Հայ ազգը չպետք է աթոռապաշտ լինի, պետք է խելք ունենա․ Սարգիս Կարամեկյան

19-րդ դարի վերջին Բրազիլիայում սկսել է կազմավորվել հայկական գաղթավայր, որտեղ ապաստան են գտել թուրքական բռնություններից փրկված հայերը: 1870-ական թվականներին, երբ Կ․ Պոլսի և Արևմտյան Հայաստանի գավառների բնակիչների առանձին խմբեր ժամանել են Արգենտինա, Ուրուգվայ և, տեղաշարժվելով դեպի հյուսիս, հաստատվել են Բրազիլիայի հարավային և կենտրոնական նահանգներում` զբաղվելով հիմնականում վաճառականությամբ և արհեստներով:

Հայերի ավելի ստվար խմբեր ժամանել են 1920-ական թթ. կեսերից և բնակություն հաստատել առավելապես Սան Պաուլո քաղաքում և համանուն նահանգի այլ բնակավայրերում: Այսօր Սան Պաուլո քաղաքում գործում է Հայ Առաքելական «Սուրբ Գրիգոր» եկեղեցին։ Եկեղեցուն կից գործում է «Ազգային Դուրյան վարժարանն» իր նախակրթարանով, մոտ 120 աշակերտներով, հրապարակվում է «Սիփան» պարբերական թերթը: 2015թ. դրությամբ բրազիլահայերի թիվը կազմում է շուրջ 100,000, ինչն արձանագրվել է նաև 2015թ. հունիսի 2-ին ԲԴՀ Ազգային կոնգրեսի Դաշնային Սենատի` Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևում։ Տեղի ռադիոալիքներից մեկում կա «Ռադիո Արմենիա Էթերնա» հայկական ռադիոժամ, ավելին՝ «Հայ երիտասարդ ֆիդայիներ» ֆուտբոլային ակումբ, որտեղ խաղում են ոչ թե հայ, այլ բրազիլացի ֆուտբոլիստներ: Հայոց լեզվի և մշակույթի պահպանման, հայ-բրազիլական առևտրատնտեսական կապերի, ֆուտբոլի ակումբի և այլ հարցերի շուրջ զրուցել ենք Բրազիլիայի Սան-Պաուլո քաղաքի «Ռադիո Արմենիա Էթերնա» հայկական ռադիոժամի, նույնանուն ինտերնետային հեռուստաընկերության և «Հայ երիտասարդ ֆիդայիներ» ֆուտբոլային ակումբի հիմնադիր Սարգիս Կարամեկյանի հետ:

Ծնվել եք Բրազիլիայում։ Ինչպե՞ս են ծնողները հաստատվել այնտեղ։

Ծնվել եմ Սան Պաուլոյում, հայրս 1960թ․ այնտեղ է գաղթել Հալեպից։ Մայրս բրազիլահայ է, իսկ նրա տատն ու պապը Հայոց ցեղասպանության ժամանակ գաղթել են Դամասկոս և Սան-Պաուլո են հասել 1930 թվականին։

Կարդացեք նաև

– Ինչպիսի՞ կրթություն եք ստացել։ Հայկական դպրո՞ց եք հաճախել։

Հայկական դպրոց չեմ հաճախել։ Համալսարան էլ չընդունվեցի, քանի որ երազում էի ֆուտբոլիստ դառնալու մասին։

– Հիշում եմ, տարիներ առաջ, երբ զրուցում էինք, ասացիք, որ հայկական մեկ դպրոց կա Սան Պաուլոյում։ Այս ընթացքում դպրոցների թիվն աճե՞լ է։ Կա՞ն մշակութային կենտրոններ։

– Եթե չեմ սխալվում՝ մշակութային կենտրոններ չկան։ Դպրոցը, փառք Աստծո, դեռ գոյություն ունի։

Ծնողները երեխաներին հայկական դպրո՞ց են տանում, թե՞ բրազիլական։

– Ավելի շատ բրազիլական, որովհետև Սան Պաուլոն մեծ քաղաք է, ու ծնողները նախընտրում են իրենց բնակավայրին մոտ դպրոցները, որովհետև շատ դժվար է կենտրոն հասնելը։ Մոտավորապես 1-1,5 ժամ գնում են, այդքան ժամանակում էլ հետ վերադառնում։ Սթրեսային է։

