Ինչպե՞ս էին վրացիները փորձում օկուպացնել Լոռին 1918 թվականին. հայ-վրացական 21-օրյա պատերազմը

Հայ-վրացական տարածքային վեճերի ակունքները տանում են դեպի 19-րդ դար՝ Ռուսական կայսրության ժամանակաշրջան:

Կայսրությունը հեշտ կառավարելու համար վարչատարածքային բաժանումն իրականացվում էր՝ հաշվի չառնելով երկրամասի ազգաբնակչության պատկերը: Դրա վառ ապացույցն է Ջավախքի և Լոռու ներառումը Թիֆլիսի նահանգի մեջ: Արդյունքում տեղի էին ունենում խռովություններ, քննարկումներ, խորհրդակցություններ, սակայն բոլոր դեպքերում հայկական կողմի կարծիքը հաշվի չէր առնվում:

1918 թվականի մարտի 3-ին կնքվում է Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը, որով ազատագրված տարածքներն անցնում են Թուրքիային: Դա ծանր հետևանքներ է ունենում հատկապես Հայաստանի և Վրաստանի համար:

Կարդացեք նաև

Ծանր հետևանքներ է ունենում նաև 1918 թվականի Բաթումի պայմանագիրը: Երկու պետությունները դառնում են անկախ, սակայն ունենում են տարածքային մեծ կորուստներ:

Հայաստանի և Վրաստանի անկախացումից հետո նկատվում է, որ Վրաստանը տարածքային հավակնություններ է ունենում Հայաստանի նկատմամբ: 1918 թվականի հունիսին վրացի քաղաքական գործիչ Իրակլի Ծերեթելին Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդի հետ հանդիպմանն առաջարկում է համավրացական պետություն ստեղծել, որի կազմում պետք է ընդգրկվի նաև Հայաստանը: Հայ-վրացական հարաբերություններն ավելի են լարվում: Զուգահեռաբար տեղի են ունենում հայ-վրացական բանակցություններ, առաջարկներ, քննարկումներ, սակայն վրացական իշխանություններն ամեն կերպ ցանկանում են մանիպուլյացիայի ենթարկելով՝ տիրանալ հայկական տարածքներին:

Դեռևս 1918 թվականի մայիսյան հերոսամարտերի ժամանակ Լոռին գտնվում էր վրացի աշխարհազորայինների հսկողության ներքո: Վրացական իշխանությունները հրաժարվում են զորքերը դուրս բերել Լոռիից, քանի որ այդ ժամանակ ունեին Գերմանիայի օժանդակությունը: Վրացիները ցանկանում են շատ կարճ ժամանակում հայկական տարածքներին տիրանալ: Արդեն իսկ հոկտեմբերի 20-ին վրացական իշխանությունները վերջնագիր են տալիս հայերին, որ մեկ օրվա ընթացքում Լոռիից պետք է դուրս գան մնացած հայկական զորքերը: Հայաստանի կառավարությունը հրաժարվում է կատարել Վրաստանի ապօրինի պահանջը, որից հետո սկսվում է հայ-վրացական ռազմական բախումը:

Հոկտեմբերի 23-26-ն ընկած ժամանակահատվածում վրացական զորքերը շարժվում են Լոռի և սկսում են ռմբակոծել հայկական գյուղերը:

Տեղի են ունենում բանակցություններ, երկխոսություններ, հոկտեմբերյան բախումները դադարում են, սակայն բանակցությունները տապալվում են, և հայ-վրացական պատերազմը միայն հետաձգվում է:

Դեկտեմբերի 5-ին վրացիները գրավում են Ախալքալաքը: Ռազմական գործողություններում հաջողություններ գրանցելուց հետո վրացական զորքերը սկսում են վճռական ռազմական գործողությունների անցնել Լոռիում:

Դեկտեմբերի 11-ին Վանաձորում Դրաստամատ Կանայանը, Ավետիս Ահարոնյանը և Միքայել Պապաջանյանը հանդիպում են վրացական կողմին և վերջնագրով հանդես գալիս, որպեսզի վրացիները դադարեցնեն Լոռիի ռմբակոծումը:

Հակամարտության կարգավորման համար սկսում է հանդես գալ Մեծ Բրիտանիան, հայ-վրացական զինադադարի տեսքով, բանակցություններ էր վարում նաև բրիտանացի գեներալ Վիլյամ Թոմսոնը, սակայն բանակցությունները տապալում է վրացական կողմը, և բուն հայ-վրացական պատերազմը դառնում է անխուսափելի:

Հայկական զորքերի հրամանատարությունը ստանձնում է Դրոն, և վերսկսում են մարտերը:

Հայ-վրացական պատերազմը տևում է մինչև դեկտեմբերի 31-ը և ավարտվում է նույն օրը:

Հայ-վրացական պատերազմի մասին մանրամասներ է գրում ժամանակի մամուլը:

Մասնավորապես, «Ճակատամարտ» թերթը գրում է.

