումը» պարզապես դրա դիվանագիտական փաթեթավորումն է, որպեսզի Երևանի այդ որոշումը շատ ավելի մեծ ռեզոնանս չառաջացնի։ Սակայն, նրա խոսքով, ինչպես կարելի է նկատել բարձրաստիճան հայտարարություններից, Երևանի այդ որոշումն առանձնապես որևէ մեկին չի մտահոգում, քանի որ Ռուսաստանի համար նույնիսկ ՀԱՊԿ-ն է մղված երկրորդ պլան աշխարհաքաղաքական ներկայիս պրոցեսների հետևանքով։

«Ըստ էության, բոլոր նախկին կառուցակարգերն այլևս կարևոր չեն, օրինակ, Ռուսաստանի համար, քանի որ նորերը պետք է ձևավորվեն կամ առանցքային վերանայումներ տեղի կունենան գլոբալ պատերազմներից հետո։ ՀԱՊԿ-ում ՀՀ մասնակցությունն այս փուլում հավելյալ խնդիր էր լինելու ՌԴ-ի համար, ՌԴ-ն իր ռեսուրսներն ուղղում է պատերազմին Ուկրաինայում, իսկ Հարավային Կովկասն իր խնդիրներով պահանջում է թե դիվանագիտաքաղաքական, թե ռազմատեխնիկական աջակցություն։ Այս մասով գաղտնիք չէ, որ ՌԴ-ն իր ակտիվությունը թուլացրել է։ Հենց սա է պատճառը, որ շեշտվում է, որ ՀԱՊԿ-ում մասնակցության սառեցումը ՀՀ ներքին գործն է, ՀՀ որոշումն է, կարծում եմ՝ ապագայում ՀԱՊԿ մեխանիզմի վերանայման հարցը, այդ թվում՝ Ռուսաստանի համար է բարձրանալու։ Ուստի Հայաստանը սկսել է փնտրել անվտանգություն այլ տեղերում, զուգահեռաբար համարելով, որ անվտանգային մեծ խնդիրներ այլևս չունի»,- ասաց Սիմոնովը։

Իր հերթին՝ ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց՝ պարզ էր, որ Հայաստանը ցանկանում է լքել ՀԱՊԿ-ը։ Սակայն, նրա խոսքով, տարօրինակ է, երբ այդ մասին հստակ չի հայտարարվում, այլ հորինվում են ինչ-որ ձևակերպումներ, կամ այդ որոշման պատասխանատվությունը դրվում է այլ երկրների վրա։

«ՀՀ-ն կարող է հստակ հայտարարել, որ լքում է ՀԱՊԿ-ը։ Ինչո՞ւ սա չի արվում։ Կարծում եմ՝ այստեղ որոշակի աշխարհաքաղաքական հաշվարկներ կան, բացի այդ՝ չկան մեխանիզմներ՝ ՀՀ-ից պահանջելու մասնակցել ՀԱՊԿ աշխատանքներին, եթե նա պաշտոնապես չի լքել կառույցը, ուստի ստեղծվել է ներկայիս իրավիճակը։ ՀՀ իշխանությունները հասկանում են, որ ՀԱՊԿ-ը չի կարող ՀՀ-ին դուրս հանել կառույցից, իրենք ևս պաշտոնապես չեն կայացնում նման որոշում, հարցը թողնելով առկախված իրավիճակում։ Նման որոշումներն այս ձևով չեն կայացվում, այլ ընթացակարգեր են նախաձեռնվում։ ՀՀ ներկայիս իշխանություններն ի սկզբանե ունեցել են թերահավատ վերաբերմունք ՀԱՊԿ-ի նկատմամբ, որոշակի տրամադրվածություն և ընթացել են հենց այդ ուղղությամբ»,- ասաց Խրամչիխինը։
Նրա կարծիքով, մյուս խնդիրն էլ այն է, որ ՀԱՊԿ-ում միշտ եղել են տարաձայնություններ, ինչպես նաև երկրներ, որոնք Ադրբեջանի հետ սերտ համագործակցություն ունեն, ինչը մշտապես այս թեմայի շուրջ տարաձայնությունները պահել է ՀԱՊԿ օրակարգում։

Տեսանյութեր

Լրահոս