Ճի՞շտ եմ հասկանում, որ ունենք հայոց լեզուն կորցնելու խնդիր։

– Այո, բայց իմ դպրոցը ծնողներս են եղել։ Մինչ օրս հորս ու մորս հետ հայերեն եմ խոսում։ Բրազիլական դպրոցներում ուսում ստացա, բայց տանը, աշխատավայրում միշտ հայերեն եմ խոսել։ Հայրս լեզվաբան է, պրոֆեսոր, տիրապետում է անգլերեն, արաբերեն, ֆրանսերեն լեզուներին, ու ինքը իմ հայերեն խոսքը հղկեց։ Արմատը տունն է։ Արթնանում, քնում ու ուտում ես հայերենով, ապրում ես՝ որպես հայ, ու դա շատ է օգնում։

– Որքա՞ն հայ է ապրում Բրազիլիայում։

– Ասում են, որ շատ հայեր կան, բայց արգենտինահայերից շատ չեն։ Ունենք եկեղեցիներ, ակտիվ կազմակերպություններ։

Դուք Բրազիլիա-Հայաստան առևտրային պալատի հիմնադիրն եք։ Դեռևս 2014թ ՀՀ գյուղատնտեսության նախարարին հանդիպելիս նշել էիք, որ Բրազիլիայում հետաքրքված են ՀՀ-ում արտադրվող գյուղատնտեսական ապրանքների արտահանմամբ։ Սա կյանքի կոչվե՞ց։

– Այո, մի քանի տարի է՝ հայկական ապրանք վաճառում եմ Բրազիլիայում։

Սովորական տնտեսվարողը կամ գյուղացին կարո՞ղ է իր ապրանքն արտահանել Բրազիլիա։

– Դյուրին չէ։ Կապ ունի հեռավորությունը, չնայած Չինաստանը հեռու է, սակայն ուժեղ առևտուր է անում։ Բրազիլիան 220 միլիոն բնակչություն ունի։ Հայկական ապրանք բերելու դեպքում բյուրոկրատական քաշքշուկ կա։ Ես առաջին մարդը եղա, ով ապրանքը Հայաստանից տարավ Բրազիլիա։

– Հայկական ո՞ր ապրանքներն են գերադասում Բրազիլիայում։

– Բրազիլիան հայկական ամեն ինչի կարոտ է՝ ուտելիք, խմիչք, մշակույթ։ Խենթանում են հայկական գինու համար, ասում են՝ այս ի՞նչ բարձր որակի ապրանք է։ Նոյն առաջինը խաղող ցանեց, ուրեմն հայկական գինին առաջինն է աշխարհում։ Բրազիլացին չգիտեր այդ մասին։

– Օրերս «Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիայի» ՀԿ խորհրդի որոշմամբ դարձել եք նրանց ներկայացուցիչը՝ Բրազիլիայում, նպաստելու եք հայկական ֆիլմերի տարածմանը։ Ո՞ր ֆիլմերի մասին է խոսքը։

Հասարակական կազմակերպության նախագահը կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանն է, և շուտով հայկական բարձր որակով ֆիլմերը պետք է բերենք Սան Պաուլո և այլ քաղաքներ՝ տարածելու։

1985թ հիմնել եք «Հայ երիտասարդ ֆիդայիներ» ֆուտբոլային ակումբը։ Ֆիդային ու ֆուտբոլը ի՞նչ կապ ունեն իրար հետ։

– Հայրս ինձ է փոխանցել հայության հանդեպ սերը, որն ամեն ինչ է։ Նա հաճախ էր պատմում գաղթի, հալեպահայերի մասին։ Ես գիտեի հերոսների մասին պատմությունները։ Մեր նախնիներն այդ մութ օրերում կարողացան մեր ինքնությունը, մշակույթն ու լեզուն պահել։ Եվ միշտ լինելով սպորտի մեջ, ապրելով ֆուտբոլով, ասացի՝ ինչո՞ւ մի խումբ չստեղծեմ, չմեծարեմ նրանց, ովքեր կյանքերը նվիրեցին մեզ։ Դրա համար ստեղծեցի «Հայ երիտասարդ ֆիդայիներ» ֆուտբոլային ակումբը։

Ովքե՞ր են ընդգրկված թիմում և երբևեէ հայկական թիմերի հետ խաղ կազմակերպվե՞լ է։

– Ցավոք, պրոֆեսիոնալ հայ ֆուտբոլիստներ չունենք Բրազիլիայում։ Ինչ վերաբերում է թիմերի խաղին, ապա առիթ եղել է։ Սրանից 10 տարի առաջ խաղ կազմակերպելու առիթ ունեցանք։ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը մեզ ընդունեց, ամեն ինչ պատրաստ էր՝ Հայաստան գալու համար, սակայն փոփոխություններ եղան, ու դա չշարունակվեց։