«Ի՞նչ եղավ արդյունքն այդ պատերազմին, որ տևեց 21 օր՝ դեկտեմբերի 10-31-ը: Թիվերը շատ պերճախոս են և պատմագիրը իր հետևությունները կրնա հանել, առանց ուշադրության առնելու վրացական բացականչությունները: Հայկական զորքերը դեկտ. 11-ից մինչև դեկտ. 23-ը գրավեցին 65 վերստ երկարությամբ, 50 վերստ լայնությամբ, ամբողջ Լոռին, և հայկական կառավարության հրահանգով չանցան Շուլավերեն առաջ: Դեկտ. 25-ին հայկական հրամանատարության հաղորդեցավ, որ Դաշնակիցներու ստիպումով զինադադար կնքված է: Դեռ հայկական կառավարության կողմե այդ պայմանները չընդունած, վրացական ուժերը, օգտվելով հաշտության տատամսումեն, ետ առին Շուլավեր և առաջացան մինչև Սադախլու: Ետ առնված տեղը ամբողջ 12 վերստ տարածություն ունի: Դեկտ. 31-ին հայկական զորքերը սվիններով նորեն գրավեցին Սադախլուն և առաջացան չորս վերստի վրա, այնպես վրացիները 8 վերստ միայն կրցան ետ առնել գրաված վայրերեն, իսկ դեկտ. 31-ին կես գիշերեն հետո երկու կողմերու մեջ կնքվեցավ վերջնական զինադադար:

Երկու կողմերու կորուստները: Հայաստան-գերի 170, թնդանոթ 2, գնդացիր 3, սպանված և կորած 550, զրահապատ կառախումբ 0, շոգեշարժեր 0, երկաթուղի վագոններ 0: Վրաստան-գերի 1200, թնդանոթ 18, գնդացիր 24, սպանված և կորած 1159, զրահապատ կառախումբ 3, շոգեշարժներ 19, երկաթուղի վագոն 320: Գրաված վագոններեն շատերը հագուստներով, պաշարներով և ռազմամթերքով լեցուն էին և մեծապես օգնեցին հայ զորքին: Հայաստանի կողմե կմասնակցեին ընդամենը 3500-4000 զորք, ամբողջ ճակատին վրա, իսկ վրացական զորքերու թիվը 10000-ը կանցներ»: («Ճակատամարտ», 1919 թվական, N 80):

Հայ-վրացական պատերազմում Հայաստանի հաջողությունները ստիպում են, որպեսզի Վրաստանի իշխանությունները դիմեն Եվրոպայի գերտերություններին, որպեսզի վիճակն էլ ավելի չբարդանա: Արդյունքում եվրոպական երկրների միջամտությամբ ու նախաձեռնությամբ դեկտեմբերի 31-ին պատերազմը դադարում է, իսկ Թիֆլիսում հունվարի 9-ին սկսվում են բանակցությունները:

Հունվարի 17-ին կնքվում է հայ-վրացական առաջին արձանագրությունը: Արձանագրության համաձայն՝ Լոռին չեզոք գոտի է դառնում, որն անցնցում ճանապարհով հետագայում միացվում է Հայաստանին, իսկ վրացական բանակը դուրս է բերվում Հայաստանի տարածքից:

Այդ կապակցությամբ հայ ռազմական ականավոր գործիչ Հովհաննես Հախվերդյանը նշել է. «Պատերազմի արդյունքը նախ այն էր, որ հայերը փաստորեն իրենց ձեռքին պահեցին գրավված տարածքները, և երկրորդը, կոտրվեց վրացիների ամբարտավանությունը, ովքեր սկսեցին ավելի զգույշ վերաբերվել հայերին»:

Զ. Շուշեցի

Տեսանյութեր

Լրահոս