«Հրավիրվում եք հայրենիքի համար կենաց-մահու կռիվ տալու». Նիկոլ Փաշինյանի մարտակոչը՝ վերջին մեկ տարում զորացրված զինվորներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում կոչով դիմեց վերջին 1 տարում զորացրված տղաներին. «Վերջին մեկ տարվա ընթացքում բանակից զորացրված մեր տղաները ներկայանան կենտրոնական հավաքակայան, որը գնտվում է Չարբախում: Նրանք օրենքով զորահավաքային մոբիլիզացիոն ռեսուրսի մեջ չեն մտնում, բայց ես խնդրում եմ, որ կամավոր ներկայանան: Ուզում եմ հրավիրել այդ մարդկանց, անկեղծ ասել, որ նրանք հրավիրվում են հայրենիքի համար կենաց-մահու կռիվ տալու: Նրանք ովքեր դեռ պահպանել են իրենց զինվորական հագուստները, թող ներկայանան իրենց զինվորական հագուստներով և փաստաթղթերով: Քանի որ այս հատվածի համար մոբիլիզացիա նախատեսված չի եղել, ես հիմա նրանց խնդրում եմ դա կամավոր անել: Եթե այլ մարդիկ ունեն սաղավարտ, զրահաբաճկոն, խնդրում եմ դա որևէ ձևով ուղարկել և կենտրոնացնել զինվորական կենտրոնականա հավաքակայան: Ես հանձնարարականներ տվել եմ, որ անվտանգության բոլոր կանոնները պահպանվեն: Այսպիսի 10 հազար տղա կա այսօր հանրապետությունում և եթե նրանց կեսը ներկայանա, դա կլինի մեր բանակի ամենամարտունակ հատվածներից մեկը»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ սա ոչ թե ուղղակի Ղարաբաղի հարց է, այլ Հայոց ցեղասպանությունը շարունակելու քաղաքականություն է. «Այսօր մենք պետք է մեր ժողովրդին պաշտպանենք Ցեղասպանությունից: Եթե ոտքի չկանգնենք, մենք բոլորս ենթարկվելու ենք Ցեղասպանության: Ես իրավիճակը վերլուծելով եկել եմ եզրակացության, որ այսօր մեր ամենամարտունակ հատվածը վերջին մեկ տարում զորացրված մեր տղաներն են»:

Վարչապետը ևս մեկ անգամ ընդգծեց՝ խոսքը ոչ թե ուղղակի ծառայության մասին է, այլ կենաց մահու կռվի մասին. «Ես հավատում եմ, որ մենք կկարողանանք այդ կենաց-մահու կռիվը տալ և հաղթանակ ապահովել»:

Վարչապետը նաև նշեց, որ վիճակը ծանր է և չի ուզում դա թաքցնել:

Տեսանյութեր

Լրահոս