Հետևո՞ւմ եք Հայաստանի ազգային հավաքականի խաղերինի՞նչ կարծիք ունեք։

– Փոփոխությունների կարիք կա, բայց ամենակարևորը ճիշտ ներդրում կատարելն է։ Մարզիկը, մարզիչը, բժիշկը, ամեն մեկն իր տեղն ու դերն ունի՝ լավ հավաքական պատրաստելու համար։

Հիմնական խնդիրը մարզիչի՞, թե՞ ֆուտբոլիստների մեջ է,  որովհետև անընդհատ մարզիչներին փոխում ենք։

– Մարզիչ փոխելիս խումբն անորոշ է լինում, չնայած երբեմն օգնում է, եթե ֆուտբոլիստների հետ լավ հարաբերություններ չունի։ Սակայն պետք է նախ ծրագիր կազմես։ Բրազիլացիները լավ խոսք ունեն՝ արժանի ֆուտբոլիստը թանկ կլինի։ Դրա համար պետք է 10-ի փոխարեն՝ 3 հոգու բերես, որոնց համար պահանջվող գումարը 10 հոգու համար նախատեսվածից ավելի կարժենա։

Բրազիլիան ֆուտբոլի երկիր է, այնտեղ բարձր որակի ֆուտբոլիստներ կան, բայց ՀՀ գալու համար մի շարք հարցեր պետք է հաշվի առնի։ Բրազիլիան շոգ երկիր է, Հայաստանը՝ ցուրտ։ Բրազիլիայում ձյուն չկա, ֆուտբոլիստը միշտ թեթև է հագնում և, եթե գա՝ հեշտ չի լինի իր համար․ վատ կզգա, կհիվանդանա ու կվնասի նաև խմբին։ Դրա համար լավ վարձատրությունը, սնունդը, հոգատարությունը կարևոր է։

Ձեր ակումբի ֆուտբոլիստները կրում են Հայաստանի և Արցախի դրոշի գույներով համազգեստ։ Բրազիլիայում չե՞ն «նեղում» դրա համար։

– Հատկապես Արցախի դրոշի գույների դեպքում չեն հասկանում, թե ի՞նչ է նշանակում։ Երբ բացատրում ես՝ հիացած են մնում, սկսում են համացանցում փնտրել հայերի պատմությունը։

Բրազիլիան, փառք Աստծո, բռնապետություն չէ։ Կառավարությունն ու ֆեդերացիան հարգում են։

– Բրազիլիան մինչև օրս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչո՞ւ։

– Ցավոք, Բրազիլիան օրենքով դեռ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Սրանից 5 տարի առաջ դիմեցինք պատգամավորներին, որպեսզի դիմում ներկայացնեն կառավարությանը, ցավոք, ժխտական պատասխան ստացանք։ Մի շարք պատճառներ կան, որոնցից է Թուրքիայի հետ առևտրային կապը։ Տարեկան 10 միլիարդ դոլար է առևտրաշրջանառությունը։ Եվ այսօր, երբ նման առևտրային կապ ունի Թուրքիան, դժվար Բրազիլիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, քանի որ այն կվնասի երկու երկրների առևտրին, զբոսաշրջությանը։

– Հենց այդ առևտրային կապերի պատճառով շատ երկրներ ձայն չհանեցին արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ և որևէ գնահատական չտվեցին ադբեջանական ագրեսիային։

– Այո, բայց մեր ազգի համար այդ 44 սև օրերի մեղավորն ո՞վ է՝ մեր ազգը։ Մենք պետք է ուս ուսի տայինք։ Մենք ի՞նչ ուժ ունենք, որ գնանք, դիմենք աշխարհին, մեծ ուժերին ու ասենք՝ սա մեր իրավունքն է, այսպես պետք է անես։ Պատերազմող երկրում օդն ինչպե՞ս կարելի է բաց թողնել։ Շատ հայորդիներ աշխարհի վերջին մոդելի ԱԹՍ-ների զոհ դարձան։ Հայ ազգը չպետք է աթոռապաշտ լինի, պետք է խելք ունենա։

Տեսանյութեր

Լրահոս