Նիկոլ Փաշինյանին այս անգամ չեմ ընտրելու․ Ժամանակին լավ էլ ապրում էինք, էս ի՞նչ եղավ․ ՀԱՐՑՈՒՄ
Նիկոլ Փաշինյանը շարունակում է չհայտարարված քարոզարշավը՝ կառավարության ու խորհրդարանի նիստերի դահլիճում, մարզային այցերով, ֆեյսբուքյան դիտումներն ու բաժանորդագրությունները հաշվելով։
Վերջին դրվագը երեկ էր․ նա ՀՀ հպարտ քաղաքացիներին, 3 միլիոն վարչապետներին համոզում էր․ «Ես համոզված եմ, որ հենց մենք ենք այն կառավարությունը, հենց մենք ենք այն խորհրդարանը, հենց մենք ենք այն ժամանակը, որը հնարավորություն է ունենալու ասելու՝ ահա մե՛նք երաշխավորեցինք Հայաստանի պետականության գոյությունն առաջիկա հարյուրամյակի ընթացքում»:
Ի դեպ, այս ընթացքում Փաշինյանը նաև իմիջային վերափոխում ունեցավ՝ վերադառնալով առանց մորուքի ընդդիմադիր Նիկոլի կերպարին՝ թերևս այս կերպ քաղաքացիներին ցույց տալով, թե ինքը նախկին Նիկոլն է՝ իրենցից մեկը։
Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը հերթական կամ արտահերթ ընտրություններում վերընտրվելու շանսեր ունեն՝ 168․am-ը փոքրիկ հարցախույզով հետաքրքրվել է անցորդներից։
«Ես չգիտեմ․ մեկ էլ տեսար՝ ձայն տվեցին նրան, ես որ երկու անգամ էլ ձայն չեմ տվել»,- նշեց քաղաքացիներից մեկը։
«Ինձ համար կտրականապես անընդունելի է»,- հակիրճ պատասխանեց մեկ ուրիշը։
Նիկոլ Փաշինյանին երկու անգամ ընտրած մեր համաքաղաքացիներից մեկն ասաց, որ այս անգամ նրան չի ընտրելու, բայց որոշումը վերջնական չէր․ էլի կամուկացի մեջ էր՝ անգամ հազար դժգոհություն ունենալով գործող իշխանություններից։
«Ուրիշները որ գան, կարող է մեր հերն անիծեն․ օլիգարխությունը կանեն իրենց,- պարզաբանեց նա, իսկ հստակեցմանը, թե՝ հիմա չկա՞ն օլիգարխներ, արձագանքեց,- Հիմա էդքան չեն երևում։ Ամեն օր քնում-արթնանում ես, ասում ես՝ Նիկոլը սրան բռնում է, բաց է թողնում, նրան բռնում է՝ բաց է թողնում, բա էլ ո՞ւմ է պետք․ ընտրվել է, որ ի՞նչ անի։
Ժամանակին լավ էլ ապրում էինք՝ էս ի՞նչ եղավ։ Եկել եմ հիվանդանոց, ինչքան փող մուծեցի․ պարտք անեմ, որ վիրահատություն անեմ։ Հետո՞ ոնց ենք ապրելու, ապրուստ էլ պետք է լինի, չէ՞, որ կարողանանք ապրել»։
Ի դեպ, քաղաքացիների մեծ մասը մտահոգություն հայտնեց ոչ թե ընտրության արդյունքների, այլ այդ արդյունքները հաշվարկելու առնչությամբ՝ նկատելով. «Եթե ազնիվ լինեն, չեն վերընտրվի, բայց Աստված գիտի՝ ինչ կարող են անել», «նման արտահայտություն կա՝ կարևոր չէ, թե ինչպես կընտրեն, կարևոր է, թե ինչպես կհաշվեն, դրա համար նրա վերընտրվելու շանսը կախված է հարցից, թե ինչպես են քվեարկված թերթիկները հաշվելու»։
Հարցվածներին հատկապես զարմացրել է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե համոզված է, որ հենց իրենք են այն կառավարությունը, խորհրդարանը, որը հնարավորություն է ունենալու ասելու՝ «ահա մե՛նք երաշխավորեցինք Հայաստանի պետականության գոյությունն առաջիկա հարյուրամյակի ընթացքում»:
«Նիկոլ Փաշինյանն իր ո՞ր խոստումն է կատարել․ կասե՞ք։ Իր ոչ մի խոստումը գրոշի արժեք չունի, և ոչ մեկը չի հավատում՝ անգամ իր թիմակիցները»,- հակադարձեց մեր զրուցակիցներից մեկը։
Իսկ մյուս քաղաքացին էլ հիշեցրեց. «Գիտե՞ք ինչ՝ ՀՀ միակ երաշխավորը ՀՀ բանակն է, եթե որևիցե այլ երաշխավոր կա, ապա կեղծ երաշխավոր է։ Պետք է հասկանանք՝ ինչի՞ միջոցով է այդ ամենը երաշխավորում, ինչ-որ թղթի կտորի՞։ Եթե «խաղաղության պայմանագրի» մասին է խոսքը, ապա Նևիլ Չեմբեռլենը ժամանակին Լոնդոնում թափահարում էր այդ թուղթը, որից 2 տարի անց սկսվեց 2-րդ համաշխարհային պատերազմը»։
Մանրամասները՝ տեսանյութում