Պորտուգալական մսային ասորտի՝ պիրի-պիրի սոուսով
Բաղադրիչները՝
- 500 գ խոզի միս՝ որովայնի հատվածից
- 1 կգ հորթի փափուկ կրծքամիս կամ 1,5 կգ հորթի կրծքամիս՝ ոսկորներով
- 1 հավ՝ 1,5 կգ
- 6 խոզի երշիկ (2-ը սովորական, 2-ը պիկանտ, 2-ը սխտորով)
- 1 փոքր գլուխ կաղամբ
- 3 միջին չափի շաղգամ
- 5 միջին չափի գազար
- 8 միջին չափի կարտոֆիլ
- 500 գ կլոր բրինձ
- աղ, աղացած սև պղպեղ
Պիրի-պիրի սոուսի համար
- 10 չոր կծու կարմիր չիլի պղպեղ
- 100 մլ ձիթապտղի ձեթ
- 75 մլ խնձորի քացախ
- 1 ճ/գ աղ
Պատրաստման եղանակը
Շատ մեծ կաթսայի մեջ տեղադրեք հավը, հորթի միսն ու խոզի միսը: Սառը ջուր լցրեք այնպես, որ կաթսայի պարունակությունը ծածկվի և 4 սմ էլ ավել լինի: Միջին կրակի վրա եռացրեք, փրփուրը հեռացրեք:
Կաթսայի մեջ աղ ավելացրեք, կրակը իջեցրեք ու թողեք միսը 1,5 ժամ եփվի, բայց այնպես, որ ջուրը թույլ եռա:
Քանի դեռ միսն եփվում է, պատրաստեք սոուսը: Չիլի պղպեղը լավ մանրացրեք, խառնեք ձեթի, քացախի ու աղի հետ, թողեք 2 ժամ մնա:
1,5 ժամից հետո մսի արգանակից 1,5 լիտր առանձնացրեք, լցրեք մեկ այլ, մաքուր կաթսայի մեջ, իսկ մսով մեծ կաթսան թողեք կրակի վրա ևս 1 ժամ:
Մաքրեք շաղգամը, կարտոֆիլն ու գազարը, խոշոր կտրատեք: Կաղամբը բարակ շերտերով կտրատեք: Բոլոր բանջարեղենները լցրեք առանձնացված 1,5 լիտր արգանակով կաթսայի մեջ, թույլ կրակի վրա 20 րոպե եփեք: Ապա նույն կաթսայի մեջ տեղադրեք խոզի երշիկները, ևս 15-20 րոպե եփեք: Հետո հանեք կրակի վրայից:
Այդ նույն ժամանակ մսով կաթսայից ևս 1 լիտր արգանակ առանձնացրեք, լցրեք ուրիշ կաթսայի մեջ, ավելացրեք բրինձը, աղ ու պղպեղ արեք ու եփեք, մինչև այն պատրաստ լինի:
Պատրաստի միսը (2,5 ժամ եփելուց հետո) համաչափ կտրատեք, հավը 8 մասի բաժանեք: Կտրտած միսը տեղադրեք խորը ափսեի մեջ, շուրջը շարեք բանջարեղենն ու վրան քիչ քանակի տաք արգանակ լցրեք:
Մեկ այլ խորը, մեծ ափսեի մեջ լցրեք բրինձը, նրա վրա հաստ կլոր կտրտած խոզի երշիկը:
Ուտեստը մատուցեք պիրի-պիրի սոուսի հետ միասին: