Մարդիկ այլևս գոտիները ձգելու տեղ չունեն, որոշումը պետք է փոխվի. Հունվարի 1-ից` մեծ բեռ քաղաքացիների ուսերին
2025 թվականից հունվարի 1-ից Երևանում հանրային տրանսպորտը կգործի սահմանված նոր սակագներով, որի վերաբերյալ արդեն կա Երևանի քաղաքապետարանի որոշումը։
Հանրային տրանսպորտի վերաբերյալ սահմանված բարձր սակագների մասին բարձրաձայնել են շատերը, որ քաղաքային իշխանությունը ծանր բեռ է դնում քաղաքացիների ուսերին, սակայն որևէ փոփոխություն այդ որոշման մեջ մինչև այս պահը տեղի չի ունեցել։
Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանի խոսքով՝ ավագանու նիստերի ընթացքում բազմիցս հրապարակային հիմնավորել են, թե ինչու չպետք է հանրային տրանսպորտը թանկացնել, քննադատել են քաղաքային իշխանությունների այս քայլը, սակայն, ինչպես իր, այնպես էլ՝ ցանկացած քաղաքական գործչի ելույթն ազդեցություն է ունենում այն ժամանակ, երբ ստանում է հանրային արձագանք։
«Ավագանու վերջին նիստն ապացուցեց, որ հանրության կողմից կա լայն դժգոհություն թանկացումների, նաև «ֆիկտիվ» զեղչերի դեմ։ Կարծում եմ՝ այստեղ քաղաքապետարանը չի կարող երկու կարծիք ունենալ, եթե դրան էլ գումարենք մեր և «Մայր Հայաստան» դաշինքի հավաքած ստորագրությունները, մեզ մոտ ստորագրությունները 50 հազարը հատել է արդեն։ Եթե ժողովրդավարական երկիր է, ապա այստեղ մեծ արժեք պետք է ունենա հանրային կարծիքը, ինչը մենք բերում ենք քաղաքապետարան։ Մեզ անտեսելով՝ կանտեսեն մարդկանց կարծիքը, որոնք իրենց ստորագրությունը տալով՝ արտահայտել են սեփական կարծիքը»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Իզաբելլա Աբգարյանը։
Ավագանու անդամն իր զարմանքն արտահայտեց առ այն, որ չի տեսնում այսօր մտավորականության այն հատվածին, ովքեր նախկինում պայքարում էին 150 դրամների դեմ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներին, որոնք նախկինում ակտիվ էին, բայց այսօր բառ չեն ասում, չեն պայքարում իրենց իսկ ժողովրդի համար։ Ժողովուրդը, գտնվելով ծանր սոցիալական վիճակում, գնում է իրենց համերգի տոմսերը, գրքերը։
«Սա իսկապես մտահոգիչ է։ Մինչև այժմ հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացումը վատ էր լուսաբանվում, և քաղաքացիներից շատերը նոր են իմացել, որ հանրային տրանսպորտի ուղեվարձը թանկանալու է։ Մարդիկ չէին հասկանում սահմանված փաթեթների իմաստը։ ՔՊ-ին հաջողվում էր խուճուճ ձևով մարդկանց մոլորության մեջ գցել։ Կարծում եմ՝ քաղաքապետարանը պետք է կամք դրսևորի՝ լսելու քաղաքացիների կարծիքը, որը նախագծի տեսքով մենք բերելու ենք դահլիճ։
Կրկնում եմ՝ միայն ավագանու ընդդիմադիր խմբակցությունները չեն, որ այս հարցով պետք է զբաղվեն, սա սոցիալական ու երկիրը չդատարկելու հարց է՝ մարդիկ այլևս գոտիները ձգելու տեղ չունեն։ Հույս ունենք, որոշումը կփոխվի, եթե հույս չունենայինք, ապա այդ նախագիծը չէինք բերի, որն արդեն մուտքագրել ենք»,- եզրափակեց Իզաբելլա Աբգարյանը։
Երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը մտահոգված է երկրում ստեղծված իրավիճակով, առաջին հերթին մտահոգված է անվտանգային խնդիրներով։
«Մեր ժողովրդի սոցիալական վիճակը, ընդհանուր ապրելու հնարավորություններն ինձ մտահոգում են։ Բայց այս ֆոնին մենք ունենք ավելի մեծ խնդիր՝ անվտանգության խնդիր։
Ինչ վերաբերում է մտավորականությանը, ապա շատ մարդիկ կան, որոնք երկրում ստեղծված իրավիճակի, անվտանգության մասին որևէ հարց չեն բարձրացնում, հետևաբար՝ նրանք չեն խոսի նաև հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացումից»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արսեն Գրիգորյանը։