Առաջին անգամ պատերազմից մի քանի օր հետո եմ իմացել, որ ունենք սաղավարտի և զրահաբաճկոնի խնդիր. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում ներկայացրեց Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքը և արդյունքները:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք անհրաժեշտ մակարդակով են ուսումնասիրվել բացթողումները, որոշ տեղերում նաև սխալները՝ պատերազմի ժամանակ, և արդյո՞ք անհրաժեշտ մակարդակով ենք պատրաստվում հավանական լայնածավալ անցանկալի իրողություններին, որն ինքը չի բացառում:

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Իհարկե, ամբողջությամբ չենք ուսումնասիրել: Ես չգիտեմ՝ սխալ է, թե ճիշտ, բայց մի դիլեմայի մասին էլ ասեմ. երբ 2018թ. ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը տեղի ունեցավ, մեր քաղաքական թիմից բանակում մի հոգու չենք նշանակել։ Նախարարը եղել է նախկին կառավարության անդամ: Որովհետև մտածել ենք, որ բանակն, այնուամենայնիվ, մի ուրիշ ընտանիք է, և պետք չէ շատ մտնել ու այդ ընտանիքի ներքին հարցերը խառնել` վերահաս հասկանալով, որ ամեն պահի վտանգ կա, ու կարող է էսկալացիա լինել: Այս գիտակցումով մենք դա չենք արել, բայց երևի դա էլ ենք սխալ արել:

Ես առաջին անգամ պատերազմի մեկնարկից մի քանի օր հետո եմ իմացել, որ մեր բանակում կա սաղավարտի ու զրահաբաճկոնի խնդիր։ Բա մենք 100 միլիոնավոր դոլար էինք տալիս, զենք էինք առնում, ի՞նչ է՝ դժվա՞ր էր սաղավարտ ու զրահաբաճկոն ձեռք բերել: Այո, պետք է մինչև վերջ գնանք և պարզենք՝ ինչն ինչոց է: Այս ամենի արդյունքում է, որ ես որոշում եմ կայացրել, որ պաշտպանության նախարարը պետք է լինի քաղաքական թիմի ներկայացուցիչ, և հիմա հետահայաց ցավում եմ, որ այդ որոշումը շուտ չեմ կայացրել։ Բայց մյուս կողմից էլ, անկեղծ ասեմ, շատ վստահ էլ չեմ, որ դա հենց ի սկզբանե էր պետք անել»:

Ինչ վերաբերում է բանակի ներկա վիճակին, Փաշինյանը նշեց, որ այն այսօր ամենադժվարին` տրանսֆորմացիայի փուլում է, քանի որ բարեփոխումները շատ դժվար ճանապարհ են բանակի համար։

Տեսանյութեր

Լրահոս