Ամենաողբերգական հայկական սերիալը՝ թաքնված տեսախցիկով
Անտիկ գրական ոճաբանության մեջ օքսիմորոն հասկացությամբ բնութագրվում էր երևույթը, երբ արմատապես իրար հակադիր իմաստ ունեցող բառերից ստեղծվում է մեկ լեզվական միավոր։
Հունարենից բառացի թարգմանությամբ «սրամիտ հիմարություն» նշանակող բացառիկ օքսիմորոններ կարելի է հանդիպել համաշխարհային ու հայկական գրականության էջերում, դրանք վերջին տարիներին տարածված են նաև տեղական արտադրության տափակ սերիալների վերնագրերում (Դժբախտ երջանկություն, Քաղցր թույն)։ Բայց եթե բարձր պոեզիայում կամ ցածրաճաշակ սերիալներում օքսիմորոնների կիրառումն էսթետիզմի կամ անտաղանդության նշան է և, ընդհանուր առմամբ՝ անշառ երևույթ, ապա միանգամայն այլ է պատկերը, երբ պետությունն է կառավարվում սրամիտ հիմարության կանխավարկածով։
Հայկական իրականության ամենացայտուն օքսիմորոնը «Նիկոլ Փաշինյան․ ՀՀ վարչապետ» արտահայտությունն է։
Տվյալ դեպքում խնդիրը նրա անհամապատասխանությունը չէ պետության ղեկավարի պաշտոնի հետ, աշխարհում քիչ չեն մարգինալ դեմքերի՝ իշխանության գալու օրինակները։ Օքսիմորոնի՝ հակադրության արտահայտությունն այս դեպքում արտահայտվում է Փաշինյանի իրականացրած քաղաքականությամբ, որը հարյուր տոկոսով հակադրվում է պետության, պետական կառավարման համակարգի գաղափարախոսական, արժեբանական հիմքերին։ Տևական ժամանակ «ապապետականության դեմ պայքարի» շրջանակներում Փաշինյանն իրականում պայքարում է պետության դեմ։
Նրա վերջին գրեթե բոլոր ելույթներում այս կամ այն չափով ոտնահարվում է պետությունը։ Մի ելույթում նա հերոս է հռչակում հարկատուին, մյուսում՝ փառաբանում է փողը, երրորդում՝ արժեզրկում է բանակի դերը։ Նա հետևողականորեն պայքարում է բոլոր այն արժեքների, գաղափարների, կառուցակարգերի դեմ, որոնց պաշտպանությունը պետական կառավարման համակարգի հիմնարար առաքելությունն է։ Այլ կերպ ասած՝ պետությունը ղեկավարում է մեկը, ով ցանկանում է վերացնել պետությունը՝ այդ հասկացության խորքային, ոչ մակերեսային իմաստով։
Կայացած, ոչ կոնյունկտուրային մղումներով գործող պետական կառավարման համակարգի առկայության դեպքում նա կհեռացվեր հենց համակարգի կողմից՝ համակարգային իմունիտետի ու ինքնապաշտպանության ռեֆլեքսի գործողությամբ։ Բայց Հայաստանի պետական կառավարման համակարգը նաև օբյեկտիվորեն չունենալով պետականության ավանդույթներ, ավելի շատ հանդես է գալիս՝ որպես անդեմ ու անսկզբունք բյուրոկրատիա։ Փաշինյանը բոլոր միջոցներով խրախուսում է պետական կառավարման համակարգի ապապետականացումը՝ չխորշելով անգամ հրապարակավ դրա դերը հավասարեցնել ուղղակի փողի կառավարիչներին։
«Պետականությանը» նվիրված իր վերջին ելույթում նա ուղղակի հայտարարեց, որ 14 անդամներից բաղկացած կառավարությունը ՀՀ քաղաքացի հանդիսացող ցանկացած 14 հոգուց «տարբերվում է միայն մեկ բանով՝ այդ 14 հոգին կառավարում է երկրում ամենամեծ ֆինանսական ռեսուրսները և ամենամեծ ֆինանսական միջոցը, որը ՀՀ պետական բյուջեն է»։
Այսինքն՝ ՀՀ կառավարության անդամները ոչ թե նոր գաղափարներով, ծրագրերով, նախաձեռնողականությամբ ու տեսլականներով պրոֆեսիոնալներ են, ինչպես կարող են մտածել շատերը, այլ ընդամենն «ամենամեծ ֆինանսական ռեսուրսների» կառավարիչներ։ Ճիշտ այնպես, ինչպես, օրինակ, վերազգային կորպորացիաների թոփ մենեջերները, որոնց աշխատանքի գլխավոր նպատակը փողի աճն է ցանկացած ճանապարհով, ինչի դիմաց նրանք ստանում են աստղաբաշխական հոնորարներ (բոնուսներ), եթե անգամ նրանց ղեկավարած կորպորացիաները սնանկանում են։
Պետության գործադիր իշխանությունը մեծ փողերի կառավարիչների հետ նույնացնելը սրամիտ հիմարության ևս մեկ դրսևորում է, որը հնարավոր է դարձել հայկական իրականության ավելի խորքային օքսիմորոնի՝ «կործանվող պետության հպարտ քաղաքացիների» շնորհիվ։ Հենց այդ չվերնագրված սերիալում է արդեն 6.5 տարի ապրում Հայաստանը, պարզապես նկարահանումն իրականացվում է թաքնված տեսախցիկով։
Հարություն Ավետիսյան